Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանին ափսոսանք է հայտնել, որ Վրաստանի վերաբերյալ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի բանաձևը ստորագրողների թվում են նաև հայ պատգամավորները:
Նա նշել է, որ փաստաթուղթը ստորագրած հայ պատգամավորներն անվստահություն են հայտնել իրենց իսկ վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ. «Աջակցելով այն բանաձևին, որում նշվում է, որ Վրաստանի կառավարությունը ոչ լեգիտիմ է, հայ պատգամավորները փաստացի անվստահություն են հայտնել իրենց վարչապետի նկատմամբ, քանի որ Հայաստանի վարչապետը պաշտոնական և աշխատանքային այցեր է կատարել Վրաստան և հանդիպումներ է ունեցել ժողովրդի կողմից ընտրված կառավարության հետ»:
Ցիլոսանին ընդգծել է, որ Եվրանեսթի ԽՎ վերջին լիագումար նիստի շրջանակում Երևանում ընդունված բանաձևն անիմաստ է և զուրկ բովանդակությունից։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ փաստաթղթում անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները որակվել են որպես «կեղծված», իսկ կառավարությունը՝ «ինքնահռչակ»։ Ի պատասխան՝ վրացական պատվիրակությունը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի ապագա նիստերին։
Հատկանշական է, որ Վրաստանին վերաբերող բանաձևի տակ ստորագրել են բացառապես ԱԺ իշխանական պատգամավորները, որոնք հայ-վրացական բարեկամական հարաբերություններին լուրջ «հարված» հասցնելուց բացի, փաստորեն, ինչպես ասում են՝ կանգնել են «փոցխի» վրա և խայտառակ վիճակի մեջ դրել թե՛ իրենց, թե՛ հատկապես իրենց ղեկավարին:
«Հրապարակի» հետ զրույցում ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հաստատեց, որ ՔՊ-ական օրենսդիրներն են ստորագրել «խայտառակ» բանաձևի տակ. «Փաստուղթը Եվրանեսթի՝ օրերս Երևանում կայացած ՎԽ նիստում է ընդունվել և, բնականաբար, ընդդիմադիր պատգամավորներն այս բանաձևի մեջ չկան: Խոսքն այս դեպքում իշխանական պատգամավորների մասին է, որոնք նաև Եվրանեսթի պատգամավորներ են»:
Բայց ՔՊ-ական մանդատակիրների «արկածներն» առավել ուշագրավ են դառնում նաև այն համատեքստում, որ հոկտեմբերի 30-31-ը Երևանում անցկացված Եվրանեսթի ԽՎ նույն նիստում «ուսապարկային մտածողության» համար «ոչ լեգիտիմ» էր ոչ միայն Վրաստանի կառավարությունը, այլև՝ արցախցիների օրինական և անվտանգ վերադարձի, ինչպես նաև՝ Բաքվում ապօրինի կալանքի տակ պահվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների ու մյուս հայ բանտարկյալմների անհապաղ ազատ արձակման հարցը:
Հիշեցնենք, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ իշխանական պատգամավորները Եվրանեսթի ԽՎ նստաշրջանում դեմ են քվեարկել իր, երեք ընդդիմադիր մյուս գործընկերների ու Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորների առաջարկին, որով Ադրբեջանին պահանջ էր ներկայացվում միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքը իրենց հայրենիք: «Դեմ քվեարկել են միայն ՔՊ-ականները», – ասել էր նա:
Պատգամավորները Եվրանեսթի Քաղաքական կոմիտեի զեկույցի վերջնական տարբերակում էին առաջարկել փոփոխությունը: Ըստ Արթուր Խաչատրյանի՝ նախնական տարբերակում վերահաստատվել է Ադրբեջանում պահվող գերիների ու Արցախից բռնի տեղահանված հայերի հարցը լուծելու անհրաժեշտությունը, իրենք գրավոր առաջարկել էին ավելի հստակեցնել ձևակերպումները: Ի վերջո, նախնական տարբերակն է ընդունվել:
Երևանում անցկացված նիստի տեսագրությունից պարզ է դառնում՝ երբ Արթուր Խաչատրյանը իրենց առաջարկին կողմ քվեարկելու կոչ է անում, նրանից հետո խոսք է վերցնում «Քաղաքացիական պայմանագրից» Արման Եղոյանը՝ Հայաստանի իշխանության դիրքորոշումը ներկայացնելու համար. «Պարոն Խաչատյանի նշած փոփոխությունը հետևյալն է՝ կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և այլ պահվող անձանց: Մենք սրան դեմ չենք, բայց շարունակությունը հետևյալն է՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի անվտանգ, հավաքական վերադարձը իրենց հայրենիք՝ միջազգային պաշտպանության ներքո: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարությունը, արտաքին քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաները նման պահանջ չեն ներկայացնում Ադրբեջանին»:
Այս անգամ էլ արձանագրենք, որ Փաշինյանի թիմը «հաճոյանում» և հերթական անգամ «նվեր» է մատուցում Ալիևին՝ մեկ անգամ ևս դավաճանելով Արցախի շահերին եւ կրկին հայտարարելով, որ իրենց համար Արցախի և Արցախցու «հարցը փակված» է: Այնպես որ, Թբիլիսիում պետք է «ըմբռնումով» մոտենան ՔՊ-ական օրենսդիրների որոշմանը` եթե սրանք իրենց հայրենակիցներին են դավաճանում եւ թիկունքից հարվածում, ինչու պետք է հարեւաններին չհարվածեն: Սեփական հայրենիքը, հայրենակիցներին, ժողովրդին ու պատմությունը ուրացած խմբակի համար գոյություն չունեն մնայուն արժեքներ և հաստատուն բարոյականություն, «պարտվողի և կռացողի» դիրքերից նրանք ստորագրելու են ցանկացած փաստաթուղթ, անկախ նրանից՝ ում է դա վերաբերելու:






Բաց մի թողեք
«Ղարաբաղն ազատագրելուց հետո կվերադառնանք մեր հինավուրց հողերը՝ Էրիվան, Գյոյչա, Զանգեզուր». Ալիևի խոսութը …
Լուկաշենկոյի միջնորդությամբ Ալիևը կարող է Պուտինի «գիրկը վերադառնալու» ընտրություն կատարել
Հայաստանին նոր մարտահրավերներ առաջադրել կստացվի Իվանիշվիլիին ու Պուտինին