Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ադրբեջանական կողմը վստահեցրել է՝ Հայաստան այցելելու հետ կապված որևէ խնդիր չկա։
Նրա խոսքով՝ Բաքվի ներկայացուցիչների բացակայությունը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նստաշրջանից կապված է բացառապես կազմակերպական հարաբերությունների, ոչ թե երկկողմ խնդիրների հետ։
Սիմոնյանը նշեց, որ ադրբեջանական կողմը չի տեսնում խոչընդոտներ համագործակցության և փոխադարձ այցերի հարցում։ Նա հավելեց, որ Հայաստանը սպասում է, որ բոլոր այն պետությունները, որոնք մշտապես մասնակցել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներին, այս անգամ էլ ներկա կլինեն Երևանում կայանալիք նիստին. «Հարգելի ժողովուրդ, պատրաստ եղեք՝ ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են Հայաստան, իսկ հայկական պատվիրակություններն էլ՝ Ադրբեջան։ Կան կարևոր հարցեր, օրինակ՝ գերիների և պահվող անձանց թեման, որոնք պետք է քննարկվեն, բայց շփումները շարունակվելու են, և մենք պատրաստ ենք դրանք ավելի խորացնել»։
Նա նաև հույս հայտնեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելեն Հայաստան. «Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի նրանց համար այստեղ հանգիստ և հարմարավետ միջավայր ապահովենք»:
Ալեն Սիմոնյանը, արձագանքելով ընդդիմության մեղադրանքներին, հայտարարեց, որ այս պահին Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը իրականում անվտանգության խնդիր է, և որևէ մեկը չի կարող երաշխավորել մարդկանց անվտանգ վերադարձը։
«Այն մարդիկ, ովքեր այսօր դրոշակ են դարձրել ԼՂ վերադարձի թեման, պատրաստ են արդյոք ապահովել այդ մարդկանց անվտանգությունը։ Կարո՞ղ է որևէ մեկը հիմա ասել, որ կարող է երաշխավորել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղի ցանկացած բնակավայր։ Սա միայն բարձր խոսքերով կամ կենացներով չի լուծվում»,- նշեց Սիմոնյանը՝ շեշտելով, որ գուցե ապագայում նման հնարավորություն առաջանա, սակայն ներկայում դա պարզապես անհնար է։







Բաց մի թողեք
Իրանը Հայաստանում նոր դեսպան ունի. Լուսանկար
Համաներում կլինի – չի լինի՝ ինչ կլինի
Միրզոյանը ներկայացրել է «ԵՄ-ի հետ գործընկերության խորացման աննախադեպ դինամիկան»