27/10/2025

Իրականությունը, երևում է, «մի փոքր» այլ է. Պուտինը ստում է

Օրեր առաջ Regnum-ն անդրադարձել է Ռուսաստանի մուսուլմանների Հոգևոր վարչության ընդունած «ֆեթվային», որով սպասարկման ոլորտի իսլամադավան առաքիչներին կոչ է արվում պատվիրատուներին չհասցնել խմիչք, ծխախոտ և խոզի միս:

Ռուսաստանյան լրատվամիջոցը տագնապ է հայտնել, որ մուսուլմանների Հոգևոր վարչությունը «վաղն էլ կարող է իսլամադավան պետական ծառայողներին հրահանգել, որ չկատարեն անհավատ վերադասի հանձնարարությունները»:

Ըստ երևույթին, ՌԴ հատուկ ծառայությունների հետ աֆիլացվածի համարում ունեցող Regnum-ին հայտնի են դարձել որոշակի տեղեկություններ: Այդ մասին կարելի է պատկերացում կազմել «Կոմերսանտի» հրապարակումից:

Պարբերականի Կազանի թղթակիցը տեղեկություն է հայտնել, որ Թաթարստանի մայրաքաղաքում «զինվորական պարետության կարգախումբը ենթարկվել է հարձակման»:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 24-ին Կազան քաղաքի Գվարդիականների փողոցում Kia Rio սու գույնի մեքենան մոտեցել է լուսանշորդի տակ կանգնած զինվորական պարետության տրանսպորտային միջոցին, որտեղից առևանգվել է ծառայությունից խուսափած անձը:

 

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, առևանգումն իրականացրել են դիմակավորված երկու անձինք և հեռացել անհայտ ուղղությամբ:

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր սա, երևի, առաջին դեպքն է, երբ մամուլում նման տեղեկատվություն է հայտնվում: «Կոմերսանտի» կազանյան թղթակիցը հայտնում է, որ նույն օրը ռազմական պարետությունը «բերման է ենթարկել զինվորական ծառայությունից խուսափող ութ անձի»:

Այս տեղեկատվությունը մի քանի առումով է ուշագրավ: Նախ, պարզվում է, որ Ռուսաստանում ստեղծվել և գործում են ռազմական պարետություններ, ինչը նշանակում է, որ երկրում ոչ պաշտոնապես, բայց փաստացի ռազմական դրություն է:

Երկրորդ, բացահայտվում է, որ ՌԴ քաղաքացիները խուսափում են զինվորական ծառայությունից և հաշվառման չեն ներկայանում: Երրորդ, հնարավոր է, որ Թաթարստանում և իսլամադավան այլ սուբյեկտներում զինվորական ծառայությունից խուսափում են կրոնական համոզմունքների հանգամանքով:

«Վալդայ» ակումբում ՌԴ նախագահ Պուտինը խոսել է ուկրաինական պատերազմին տասնյակ հազարավոր երիտասարդների կամավորագրման մասին: Իրականությունը, երևում է, «մի փոքր» այլ է: