08/11/2025

Թուրքիայի ներքաղաքական կացությունը և հնարավոր զարգացումներն ուղղակի առնչվում են Հայաստանին

Կիպրոսի հյուսիսում թուրքական օկուպացիոն վարչակազմի ղեկավարի «պաշտոնում ընտրվելուց» հետո Թուֆան Էրհյուրմանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի օրինական նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ:

Ըստ թուրքական մամուլի, նրանք պայմանավորվել են ուղղակի բանակցություններ սկսել: Այդ առթիվ Թուրքիան դեռևս պաշտոնական տեսակետ չի հնչեցրել: Հանրապետության օրվա առթիվ ժողովրդին հղած ուղերձում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիշել է նաև Կիպրոսի հյուսիսի թուրքերին, բայց քաղաքական շրջանակներում հայտնի է դարձել, որ նրա և կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի միջև «սառնություն է առաջացել»:

Ուշագրավ է, որ այդ մասին ծավալուն հրապարակում է արել Բաքվի իշխանական haqqin.az-ը՝ որոշակիորեն ի մի բերելով թուրքական մամուլի առանձին հրապարակումները: Էրդողան-Բահչելի տարաձայնությունների վկայություն է դիտվում փաստը, որ ազգայնական կուսակցության առաջնորդը հանրապետության օրվա առթիվ չի մասնակցել Աթաթուրքի դամբարան պետական-քաղաքական վերնախավի այցին, ինչպես նաև ներկա չի գտնվել Էրդողանի կազմակերպած պաշտոնական ընդունելությանը:

Թուրքիայի քաղաքական շրջանակներում իշխող տպավորություն է, որ պատճառը Կիպրոսի հարցն է: Բահչելին սուր քննադատության է ենթարկել Էրհյուրմանին, նրան անվանել «կղզու ֆեդերալիազացման ջատագով» և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ արել Կիպրոսի հյուսիսը միավորել Թուրքիային՝ որպես երկրի 82-րդ նահանգ:

Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում Բահչելիի պահանջը Թուրքիայի համար անիրականացնելի խնդիր է. Կիպրոսը Եվրամիության անդամ է և ամբողջ աշխարհի կողմից ճանաչվում է միասնական պետություն, որի մի հատվածը ավելի քան կես դար է՝ Թուրքիայի կողմից օկուպացված է: Միջազգային ջանքերն ուղղված են նրան, որպեսզի բաժանարար գծերը հաղթահարվեն, թուրքական համայնքը որոշակի իրավունքներով ինտեգրվի Կիպրոսի պետական, քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքին:

Որևէ երաշխիք, իհարկե, չկա, որ Կիպրոսի հյուսիսի թուրքական համայնքի առաջնորդի և օրինական նախագահի միջեւ բանակցություններ կսկսվեն և ինչ-որ հաջողությամբ կպսակվեն: Էրդողանի համար չափազանց ծանր է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը» միջազգայնորեն լեգիտիմացնելու խնդիրը, որ նրան չի հաջողվում լուծել անգամ Թուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում:

Մյուս կողմից, սակայն, իշխանության քառորդդարյա շրջանում նա շեշտը դրել է ազգայնական քարոզչության վրա և այդ հողի վրա կոալիցիա կազմել «Գորշ գայլեր» ռազմականացված կառույցի քաղաքական թեւի հետ: Այդ կոալիցիայի ֆորմալ փլուզումը կարող է արտահերթ ընտրությունների պատճառ հանդիսանալ:

Իսկ սոցիոլոգիական բոլոր հարցումների արդյունքներով իշխող կուսակցության վարկանիշը շարունակում է զիջել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետականին: Թուրքիայի ներքաղաքական կացությունը և հնարավոր զարգացումներն ուղղակի առնչվում են Հայաստանին: Որոշումներ կայացնելու համար Էրդողանը պետք է աջակցություն ունենա: