«AntiCor-ի հրապարակած փաստաթուղթը հաստատում է այն, ինչի մասին ընդդիմությունն արդեն երկար ժամանակ էր խոսում․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, որը կոչված է պաշտպանել օրենքի գերակայությունը, գործել է քաղաքական հրահանգով։
Փաստաթղթից պարզ է դառնում, որ դեռևս 2025 թվականի մայիսից կոմիտեն իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների լայն շրջանակ՝ Գյումրիի քաղաքապետարանի և նրա աշխատակիցների նկատմամբ։
Գործողությունները ներառել են գաղտնի դիտումներ, լսումներ և քողարկված գործողություններ, որոնք տարածվել են նաև բազմաթիվ քաղաքացիների վրա։
Բոլոր միջնորդությունները՝ ներքին և արտաքին դիտումների, հեռախոսային հսկողության և այլ միջոցառումների վերաբերյալ, առանց բացառության, բավարարվել են Երևանի քրեական դատարանի դատավորներից մեկի կողմից։
Հոկտեմբերին Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «պետք է դուրս շպրտել Վարդան Ղուկասյանին»։
Այդ հայտարարությունը, վերը նշված փաստերի համատեքստում, այլևս չի կարելի ընկալել որպես քաղաքական գնահատական․ դա դարձել է ուղղակի հրահանգ իրավապահ մարմիններին, որը հակակոռուպցիոն պայքարը վերածել է քաղաքական հաշվեհարդարի մեխանիզմի։
Երբ վարչապետը տեղյակ է ընթացող օպերատիվ գործընթացներից և հրապարակավ մատնանշում է թիրախին,
արդարադատությունը կորցնում է իր անկախությունն ու վերածվում է իշխանական պատվերի գործիքի։
Սա դասական օրինակ է, թե ինչպես կարող է «հակակոռուպցիոն պայքարը» վերածվել քաղաքական կոռուպցիայի։
Միջազգային իրավական պրակտիկայում նման երևույթները դիտարկվում են որպես վտանգավոր նախադեպեր, երբ իրավապահ համակարգը կորցնում է իր անաչառությունը և սկսում է ծառայել քաղաքական նպատակներին։
Այդպիսի իրավիճակում անգամ հնարավոր կոռուպցիոն դրվագները կորցնում են իրենց իրավական արժեքը, քանի որ գործընթացը խաթարվում է քաղաքական միջամտությամբ։
Երբ իշխանությունը սկսում է ընտրել՝ ում նկատմամբ կիրառել օրենքը, այդ օրենքը դառնում է ոչ թե արդարադատության, այլ իշխանության պահպանման միջոց։
Գյումրիի դեպքը բացահայտում է իշխանության խորքային մոտեցումը․
ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար, այլ՝ ընտրովի արդարադատություն ընդդիմադիրների նկատմամբ։
Այդպիսի մոտեցումը խաթարում է պետական ինստիտուտների հավասարակշռությունը,
վերացնում է տեղական ինքնակառավարման անկախությունը և ստեղծում է վախի մթնոլորտ։
Երբ իրավական համակարգը ենթարկվում է իշխանության կամքին, պետությունը կորցնում է վստահելիությունը, իսկ քաղաքացին՝ արդարության հանդեպ հավատը։
Երբ օրենքը դառնում է իշխանության կամքի գործիք, իսկ արդարադատությունը՝ քաղաքական հաշվեհարդարի միջոց,
ապա պետությունը կորցնում է իր հիմքը՝ արդարության և իրավականության սկզբունքը»։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց






Բաց մի թողեք
Փաշինյանն այլևս չունի զանգվածային միջոցառումների օրգանական ռեսուրս. Լևոն Զուրաբյան
Հովհաննավանքն այսօր դարձավ աղանդավորականների համար իսկական «հոգևոր Տիտանիկ»
Ընտրությունները կեղծելուց ավելի մեծ հանցագործություն է ընտրության արդյունքների հետ հաշվի չնստելը