Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր Բաքվում կայացել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների և մյուս հայ բանտարկյալների դեմ շինծու մեղադրանքներով հերթական «դատական նիստը», որի ընթացքում պետական մեղադրանքին աջակցող դատախազներին հնարավորություն է տրվել ներկայացնելու իրենց մեղադրական ճառը։
Ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները, մեղադրող կողմը շեշտել է, որ «դատական նիստի ընթացքում ուսումնասիրված փաստաթղթերը հաստատում են, որ հայկական շարժման ղեկավարների հիմնական նպատակն էր ցանկացած գնով հասնել Ադրբեջանի անբաժանելի մասի՝ Ղարաբաղի շրջանի անջատմանը հանրապետությունից և այդ հողերի օկուպացիային»։
Մեղադրող կողմը նաև ուշադրություն է հրավիրել «հիշյալ կազմակերպության ստեղծման հիմքերի գաղափարախոսական և պատմական հաջորդականության վրա»։
Նշվել է, որ «Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մաս կազմող անձինք, ինչպես նաև այդ ժամանակաշրջանի գաղափարների քարոզիչներ, ակտիվ տարածողներ և գաղափարախոսներ՝ Զորի Բալայանը, Սիլվա Կապուտիկյանը, Իգոր Մուրադյանը, Վազգեն Մանուկյանը, Արկադի Մանուչարովը, Արկադի Ղուկասյանը, Լևոն Մելիք-Շահնազարյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը, Ժիրայր Սեֆիլյանը, Վիտալի Բալասանյանը, Արկադի Կարապետյանը, Գեորգի Միքայելի Պետրոսյանը և ուրիշներ, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ ղեկավարությունում տարբեր պաշտոններ զբաղեցնող կամ իրենց պաշտոնական լիազորությունները օգտագործող՝ հայկական ծագում ունեցող կամ հայամետ հայացքներ ունեցող անձինք ստեղծել են կայուն կազմակերպված խմբեր՝ հիմնված դերերի խիստ բաշխման և իրենց մշտական միավորումների վրա»:
Ըստ մեղադրողի, նրանք «միավորվել են ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ ազգային-էթնիկ ատելության և թշնամանքի գաղափարների վրա հիմնված հանցավոր կազմակերպության շրջանակներում, որը նրանք անվանել են «Միացում»:
Բաքվում շարունակվող շինծու դատական նիստի ընթացքում, մեղադրող կողմն, իբր, ներկայացրել է «փաստաթղթեր և ապացույցներ, որոնք հաստատում են Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան, խաղաղ բնակիչների նկատմամբ գործողությունները և այլն»:
Խեղաթյուրելով պատմական փաստերը, անտեսելով ԼՂԻՄ-ում ապրող հայերի նկատմամբ դաժան խոշտանգումները, բարբարոսություններն ու արյունալի կոտորածները, ադրբեջանցի մեղադրողները պնդել են, թե հենց «Հայաստանի կողմից է Ադրբեջանի դեմ սանձազերծվել զինված հակամարտությունը»՝ այն որակելով իբր միջազգային իրավունքի համաձայն՝ «ագրեսիա»:
Հնչել են նաև այլ անհեթեթ ու նախապես կանխատեսելի ծանր մեղադրանքներ:
Դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 6-ին։






Բաց մի թողեք
Բաքուն հայտարարություն է տարածել նոյեմբերի 8-ի՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ
Սերժ Սարգսյանը կասկածում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին Բաքու են տարել ՀՀ իշխանությունների միջամտությամբ
Երևանի 28 փողոցներում լուսավորության ծրագիրը կատարվել է ընդամենը 35 տոկոսով