Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը «կայֆ» է ստանում օրենքներին դեմ գնալուց եւ ամենաչնչին թվացող հարցերում անգամ օրենք է խախտում։ Ահավասիկ, սկսվել է իշխող թիմի նախընտրական ցուցակի ձեւավորման գործընթացը։
Հրապարակ թերթը գրել է․ Մի քանի օր առաջ Փաշինյանը հրապարակեց ընթացակարգը, որով պետք է տեղի ունենա 2026 թ. ընտրությունների թեկնածուների ցուցակի ձեւավորումը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ 2026թ․ խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնառաջադրվել 2025թ․ նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ։
«Ինքնառաջադրումը տեղի է ունենում info@civilcontract.am էլփոստի հասցեին գրված համապատասխան նամակով, որին պետք է կցված լինի ինքնակենսագրական (կենսագրականի հղում)։ ՔՊ անդամ չհանդիսացող անձինք նամակին պետք է կցեն նաեւ ՔՊ վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորության մասին տեղեկատվություն։ Թեկնածուների գրանցումն իրականացնելու է ՔՊ վարչությունը՝ 2025թ․ դեկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Գրանցված թեկնածուները մինչեւ 2026թ․ փետրվարի 5-ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար․ ՔՊ անդամները՝ 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 միլիոն 500 հազար դրամ»։ Ինքը` Փաշինյանը, երեկ հրապարակեց իր դիմումը:
Այսինքն, որպեսզի որեւէ մեկն իշխանության պատգամավորության թեկնածու դառնա, պարտավոր է գումար վճարել։ Իհարկե, նախկինում էլ ՔՊ թեկնածուները գումար վճարել են, բայց դա եղել է ոչ թե առաջադրման վճար, այն էլ՝ ֆիքսված, այլ՝ «նվիրատվություն նախընտրական հիմնադրամին»։ Որպես կանոն, Փաշինյանը բոլոր ընտրություններից առաջ նախընտրական դրամահավաք է կազմակերպում, որի ժամանակ էլ թեկնածուները վճարել են 500 հազարական դրամ, ոչ կուսակցականները՝ 1.5 միլիոն դրամ, եւ բացահայտ չի ասվել, որ փող են տալիս՝ ցուցակում տեղ զբաղեցնելու համար։ Նախորդ ընտրություններից հետո անգամ աղմուկ բարձրացավ, երբ հրապարակվեցին դրամահավաքի արդյունքները: Բանն այն է, որ «Կուսակցությունների մասին» օրենքի սահմանմամբ կուսակցությունները գոյատեւում են անդամավճարներով եւ նվիրատվություններով, որեւէ այլ գումարի մասին հիշատակում չկա, այն էլ` ֆիքսված չափի։
Իհարկե, դժվար է պատկերացնել, որ իրեն հարգող մտավորականը, արվեստագետը եւ, առհասարակ, իրեն հարգող որեւէ անձ ցանկություն կհայտնի վճարել, որ հայտնվի Փաշինյանի ցուցակում: Ենթադրվում է, որ պետք է հակառակը լիներ` Փաշինյանը պետք է խնդրեր, համոզեր, որ փոքր-ինչ հեղինակություն ունեցող մարդկանց բերի իր թիմ եւ ուժեղացնի պառլամենտի կազմը, բայց կարծես որոշել է ձեւականությունների հետեւից չընկնել եւ աճուրդի է դրել ԱԺ պատգամավորի մանդատը, գնացուցակն էլ նախապես հրապարակել։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը խնդրահարույց է համարում իշխող ուժի որդեգրած մոտեցումը։ «ՔՊ-ն պահանջում է այն անձանցից, ովքեր վարչության կողմից կհաստատվեն պատգամավորության թեկնածու, պարտադիր կերպով գումար վճարել կուսակցությանը։ Սա խնդրահարույց է «Կուսակցությունների մասին» օրենքի իմաստով, քանի որ այն սահմանում է բոլոր այն ֆինանսական մուտքերը, որոնք կարող են լինել կուսակցության հաշվեհամարին։ Դրանք հիմնականում անդամավճարներն ու նվիրատվություններն են։ Այս գումարները որեւէ կերպ նվիրատվություն համարել հնարավոր չէ, քանի որ դրանք անհատույց չեն` նախապայման է թեկնածու լինելու համար։ Հետեւաբար կարծում եմ՝ ունենք իրավական խնդրահարույց իրավիճակ։
Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ այս գումարը թեկնածուի կողմից նախընտրական արշավին իրականացվող ներդրման համար էլ չէ, քանի որ դրա համար կա առանձին կարգավորում Ընտրական օրենսգրքով, երբ թեկնածուն՝ ինքը, այդ գումարը մուտք է անում նախընտրական հիմնադրամ։ Տվյալ դեպքում այս գումարները, հավանաբար, պետք է մուտքագրվեն ՔՊ-ի հաշվեհամարին, եւ դա, ըստ էության, թեկնածու դառնալու դիմաց վճարվող գումար է։ Եկեք չմոռանանք, որ ՔՊ-ում ընտրական ցուցակը կազմվում է միանձնյա, ուստի անհասկանալի է՝ այն իրավիճակում, երբ անձը կարող է իմանալ իր հերթական համարը եւ հրաժարվել մասնակցել, ինչո՞ւ պետք է նախապես նման վճարում անի, ինչի՞ դիմաց։ Սա պետք է արժանանա արդարադատության նախարարության գնահատականին»,- ասաց Խաժակյանը՝ շեշտելով․ «Ցանկացած մուտք կուսակցության հաշվեհամարին, որը չի համապատասխանում օրենքի պահանջին, ենթակա է ուղղորդման պետական բյուջե»։






Բաց մի թողեք
Վեհափառի դեմ այս շարժումը Սյունիքը հանձնելու գործընթացին նախորդող քա՞յլ է
Ոստիկանությունը ճիշտ կաներ, եթե այդպես բերանները փակելով եկեղեցուց դուրս բերեր կեղծ հոգևորականներին․ Հայկ Դորունց
Իջևանում հասարակական տրանսպորտ չի գործում գյուղերի ու մարզկենտրոնի միջև