ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների 13-րդ հանդիպմանը եւ իր ելույթն ամբողջությամբ նվիրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պայմանավորվածությանը, Թրամփի ուղուն, խաղաղությանն ու տարածաշրջանային համագործակցությանը:
Տպավորություն է, թե մարդը տեղյակ չի, թե որտեղ է ելույթ ունենում, եւ շփոթել է եվրոպական հարթակը մոսկովյանի հետ: Կամ էլ որոշել է ռուսների եւ ԱՊՀ երկրների «ինադու» ցույց տալ, թե ինչքան ջերմ հարաբերություններ է կառուցել Հայաստանը նախկին թշնամիների հետ եւ ինչպես է գնում դեպի Թուրքիա ու Ադրբեջան` ԱՄՆ աչալուրջ հայացքի ներքո:
Մինչ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի հասցեին, ՀՀ պաշտոնյաները տարբեր հարթակներում սեր են բացատրում մեր ագրեսոր հարեւաններին եւ աշխարհին ներշնչում, որ ամեն ինչ օքեյ է` Ադրբեջանի վարքագծում ոչ մի մերժելի բան չկա` Ադրբեջանը ոչ պատմություն է կեղծում, ոչ հավակնում է «ավտոմեքենաներով ժամանել Հայաստան», ոչ էլ Սեւանն է իրենը համարում:
Ահա այդ ելույթը.
«Հարավային Կովկասի տարածաշրջանը, անկասկած, ապրում է կարևոր փոփոխությունների շրջան՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային և մտածելակերպի մակարդակներում։
Կցանկանայի հատկապես ընդգծել այն պատմական նշանակության իրադարձությունը, որը տեղի ունեցավ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը, որտեղ կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հանդիպումը։
Վաշինգտոնյան համաձայնագրի արդյունքում Հարավային Կովկասում հաստատվել է խաղաղություն, և այժմ մենք աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ Ինստիտուցիոնալացման բաղադրիչներից մեկը երկու երկրների կողմից «Խաղաղության պայմանագրի» ստորագրումն ու վավերացումն է։ Մյուս կարևոր բաղադրիչը՝ հաղորդակցությունների ապաշրջափակումն է, որը կստեղծի տնտեսական փոխկախվածություն տարածաշրջանում և, իր հերթին, կնպաստի խաղաղության ամրապնդմանը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու հարաբերությունների կարգավորման ձգտումը հաստատող համատեղ հռչակագրի ստորագրումը դարձավ կարևոր հանգրվան մեր երկար սպասված խաղաղությանը հասնելու ճանապարհին։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների նկատմամբ։
1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որը հանդիսանում է ԱՊՀ-ի հիմնադիր փաստաթուղթը, նույնպես առանցքային դեր է խաղացել այսօրվա գործընթացի հիմքերի ձևավորման գործում։ Դրա հիման վրա մենք շարունակում ենք կառուցել մեր համագործակցությունը։ Կարևոր է ընդգծել, որ նաև արդի համատեքստում մենք պետք է հիմնվենք այս բազային սկզբունքների վրա, ինչպես և անում են Հայաստանն ու Ադրբեջանը՝ հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
Այսօր, երբ Հարավային Կովկասը աստիճանաբար ազատվում է ռազմական հակամարտությունների ծանր ժառանգությունից և անցնում է շահերի բախման տրամաբանությունից դեպի համագործակցության տրամաբանություն, բացվում են նոր հորիզոններ խաղաղ և կայուն զարգացման համար։
Կցանկանայի հատկապես ընդգծել Վաշինգտոնի համաձայնագրի շրջանակում հաղորդակցությունների բացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչպես նաև TRIPP ծրագիրը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Ներկայում Հայաստանը ակտիվորեն քննարկում է TRIPP ծրագրի մանրամասները ԱՄՆ-ի հետ, և մոտ ապագայում արդեն հնարավոր կլինի անցնել գործնական աշխատանքների իրականացմանը։
