ԱՄՆ և Չինաստանի նախագահների հանդիպումը: Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության համաձայն այն տևել է մեկ ժամ քառասուն րոպե: Դոնալդ Թրամփը Սի Ծինփինի հետ բանակցությունները «տասներկու հնարավորից տասը միավոր» է գնահատել:
Կողմերը, այդուհանդերձ, առևտրային գործարքի ստորագրման չեն հասել: Ըստ ԱՄՆ նախագահի՝ չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կրկնակի չափով կկրճատվեն: Ըստ երևույթին՝ չինական ընկերությունների համար կբացվի ամերիկյան միկրոսխեմաների շուկան:
Ըստ Դոնալդ Թրամփի՝ Սի Ծինփինի հետ երկար քննարկվել է Ուկրաինայի հարցը, և իրենք պայմանավորվել են միասին աշխատել, որպեսզի հասնեն հակամարտության կարգավորմանը:
Ի՞նչ սկզբունքով է Սի Ծինփինը մոտենում Ուկրաինայի հարցին, կարելի է ենթադրել Չինաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցչի ձևակերպումից, ըստ որի «Ռուսաստանի նկատմամբ ճնշումների կամ հարկանդրանքի քաղաքականությունը չի կարող արդյունավետ լինել»:
Որ ուկրաինական կարգավորման հարցում Թրամփը և Սի Ծինփինը «հայտարարի չեն եկել», վկայում է նաև բանակցությունների մասին Չինաստանի առաջնորդի հրապարակային առայժմ միակ դիտարկումը, որ առևտրա-տնտեսական հարաբերությունները «պետք է խթանեն համագործակցությունը, ոչ թե տարաձայնությունների պատճառ դառնան»:
Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահն անոնսավորել է, որ եկող տարվա ապրիլին կայցելի Չինաստան, ինչին կհաջորդի Սի Ծինփինի Վաշինգտոն այցը: Ընդսմին, տունդարձի ճանապարհին Դոնալդ Թրամփը չափազանց էական հայտարարություն է արել:
Լրագրողներից մեկը նրան հարցրել է՝ արդյոք վտանգավոր չէ՞ միջուկային փորձարկումները վերսկսելու մասին նրա հրահանգը, ինչին Թրամփը միանշանակ «ոչ» է ասել և մեկնաբանել, որ միջուկային զինանոցի առումով ԱՄՆ-ը գտնվում է առաջին տեղում, երկրորդն Ռուսաստանն է, երրորդը՝ Չինաստանը, և կհավասարվի չորս-հինգ տարում:
Միջուկային զինանոցով ո՞ւմ «կվասարվի» Չինաստանը: Փորձարկումները վերսկսելու հանձնարարականից հետևում է, որ ԱՄՆ-ը ձգտում է թույլ չտալ, որ Չինաստանն իր հետ «հավասրավի», բայց սկզբունքորեն դեմ չէ Պեկինի ձգտումներին: Հաշվարկն, ըստ երևույթին, այն է, որ չորս-հինգ տարի հետո Չինաստանը որպես միջուկային տերություն «կհավասարվի» Ռուսաստանին:
Այդ դեպքում Մոսկվա-Պեկին հարաբերությունները բոլորովին այլ որակի և բնույթի կլինեն, իսկ ԱՄՆ-ը կպահպանի առաջնայնությունը: Դա «նոր աշխարհակարգի», այսպես ասած՝ «մոդուս-վիվենդի՞» կլինի: Իսկ Եվրոպա՞ն, Գլոբալ հարա՞վը, տարածաշրջանային «տերություննե՞րը»: Այս հարցին, կարծես, պատասխան չկա: Միայն կարելի է հետևություն անել, որ ուկրաինական կարգավորումն ուշանալու է:







Բաց մի թողեք
Բաքուն շարունակում է զգուշանալ հարևաններից․ Իրանն ահազանգում է
«Վրացական երազանքը» Ղարիբաշվիլու նկատմամբ լոյալ դիրքորոշմամբ եվրոպական կառույցներին ազդակ է հղում
Պուտինն ընդդեմ Եվրոպական Միության