31/10/2025

Ի տարբերություն բռնապետ Իվանիշվիլիի, ես սիրում եմ մարդկանց․ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բացատրել է, թե ինչով է ինքը տարբերվում միլիարդատեր և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիից։

«Ինձ անընդհատ քննադատում են 2011-2012 թվականներին ավելի վճռական չգործելու համար, երբ ես հասկացա Իվանիշվիլիի ներկայացրած սպառնալիքը։ Իրականում, ես ամեն ինչ արեցի ընտրարշավի ժամանակ, որպեսզի մարդկանց բացատրեմ, թե ինչ է սպասվում նրանց, եթե Իվանիշվիլին ընտրվի», – գրել է նա սոցիալական ցանցերում։

Սաակաշվիլիի խոսքով՝ ինքն ու Իվանիշվիլին արմատապես տարբերվում են։ Նախկին նախագահը, ով այժմ բանտարկված է իր հայրենիքում, շեշտել է, որ տարբեր մեթոդների կիրառումը նրան կնմանեցնի Իվանիշվիլիին և կնշանակի բռնապետություն հաստատել։

«Նա զրոյական կարեկցանք ունի մարդկանց նկատմամբ, իսկ ես սիրում եմ մարդկանց։ Հետևաբար, ես չէի կարող վարվել այնպես, ինչպես այս վտանգավոր, չարամիտ մարդն է անում», – նշել է Սաակաշվիլին։