Այս նախագիծն իր մասշտաբներով և նշանակությամբ եզակի է, քանի որ այն ուղղված է այնպիսի պայմանների ստեղծմանը, երբ տրանսպորտային և հաղորդակցական ուղիները կօգտագործվեն ոչ թե որպես մրցակցության գործիքներ, այլ որպես համագործակցության և փոխադարձ բարգավաճման միջավայր։ Մենք այս քայլում տեսնում ենք ոչ միայն դրական դինամիկա ենթակառուցվածքների ոլորտում, այլև հումանիտար կապերի և փոխվստահության զարգացման գործում։ Այս գործընթացի ամենակարևոր բաղադրիչներից մեկը տրանսպորտային և հաղորդակցական ուղիների ապաշրջափակումն է, ինչը պարզապես ենթակառուցվածքային խնդիր չէ, այլ ռազմավարական քայլ՝ կայուն և երկարաժամկետ անվտանգության ապահովման ուղղությամբ։ Սա հատկապես կարևոր է նրանով, որ Հայաստանը և հարևան երկրներն ունեն զարգացման մեծ ներուժ, և հաղորդակցական ուղիների ապաշրջափակումը մեզ հնարավորություն է տալիս հասնելու ավելիին, քան պարզապես տրանսպորտային հաղորդակցության բարելավումն է:
Մենք տեսնում ենք, որ այս նոր փուլում ամենակարևոր գործոններից մեկը դառնում է բոլոր կողմերի ներառականությունը։
TRIPP ծրագրի շրջանակում մենք ձգտում ենք ստեղծել իրական համագործակցության և փոխշահավետության միջավայր։ Այս ծրագիրը նպատակ ունի ձևավորել կապեր ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև ԱՊՀ այլ երկրների հետ՝ ապահովելով հայկական տրանսպորտային ուղիների ինտեգրումն ավելի լայն ցանցերում, ներառյալ Եվրասիական տարածքում։ Սա բացում է նոր հնարավորություններ առևտրի, լոգիստիկայի և մարդկանց տեղաշարժի համար՝ միաժամանակ նպաստելով փոխկախվածության ամրապնդմանը, ինչը, իր հերթին, կարևոր գործոն է անվտանգության ապահովման գործում։
Օգոստոսի 8-ի համաձայնագրի ստորագրումից հետո իրականացվում են աշխատանքներ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև շփումների ակտիվացման ուղղությամբ։ Այսպես, հոկտեմբերի 21-22-ին Երևանում տեղի ունեցավ ադրբեջանական քաղաքացիական հասարակության պատվիրակության այց, որի նպատակն էր ակտիվացնել երկու հասարակությունների միջև շփումները։ Մենք համոզված ենք, որ նմանատիպ փոխայցերը պետք է շարունակվեն և ներառեն նոր շերտեր, ինչը կնպաստի խաղաղության պահպանմանը և ամրապնդմանը։
Այսպիսով, հաղորդակցությունների ապաշրջափակումը և նման ծրագրերը՝ ինչպիսիք են TRIPP-ը, մարդկային կապերի զարգացումը, երկխոսության ակտիվացումն ու խաղաղության ինստիտուցիոնալացումը՝ հիմնական տարրեր են, որոնք դարձնում են կայունությունն անշրջելի և ձևավորում են ողջ տարածաշրջանի բարգավաճման հիմքը։ Մենք բաց ենք երկխոսության համար, պատրաստ ենք աշխատել փոխադարձ հարգանքի ոգով և ձգտում ենք, որպեսզի մեր համագործակցությունը ոչ միայն բերի կոնկրետ արդյունքներ, այլ նաև դառնա օրինակ այլ տարածաշրջանների համար, որոնք դեռ պետք է անցնեն նման ճանապարհով։
Համոզված եմ, որ այսօրվա նիստը կլինի կարևոր քայլ՝ ավելի խաղաղ, փոխկապակցված և անվտանգ տարածաշրջան ստեղծելու ճանապարհին, որը կծառայի ԱՊՀ-ում ընդգրկված բոլոր ժողովուրդների և պետությունների բարօրությանը»։






Բաց մի թողեք
Ուշագրավ բացահայտում․ Պեսկովի նախապապը Բաքվի 26 կոմիսարներից է եղել
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել է 3 մեքենա. կան զոհ և 2 վիրավոր․ Լուսանկարներ
Շղթայական ավտովթար՝ Երևանում. խցանումն էլ հասնում էր մոտ 3 կմ-ի․ Լուսանկար