08/11/2025

Սարսափը, որ հայ պաշտոնյաներն ունեն Իլհամ Ալիեւի նկատմամբ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ լրագրողների հետ զրույցում նշել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, իր հայտնի ձեւակերպմամբ, երբ Սեւանը Գյոյչա է կոչել, նկատի չի ունեցել, թե այսօր Սեւան գոյություն չունի։

Միրզոյանն ասում է․ անկախ մանրամասներից, «նման ձեւակերպումը կառուցողական չէ եւ չի համապատասխանում խաղաղության տեսանկյունից ճիշտ նարատիվին», բայց անմիջապես հավելում է, որ, այո, կան ցարական ժամանակաշրջանի բազմաթիվ քարտեզներ, որտեղ Սեւանը նշված է նաեւ այլ անվանումով, սակայն մտնել պատմական քննարկումների մեջ՝ դժվար կարող է լինել, քանի որ դա կարող է ստեղծել տարաբնույթ տարաձայնություններ եւ հայեցակարգային խնդիրներ՝ հատկապես հայկական տեղանունների վերաբերյալ։

«Չեմ էլ ուզում գնալ պատմության մեջ, որովհետեւ շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել, եւ հայկական տեղանուններ կտեսնենք մի քիչ ավելի լայն տարածքների վրա»,- ասել է նա:

Այս խուճուճ դիվանագիտական պատասխաններից երեւում է այն սարսափը, որ հայ պաշտոնյաներն ունեն Իլհամ Ալիեւի նկատմամբ: Մինչդեռ ինչքան հստակ ու միանշանակ կարելի էր պատասխանել չափն անցած ագրեսորին:

Ասել, որ մի 200 տարի առաջ առհասարակ Ադրբեջան գոյություն չի ունեցել, որ Հայաստանն անգամ Հռոմի Կոլիզեյի քարտեզում է պատկերված եւ Քսենոֆոնի գրքերում է հիշատակված:

Իսկ Բաքուն ու Կիրովաբադը ոչ միայն քարտեզների վրա չեն եղել, այլեւ հայերն են կառուցել, ու 500 հազար հայ է ապրել այդ արհեստածին պետության տարածքում: