«Եվրոպան շահագրգռված չէ, որպեսզի Բուդապեշտի (Թրամփ-Պուտին) գագաթնաժողովն իրականում խաղաղություն բերի: Այսօրվա (հոկտեմբերի 20-ի) ելույթներից ես պետք է եզրակացնեմ, որ եվրոպացի քաղաքական գործիչների զգալի մասն ամեն հնարավորն անելու է, որ այդ հանդիպումն առհասարակ չկայանա»,- Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդաժողովից հետո մամուլին ասել է Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Պետեր Սիարտոն:
Հունգարացի դիվանագետը մանրամասնություններ չի հայտնել: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինի Մոսկվա-Բուդապեշտ թռիչքի լոգիստիկան դեռևս ճշտված չէ:
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Պուտինի ինքնաթիռը պետք է «Ռուսաստանից մտնի Ադրբեջանի օդային տարածք, այնուհետև՝ Իրան, ապա՝ Թուրքիա, իսկ այնտեղից՝ Հունգարիա»: Պարզ չէ, թե ԵՄ անդամ ո՞ր երկիր է ապահովելու Թուրքիա-Հունգարիա օդային միջանցքը, թեև Եվրահանձնաժողովից ակնարկել են, որ «հատուկ կարևերության դեպքում խնդիրներ չեն հարուցվի»:
Եվրամիության «որոշ քաղաքական գործիչներից» Հունգարիայի արտաքին գործերի նախարարի դժգոհությունն, ըստ այդմ, չպետք է պայմանավորել լոգիստիկ խնդիրներով:
Նախապատրաստվում է ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի այցը Մոսկվա, որի ընթացքում պետք է քննարկվել Թրամփ-Պուտին գագաթնաժողովի օրակարգը և ձևաչափը: Եվրահանձնաժողովը ձգտում է այդ բանակցությունների մասնակից դառնալ, ինչին, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը դեմ է:
Այս ֆոնին Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խիստ արտառոց հայտարարություն է արել: Երբ լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել ԱՄՆ նախագահի առաջարկությունը, որ հրադադար պետք է հաստատվի զորքերի շփման ներկայիս գծով, իսկ մնացած հարցերի շուրջ կողմերը կարող են «ինչ-որ համաձայնության գալ ապագայում»,- նա ասել է, որ այդ հարցում Կրեմլի դիրքորոշումը վաղուց հայտնի է և փոփոխության չի ենթարկվել:
Եթե ասվածը դիվանագիտական «ապահովագրություն չէ», ապա Բուդապեշտի գագաթնաժողովն իրոք իմաստազրկվում է, որովհետև Միացյալ Նահանգների նախագահը ձգտում է ոչ թե ուկրաինական կարգավորման, այլ՝ ռազմական գործողությունների դադարեցման, հակամարտության սառեցման:
Թրամփի բնորոշմամբ՝ մյուս հարցերը պետք է լուծում ստանան ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում: Եթե Պուտինը «մերժում է» այսպես ասած՝ փուլ առ փուլ կարգավորումը, ապա Բուդապեշտում հանդիպման ի՞նչ անհրաժեշտություն կա: Թրամփը չի կարող Ուկրաինայի անունից Ռուսաստանի հետ կապիտուլյացիա ակտ ստորագրել:






Բաց մի թողեք
Թերարժեքության բարդույթ
ԵՄ-ն պատժեց ՌԴ-ին, արդյունքում Հունգարիայի վարչապետն է իրար խառնվել
Միացյալ Նահանգները կարող է Ռուսաստանի հետ հարաբերություններն իջեցնել «զրոյական մակարդակի»