08/11/2025

Բրիտանական կայքն անդրադարձել է, որ առաջին քրիստոնեական երկրում եկեղեցին հալածվում է

Բրիտանական gbnews.com կայքն անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու եւ ՀՀ գործող իշխանությունների առճակատմանը եւ Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին։ Ըստ հրապարակման, աշխարհի առաջին քրիստոնեական երկրում Եկեղեցին ենթարկվում է հալածանքների․ 3 հայտնի եկեղեցականներ կալանավորված են։ 

Հղում անելով Հայաստանում քաղաքացիական անկարգությունների մասին զեկույցին, հրապարակման հեղինակները նշում են, որ Հայաստանում դավանանքի ազատության իրավունքը վտանգված է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են բռնապետական գործողությունների եւ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ոտնձգությունների մեջ։

Փաշինյանը, ըստ հոդվածի, փորձում է գահընկեց անել Գարեգին 2-րդ կաթողիկոսին, բանտարկել է հոգեւորականների, հավատացյալների։ Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ կառավարությանը քննադատելու համար։ Գործարար Սամվել Կարապետյանն էլ է բանտարկվել՝ Եկեղեցուն պաշտպանելու համար։

Նրա ակտիվները Հայաստանում, ներառյալ էլեկտրամատակարար ընկերությունը, կալանքի տակ են վերցվել։ Կարապետյանը գտնվում է Երեւանի՝ դեռ խորհրդային ժամանակների տխրահռչակ բանտում։

Պիթերբորոյի լորդ Ջեքսոնը՝ դավանանքների ազատության խորհրդարանական միջկուսակցական խմբի փոխնախագահը, հայտարարել է․ «Միտքն առ այն, որ աշխարհի հնագույն քրիստոնեական երկրում Եկեղեցու նվիրյալ հավատացյալներին նետում են բանտ՝ հանուն իրենց հավատքի, ժամանակակից քաղաքակիրթ Եվրոպայում ուղղակի սարսափեցնող է»։

«Հայաստանում քրիստոնեական դավանանքները պետք է հնարավորություն ունենան պահպանել իրենց իրավունքը՝ հավաքվելու եւ խաղաղության մեջ աղոթելու, զերծ բռնությունների ենթարկվելու եւ բանտարկվելու սպառնալիքից կամ այլ որեւէ լուրջ սպառնալիքից։ Աշխարհը հետեւում է մարդու իրավունքների խախտումներին, որոնք իրականացվում են այդ քրիստոնեական համայնքներում, որոնք գտնվում են բարդ վիճակում»,- ասել է Պիթերբորոյի լորդը։

Amsterdam & Partners իրավաբանական ընկերության կազմած միջազգային զեկույցում ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է բռնապետական գործողություններում եւ փորձում է այդ կերպ պահպանել իշխանությունը հաջորդ տարվա ընտրություններում։ Հայ Առաքելական եկեղեցին շարունակում է լայն ժողովրդականություն վայելել եւ Հայաստանի բնակչության 97,5 տոկոսը հայտարարում է, որ առաքելադավան է։ Եկեղեցու հանդեպ վստահությունը կազմում է 60 տոկոս։

Հոդվածում նշվում է նաեւ, որ Եկեղեցու եւ իշխանությունների միջեւ հակասությունը սկսվել է 2023-ին՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից, երբ ավելի քան 100 հազար հայ ստիպված են եղել փախչել Հայաստան։

«Եկեղեցին իրականացրել է իր բացառիկ առաքելությունը եւ վճռականորեն պաշտպանել է հայերի իրավունքները, ովքեր արտաքսվել են Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաեւ պահպանել է ազգային ինքնությունը։ Դա ՀԱԵ-ն հակասության մեջ է դրել վարչապետի հետ, ով երկրի ներսում եւ արտերկրում խիստ քննադատության է ենթարկվել ԼՂ-ն պաշտպանել չկարողանալու համար»,- ասված է զեկույցում։

Ռեգիոնալ հարցերով փորձագետ եւ լրագրող Էլիսոն Մյոզն էլ հայտարարել է, որ Եկեղեցին նման հալածանքների է ենթարկվել նաեւ սովետական ամենադաժան զտումների ժամանակ եւ կարծես թե պատմությունը Հայաստանում կրկնվում է։