08/11/2025

Եվրոպական Միությունը հարկ է, որ ավելի ուշադիր գնահատի այդ ձերբակալությունների էությունն ու պատեհությունը Հայաստանում

Իտալական East Journal-ի հոդվածի երկրորդ մասում Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններն են ներկայացվում։

«Մի քանի ամիս առաջ հաղորդվեց, որ լարվել են Նիկոլ Փաշինյանի եւ Հայ Առաքելական եկեղեցու հարաբերությունները։ Իրավիճակը չի բարելավվել եւ առաջիկա հունիսին կայանալիք ընտրություններից առաջ, այդ լարվածությունն, ամենայն հավանականությամբ, շարունակելու է աճել։

Վերջին մի քանի ամիսներին, մի շարք եկեղեցական թեմեր ենթարկվել են նոր խուզարկությունների, որոնց արդյունքում ձերբակալվել են հոգեւորականներ եւ մեկ եպիսկոպոս։ Երկու շաբաթ առաջ խորհրդարանում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ, որը բոյկոտվել էր ընդդիմության կողմից, Նիկոլ Փաշինյանը խիստ քննադատության  ենթարկեց Եկեղեցուն եւ Կաթողիկոսին, նրանց մեղադրեց այն բանում, որ արտաքին ուժերի գործակալներ են։

Բացի այդ, Հովհաննավանքի քահանա Ստեփան Ասատրյանը, ով հեռացվել էր Եկեղեցուց Գարեգին 2-րդ Կաթողիկոսի որոշմամբ, մեղադրվելով եկեղեցու հեղինակազրկման մեջ՝ այն պատճառով, որ Պատարագների ժամանակ չէր հիշատակել Կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունները, չէր ընդունել եկեղեցական իշխանության որոշումը եւ շարունակում է ծառայել նույն վանքում։

Ավելին, նա հրավիրել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր Պատարագին եւ Փաշինյանը հրավերն ընդունել էր։ Երկու շաբաթ անընդմեջ Փաշինյանն իր կառավարության անդամների եւ «Քաղպայմանագիր» կուսակցության անդամների հետ մասնակցել է Ասատրյանի անցկացրած արարողություններին, ինչը բնակչության եւ հոգեւորականության զայրույթն է առաջացրել։ Փ

Փաշինյանը դա համարել է «Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի ազատագրման կոնկրետ գործողությունների մեկնարկ»։

Բացի Առաքելական եկեղեցու հետ առճակատումից, վերջին մի քանի ամիսներին՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նաեւ մի քանի քայլեր է ձեռնարկել, որոնք լուրջ մտավախություններ են առաջացնում Հայաստանում դեմոկրատիայի նահանջի հետ կապված։ Մի քանի ընդդիմադիր գործիչներ, որոնք 2026 թվականի ընտրություններում պոտենցիալ թեկնածուներ են՝ Սամվել Կարապետյանը, Դավիթ Համբարձումյանը, ձերբակալվել են կոռուպցիոն եւ այլ հանցանքների մեջ մեղադրվելով, այն բանից հետո, երբ քննադատել են կառավարությանն ու նրա վարած քաղաքականությունը։ Ձերբակալվել է նաեւ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը, դեպք, որը խիստ քննադատել է Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Վերջինս մտահոգություն է հայտնել, որ նախնական կալանքի գործիքը սկսել է չարաշահվել, ինչը խաթարում է դատական համակարգի նկատմամբ վստահությունը։ Վերջերս ձերբակալվել է նաեւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով հաղթել էր «Քաղպայմանագրի» թեկնածուին՝ այս տարվա ապրիլին տեղի ունեցած ընտրություններին։ Ղուկասյանը քննադատել է վարչապետին ու նրա կառավարությանը՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ հալածանքներ սկսելու համար, ինչի համար էլ իշխանությունների կողմից սպառնալիքների էր արժանացել։

Այս բոլոր քայլերը, որոնք արդարացվում են կոռուպցիայի եւ «ռեւանշիզմի» դեմ պայքարով, այլ կերպ չեն կարող մեկնաբանվել, քան քաղաքական ցանկացած այլախոհություն ճնշելու, ոչնչացնելու փորձ։ Նման դինամիկան ակնհայտորեն հակասում է Հայաստանի ԱԳ նախարար Ա․ Միրզոյանի հայտարարությանը, թե 2026 թվականից Երեւանը մտադիր է ակտվացնել եվրոպական ինտեգրացման եւ դեմոկրատիզացիայի կուրսը։

Եվրոպական Միությունը հարկ է, որ ավելի ուշադիր գնահատի այդ ձերբակալությունների էությունն ու պատեհությունը, որոնք տեղի են ունենում հենց ընտրությունների նախաշեմին՝ կասկածների տեղիք տալով դեմոկրատական սկզբունքների պահպանման հարցում։