Պարզվում է՝ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հայտնի զոքանչը, որը Գյումրու քաղաքապետարանում շաբաթներ առաջ տեղի ունեցած միջադեպով տնային կալանքի տակ է, հին ՔՊ-ական է։
Պատգամավորն ասում է, որ ոչ թե Վարդան Ղուկասյանին է նա աջակցել, այլ դարձել է ոմանց ապօրինի հրահանգ կատարողը, ինչի հետեւանքով էլ այսօր այդ վիճակում է հայտնվել։
Իշխանական պատգամավորի զոքանչը, որ Գյումրու քաղաքապետարանի կրթության վարչությունում է աշխատել դեռ իշխանափոխությունից առաջ, Վարդան Ղուկասյանին ձերբակալելու մի քանի ժամանոց օպերացիայի ժամանակ, ըստ մեղադրանքի, իբրեւ թե զանգել է եւ մանկապարտեզների աշխատակիցներին հորդորել է գործադուլ անել, գալ քաղաքապետարանի դիմաց։
Հրապարակը զրուցել է փեսայի` Կարեն Սարուխանյանի հետ։
– Դուք վստահեցրել եք, որ Ձեր զոքանչը Վարդան Ղուկասյանի աջակիցը չէ, եղել է ընդամենը հրահանգ կատարող, բայց ասում են` լավ էլ «բոյ է տվել» Վարդան Ղուկասյանի համար։
– Ես վստահեցնում եմ, որ իմ զոքանչը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ով ասում է, թե կռիվ է տվել, սուտ է ասում, էդ կինը մինչեւ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալն էլ էդտեղի աշխատող է եղել, առաջատար մասնագետ այդ բաժնի, եւ, ամենայն հավանականությամբ, ստիպել են, որ զանգ անի, մարդ կանչի։
– Եթե Ձեր զոքանչը ՔՊ-ական է, ինչո՞ւ է կատարել նման հրահանգ։
– Թող քննեն, կհասկանանք, դա իմ տիրույթում չէ, բոլորն են կատարել հրահանգ, եւ տվյալ բաժնում ովքեր եղել են, բոլորն այսօր տնային կալանքի մեջ են։ ․․․Այո, ես վատ եմ զգում, որ իմ զոքանչը տնային կալանքում է, կապ չունի, թե ով է, ցանկացած կնոջ նման կարգավիճակի համար ես վատ կզգայի։
– Բայց, իմ կարծիքով, Դուք վատ զգալու այլ պատճառ պիտի ունենաք, եթե իսկապես Ձեր զոքանչը ՔՊ-ական է։ Ստացվում է, որ ձեր կուսակցությունում գաղափարական, սկզբունքային մարդիկ չեն հավաքված եւ կարող են թեթեւ ճնշումներին չդիմանալ, ասենք` ապօրինի հրահանգ կատարել։
– Դե, թող իրավապահները պարզեն, թե ինչ իրավիճակ է եղել, եւ ինչ իրավիճակում է նման կերպ վարվել, գուցե այնպիսի իրավիճակ է եղել, որ ինքն էլ կին է, չի կարողացել դիմադրել։
– Մենակ չասեք, որ զենքը դրել են գլխին ու ստիպել են անել: Մանավանդ, որ Վարդան Ղուկասյանին էլ իրավապահները հենց այդ ժամերին պատանդ էին պահում իր աշխատասենյակում։ Այսինքն՝ ո՞վ պետք է հրահանգ տար:
– Ես չգիտեմ՝ ինչ է եղել, բայց մի բան հստակ է, որ այդ բաժնի անխտիր բոլոր աշխատողները տնային կալանքի մեջ են։
– Իսկ Դուք չե՞ք զրուցել Ձեր զոքանչի հետ, գուցե ինքը հոգով ընդդիմադիր է, եւ իրականում ոչ թե պարտադրել են, այլ իր կամքով է փորձել Ղուկասյանին պաշտպանել` կատարվող անարդարությունը տեսնելով։
– Ոչ, չեմ զրուցել, բայց չի կարող հոգով ընդդիմադիր լինել այդ կինը, որովհետեւ մինչեւ հեղափոխությունը, երբ մենք ընդդիմություն էինք, այդ ժամանակվանից էր ինքը ՔՊ կուսակցության անդամ։
– Դուք ներկայացնում եք, որ Ձեր զոքանչը երդվյալ ՔՊ-ական է, բայց տրամաբանական է, որ պետք է նախընտրեր ազատվել գործից, երբ ընդդիմադիր Վարդան Ղուկասյանը համայնքապետ դարձավ, գոնե ազատվեր, երբ իրեն նման հրահանգ էին իջեցնում։
– Դե, ստեղծված իրավիճակում․․․ ես չգիտեմ՝ ինչ իրավիճակ է եղել, քննությունը պիտի պարզի։ Համենայնդեպս, այն անձինք, ովքեր ստիպել են, հիմա կալանքի մեջ են, չեմ կարող անուններ ասել․․․
– Իսկ հնարավո՞ր է, որպես ոչ սկզբունքային կուսակցականի, ՔՊ շարքերից հեռացնեք Ձեր զոքանչին։
– Նման քննարկում չի եղել, դա իրավական տիրույթում գտնվող հարց է:






Բաց մի թողեք
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի