08/11/2025

Ուռռա՜, մեքենաներով են գալու․ Անեկդոտ է, բանալին ձեռքիս է, պայուսակը տանում են, տանեն

Գոյաբանական խնդրի առաջ ենք կանգնած։ Առանց չափազանցության, երկիրն արհավիրքի մեջ է։ Արհավիրքն այսպես եմ պատկերացնում։ Երբ մարդ տեղյակ չէ իր գլխի գալիքի մասին և միջոցներ չի ձեռնարկում՝ կանխելու, դեմն առնելու։

Հրապարակ թերթը գրել է․ Հայաստանում այս վիճակն է։ Հակառակորդը հայտարարում է, որ ողջ Հայաստանը իմն է, երկրի ղեկավար կոչեցյալը սկսում է արդարացնել, թե նա ինչու է այդպես ասում։ Դուք հանգիստ քնե՜ք,- հանդարտեցնում է,- նա  այլ մտքով է ասել։

Ու Ալիևի փոխարեն ինքն է պատճառաբանությունների մի ողջ փաթեթ դեմ տալիս։ Հակառակորդն ասում է, մենք մեքենաներով ենք Հայաստան գալու, մի այլ դեմքով ասում է՝ տեսնու՞մ եք, որ ասում էի տանկերով չեն գալու, չէիք հավատում։ Ուռռա՜, մեքենաներով են գալու։

Հայաստան աշխարհը «ճամփորդական պայուսակ» են դարձրել։ Թևների տակ են առել, Արևմուտքից Արևելք, հարավից, հյուսիս են տանում, մեկ էլ նկատում, որ «պայուսակը» այլևս չկա։

Բայց որպեսզի տան անդամները ,, հանգիստ մնան,, և անհանգստության նշույլ ցույց չտան, «պայուսակը» կորցնողը սփոփում է՝ «Մի մտածեք,  «պայուսակը» տանում են, թող տանեն, բանալին ձեռքս է»։

Հայաստանը բովանդակությամբ փոքրացրել է այնքան, որ մի պայուսակի գին ունի։ Նիկոլ Փաշինյանն անեկդոտի հերոսը չէ, որ արդարացումներ է փնտրում ու ասում՝ բանալին ձեռքս է, ես ինքնիշխան եմ։ Հայաստանն է «պայուսակ» չէ, որ տարել ու տանում են մեզնից։

Արհավիրքը սա է, երբ կան մարդիկ, որ հավատում են այս անեկդոտին ու չեն ծիծաղում, երբ «պայուսակ» տանողն ասում է՝ մի վախեցեք ինձնից, ձեր հետևից էլ եմ գալու՝ բայց որ թե տանկերով, այլ մեքենաներով։

Սա մի պարզ վկայություն է, որ ճամփան բաց է, ավելորդ ուժ պետք չէ գործադրել։ Հայաստանը մեր ափի մեջ է․ մարտավարական դիրքերը հանձնված են։