08/11/2025

Բաքու չէ, այլ Բագարան․ այն ունի «քամիների քաղաք» իմաստը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերստին մտել է ՄԳԻՄՕ-ի երկտարեցի շրջանավարտ-պատմական գիտությունների թեկնածու կերպարի մեջ և հայտարարել, որ ցարական Ռուսաստանի կողմից նախանցյալ դարասկզբին կազմված քարտեզներում «չկա Սևան, կա Գյոկչա» լիճ:

Իլհամ Ալիևի համար, պարզվում է, պատմությունն սկսվում է Կովկասի ռուսական նվաճման կամ պարսկական խանությունների ժամանակներից:

Այլապես նա կիմանար, որ ռուսական պետության կազմավորումից, Կովկասում և Առաջավոր Ասիայում մոնղոլա-թուրքական ներխումներից յոթ հարյուրամյակ առաջ հայ ժողովուրդը գիր է ստեղծել, և նրա արժանավոր զավակները հայրենիքի աշխարհագրությունը և տեղանունները փաստագրել են՝ ինչպես որ տեսել, լսել և ճանաչել են:

Սեւանի մասին Իլհամ Ալիևի մտավարժանքն, իհարկե, քաղաքական ենթատեքստ ունի: Նա ասում է, որ Հայաստան ադրբեջանցիների «վերադարձը չպետք է հայ ժողովրդին մտահոգի, որովհետև ադրբեջանցիները երբեք բնակության երկրում անջատողականություն չեն հրահրել»:

Ենթատեքստը հասկանալի է, «հայերը Լեռնային Ղարաբաղ վերադառնալ չեն կարող, որովհետև դարձյալ անջատողական շարժում կսկսեն»:

Բայց քանի որ Ադրբեջանի նախագահը ցուցադրել է իր «տեղանվանագիտական էրուդիցիան», արժեն նրան «վճարել նույն մանրադրամով»: Մասնագիտական բոլոր աղբյուրներն Ադրբեջանի ներկայիս մայրաքաղաքի անվանը երկու բացատրություն են տալիս:

Ըստ առաջին, ընդ որում՝ բացառապես գիտական, վարկածի, «բաքու» նշանակում է «աստվածների բնակավայր» և ծագում է իրանական «բագ/աստված» արմատից:

Երկրորդ ստուգաբանությամբ «բաքու» բառը կազմված է երկու՝ «բադ» և «կուբե» արմատներից և ունի «քամիների քաղաք» իմաստը:

Այս մեկնաբանությունը, սակայն, համարվում է ոչ գիտական, զուտ ժողովրդական: Բայց երկու դեպքում էլ բառիմաստը մեկնաբանվում է հին իրաներենով կամ Զրադաշտի լեզվով և ոչ մի կապ չունի թուրքերենի հետ: Սա ստույգ վկայություն է, որ ինչպես ներկայիս Ադրբեջանի ողջ տարածքում, այնպես էլ նրա մայրաքաղաք Բաքվում թուրք-ադրբեջանցիները նախաբնիկ չեն:

Ի դեպ, նախանցյալ դարի հայ գրականության և մամուլի լեզվում ընդունված էր «Բագու» ուղղագրությունը, որ, երևի, պետք է վերակագնել, որովհետև այն ստույգ նշում է, որ քաղաքի անվանումը ծագում է «բագ/աստված» բառից:

Հետևաբար մենք իրավունք ունենք Ադրբեջանի մայրաքաղաքն անվանել Բագավան: