Սրբազան պայքարի գործով անցնող անձինք իրենք իրենց արարքը որակել են ահաբեկչություն՝ ԱԺ-ում երեկ հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, երբ նրանից հետաքրքրվեցին, թե ինչու է Բագրատ սրբազանի խոսքը կոնտեքստից կտրած ներկայացրել հանրությանը, թե Սրբազան շարժումն ուզում էր «գյուլլելու, նստեցնելու» միջոցով գար իշխանության։ ՔԿ ղեկավարը խրոխտ հայտարարեց, թե իր խոսքերն ապացուցվում են խուզարկությամբ հայտնաբերված ապացույցներով։
«Տեղյա՞կ եք, որ այդ գործով իրենց ձեռքով գրված ապացույցներ կան, որ արարքի որակումն ինքն իրեն տվել է՝ ահաբեկչություն, պլանավորված ահաբեկչություն։ Սենսացիա՞ եք ինձնից ուզում։ Բաց դատաքննություն է լինելու, ու կներկայացվեն սխեմաներով։ Իրենք են որակում տվել, թե ոնց են գրավում ոստիկանության շենքերը»,- ասաց Պողոսյանը եւ հորդորեց գործի հետ կապված՝ թյուր կարծիք չձեւավորել հանրության մոտ:
«Փորձում են նսեմացնել քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները, որոնք հիմնավորում են մեղքը։ Դուք կենտրոնացել եք «գնդակահարելու» դեպքի վրա։ Հիմա ինձնից ի՞նչ եք ուզում, հիմա այդ «գնդակահարելու» թիրախի փնտրտուքի մե՞ջ եք, թե ում պետք է պատերի տակ գնդակահարեին։ Եղե՞լ է նման խոսակցություն՝ պատերի տակ գնդակահարելու, այո, եղել է»,- ասաց նա։
ՔԿ նախագահն անդրադարձավ նաեւ Նաթան սրբազանի ու Աղան աբեղա Երնջակյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսմանը, նշեց, որ խոսակցության ձայնագրումը գաղտնալսում չի որակում։ «Պարզ եմ ասում` այս պահին նման տվյալ չունենք, որ դա գաղտնալսում է։ Մենք ունենք բովանդակային տվյալներ, որտեղ արտացոլված են որոշակի հանցակազմին բնորոշ գործողություններ, այդ մասով էլ վարույթ ենք նախաձեռնել»,- ասաց Պողոսյանը։ Հիշեցնենք․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։
Ըստ Քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ԱԺ-ում հայտարարեց նաեւ, որ մարդը երբեք չպետք է սուտ խոսի` թե՛ պետական պաշտոնյաները, թե՛ հոգեւորականները, եւ հատկապես հոգեւորականը բարոյական պարտավորություն ունի՝ ասել ճշմարտությունը։ Ու չնայած կարծում է, որ Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը եւս պարտավորեցնում է լինել ազնիվ ու պատասխանատու իր խոսքի մեջ, բայց միայն երեկվա ելույթը բավական էր՝ հասկանալու համար, որ այդ բարոյախրատական ճառերն իրեն չեն ուղղված` ինքը ստելու հետ կապված պրոբլեմ չունի։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Քննչական կոմիտեի նախագահի կեցվածքին ու դաստիարակչական բնույթի հայտարարություններին, ինչպես նաեւ՝ Կոմիտեի գործողություններին, նկատեց. «Նման արտառոց հայտարարություններ անելուց առաջ նա լավ կանի՝ նախեւառաջ իրեն հայելու մեջ նայի, հետո նոր միայն նման հայտարարություններ անի: Եթե նախկինում գոնե փորձում էին իրավական ձեւակերպումներով գործերին արհեստական ընթացք տալ, ապա վերջին շրջանում տեղի են ունենում բացահայտ խախտումներ, օրենքը բացահայտ արդեն շրջանցում են եւ փորձում են թիրախավորել Հայ առաքելական եկեղեցուն: Միայն այն հանգամանքը, որ Քննչական կոմիտեն կարող է նույն օրը, նույն ժամին գտնել քննիչ, որը 10 հոգեւորականի կարող է կանչել հարցաքննության միայն այն բանի համար, որ պատարագներ տեղի չունենան, դա արդեն իսկ խոսուն փաստ է: Քննչական կոմիտեի նախագահը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցներից մեկի ժամանակ ակնհայտ սուտ պնդումներ է արել, որոնք հետագայում բացահայտվել են, սակայն նա մինչ այս պահը ներողություն չի խնդրել: Այնպես որ, իր դաստիարակչական հայտարարությունների եւ դասերի թիվ մեկ հասցեատերը հենց ինքն է: Ես ունեմ 10 տարվա աշխատանքային փորձ, այս 10 տարիներին երբեւէ չեմ տեսել, որ Քննչական կոմիտեն այսքան հեղինակազրկված լիներ: Այժմ իրավիճակն ահավոր է: Արգիշտի Քյարամյանի ժամանակ գոնե քաղաքական հետապնդումներին փորձում էին իրավական շղարշ տալ, փորձում էին պրոցեսի իմիտացիա ստեղծել, իսկ այժմ արդեն քրեադատավարական գործիքները բացահայտ օգտագործվում են ապօրինի, եւ չկան համեմատության եզրեր օրենքի հետ: Անգամ մամուլի հաղորդագրություններն են ոչ պրոֆեսիոնալ: Գոռ Աբրահամյանը մի ժամանակ Գլխավոր դատախազությունում էր, այդ փուլում Գլխավոր դատախազությունն էր նման ոչ պրոֆեսիոնալ ձեւակերպումներով հաղորդագրություններ տարածում, հետո այդ անդուր ոճը տեղափոխվեց Քննչական կոմիտե, ու թեեւ հիմա չկա Գոռ Աբրահամյանը այդ կառույցներից եւ ոչ մեկում, սակայն այդ մշակույթը շարունակվում է: Պաշտոնական հաղորդագրություններ տարածելու փոխարեն զբաղվում են բացառապես քաղաքական քարոզչությամբ՝ շատ հաճախ խեղաթյուրելով քրեական գործերի տվյալները: Բայց քանի որ այս կառույցներն անթաքույց քաղաքական տիրույթ են տեղափոխվել, այս հարցի լուծումը բացառապես քաղաքական իշխանության փոփոխությունը կարող է լինել»:






Բաց մի թողեք
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի