08/11/2025

Չեչնիայի հոգևոր կյանքին որևէ միջամտություն Մոսկվային կարող է թանկ արժենալ

Չեչնիայի գլխավոր մուֆթի հաջի Սալահ Միժևը տեղական հեռուստատեսության «Չեչնիայի պատմություն. պատերազմ և խաղաղություն» թոք-շոուի ժամանակ հրեաներին անվանել է «անհավատ ջհուդներ» և նրանց մեղադրել «ալլահին դեմ գնալու և աթեիզմ ստեղծելու» մեջ:

Այդ առթիվ հայտարարություն է տարածել Ռուսաստանի գերագույն ռաբբի Բեռլ Լազարը: Նա հաջի Սալահի խոսքը որակել է «ամբողջ հրեա ժողովրդի և նրա հավատի հասցեին անարգանք»:

Չեչնիայի մուֆթին հանդես է եկել մեկնաբանությամբ, որտեղ ասված է, որ նա «ալլահի թշնամի է անվանել Եվրոպայում նստած սիոնիստներին, ֆաշիստներին և աթեիստներին, որ ծանակում են Մուհամեդ մարգարեին»:

Այդ մեկնաբանությունը Ռուսաստանի հրեական համայնքների համադաշնությանը չի բավարարել, նրանց անունից հանդես է եկել Բորուխ Գորինը, որի կարծիքով հաջի Սալահը «ճիշտ չի ներկայացրել իր խոսքը»:

Խնդիրն այն է, որ հեռուստաշոուի ընթացքում Չեչնիայի մուֆթին խոսել է մայրենի լեզվով, բայց հաղորդման մասին տեղեկությունը, որտեղ մեջբերված է նրա խոսքը, տարածվել է ռուսերեն, ընդ որում՝ «Գրոզնի ինֆո» պաշտոնական գործակալության կողմից:

Հրեական համայնքների համադաշնության նախագահ Գորինը մամուլին ասել է, որ հաջի Սալահի ելույթի տեսագրությունը և կից ռուսերեն թարգմանությունը «պաշտոնական գործակալության կայքից հեռացված են»:

Նրա կարծիքով, «միայն դա բավական է, որպեսզի համոզվենք, որ հաջի Սալահ Մեժիևի խոսքը հերաների հասցեին վիրավորանք է պարունակում և էապես հակասեմիտական է»:

Հյուսիսային Կովկասում հակահրեականություն բացահայտվել է Գազայում պատերազմի առաջին օրերին, երբ Մախաչկալայում հարձակման է ենթարկվել իսրայելական մարդատար օդանավը: Զանգվածային անկարգությունները, որ կազմակերպվել են հրեա ուղևորների հետ ֆիզիկական հաշվեհարդարի նպատակով, կանխվել են միայն ուժային կառույցների միջամտության շնորհիվ:

Ռուսաստանյան մամուլը բազմիցս է ահազանգել, որ Հյուսիսային Կովկասի իսլամադավան հանրապետություններում «Պաղեստինի դրոշն ավելի տարածված է, քան Ռուսաստանինը»:

Չեչնիայի մուֆթի հաջի Սալահ Մեժիևի կողմից հերաներին «անհավատ ջհուդ» և «ալլահի թշնամի» անվանելն, ըստ այդմ, անհատական տեսակետ կամ հուզական պոռթկում չէ: Դաղստանը, Չեչնիան, ՌԴ մյուս իսլամադավան սուբյեկտները սատարում են պաղեստինցիներին:

Խնդիրն այն է, թե այդ աջակցությունը որքանո՞վ է ներգրվում իսրայելա-պաղեստինյան կարգավորման հարցում պաշտոնական Մոսկվայի դիրքորոշմանը, և վերջինս կարո՞ղ է իսլամական համերաշխության շարժումը կառավարելի պահել:

Դաշնային իշխանությունների և նախագահ Պուտինի համար միջկրոնական համերաշխության հարցը շատ բարդ է: Ուկրաինայի դեմ պատերազմում, մասնավորապես, չեչենական «Ահմատ» հատուկ նշանակության ստորաբաժանումները մարտունակ և նվիրված զինուժի համարում ունեն:

Չեչնիայի հոգևոր կյանքին որևէ միջամտություն Մոսկվային կարող է թանկ արժենալ, բայց մյուս կողմից հրեական համանքների համադաշնության և գերագույն ռաբբին Բեռլ Լազարի բողքներն անտեսելու դեպքում Ռուսաստանը միջազգային քննադատության կարժանանա որպես «հակասեմիտական երկիր»:

Չեչնիայի մուֆթիի և Ռուսաստանի հրեական համայնքների ղեկավարների միջև «բանավեճն», ամենայն հավանականությամբ, գոյություն ունեցող միջկրոնական, միջդավանաբանական հակասությունների սոսկ արտաքին դրսևորումն է:

Խորքային խմորումներն, ըստ երևույթին, ավելի վտանգավոր են: