Ադրբեջանում նավթի արդյունահանման տարեկան ծավալները 2011-ի համեմատ 2024 թվականին գրեթե կրկնակի չափով նվազել են և հասել շուրջ 29 միլիոն տոննայի: Ընթացիկ տարում անկումը կշարունակվի:
Այդ մասին գրում է իշխանական haqqin.az-ի տնտեսական հարցերով մեկնաբանը: Նա բացատրում է, որ Ադրբեջանի հիմնական նավթահանքի, որ կոչվում է «Ազերի-Գյունեշլի-Չիրաղ» պաշարները «բնական սպառման պատճառով նվազել են»: Նոր հանքավայրեր դեռևս չեն հետախուզվել:
Ըստ հեղինակի, Ադրբեջանի կառավարությունը «հումքի ներկրման բանակցություններ է վարում Ղազախստանի և Նորվեգիայի հետ»: Խնդիրն այն է, որ Ադրբեջանում նավթավերամշակման մի քանի գործարաններ կան, որ աշխատում էին Ռուսաստանից ներկրված նավթի հաշվին:
Ադրբեջանական նավթը միջազգային շուկայում ռուսականից բարձր գին ունի՝ կապված որակի հետ, և SOCAR-ը ներքին կարիքների համար օգտագործում էր ռուսական «հում» նավթը, իսկ սեփականը վաճառում:
Ռուսական երկու խոշոր՝ «Ռոսնևթ» և «Լուկօյլ» ընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները, երևում է, խնդիրներ են ստեղծել նաև Ադրբեջանի համար: Այդ է պատճառը, որ նավթավերամշակման արդյունաբերությունը պահպանելու համար Ադրբեջանի կառավարությունը փորձում է հումք ներկրել այլ երկրներից:
Հավանաբար, դրանով պետք է բացատրել Պարսից ծոցի միապետությունների և Իրաքի ու Ալժիրի հետ դիվանագիտական շփումների ակտիվացումը:
Թուրքական մամուլը հայտնում է, որ տասնամյակների դադարից հետո Թուրքիան սկսել է Իրաքից նավթի ներմուծումը, նախատեսվում է վերականգնել և արդիականացնել նախկինում գործած խողովակաշարը:
«Նեզավիսիմայա գազետան», հղում անելով Bloomberg-ին, գրում է, որ Թուրքիայում գործող նավթավերամշակման խոշոր՝ Star ձեռնարկությունը, որ պատկանում է ադրբեջանական SOCAR-ին, «դադարեցրել է Ռուսաստանից նավթի գնումները»:
Ձեռնարկությունը դեկտեմբերի ամսվա ներմուծումների համար պայմանագրեր է կնքել իրաքյան և ղազախստանյան նավթային ընկերությունների հետ: Պատճառը Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցներն են: ԱՄՆ-ը և Եվրամիությունը Թուրքիային համառորեն հորդորում են խզել Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցությունը:
Ըստ երևույթին, Bloomberg-ի տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:
Haqqin.az-ի մեկնաբանի գնահատմամբ՝ Ադրբեջանը կարող է 2029-30 թվականներին «կանգնեցնել նավթի արդյունահանման ծավալների կրճատումը և կայունացնել արտահանումը»: Այդ հեռանկարը, սակայն, նա կապում է ԱՄՆ-Ադրբեջան էներգետիկ համագործակցության հաստատման եւ խորացման հետ:
Չնայած Իլհամ Ալիևի գործադրած դիվանագիտական ջանքերին և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևի առերևույթ աջակցությանը, Դոնալդ Թրամփը, երևում է, չի ընդունել ԱՄՆ-Կենտրոնական Ասիա գագաթաժողովին Ադրբեջանի նախագահին ևս ներգրավելու առաջարկությունը:
Հայ-ադրբեջանական կարգավորման մասին Իլհամ Ալիևի վերջին ակնհայտ ոչ կառուցողական հռետորաբանությունը, հավանաբար, պայմանավորված է Վաշինգտոնից մերժվածի ծանր բարդույթով: Դրան, թերևս, պետք է գումարել նաև տեղեկությունը, որ Դոնալդ Թրամփ-կրտսերը նախատեսում է մոտ ապագայում այցելել Երևան:






Բաց մի թողեք
Լավրովի կողմից 2020 թ․ հոկտեմբերի 9-ի փաստաթուղթը չէր նախատեսում «ադրբեջանական տարածքների ազատագրում»
Լավրովն ինչ առաջարկություն է արել 44-օրյա պատերազմի օրերին․ Բայրամովն իբր անկեղծացել է
«Ղարաբաղն ազատագրելուց հետո կվերադառնանք մեր հինավուրց հողերը՝ Էրիվան, Գյոյչա, Զանգեզուր». Ալիևի խոսութը …