07/11/2025

Արևելյան Եվրոպայի երկրները պետք է չբացառեն «պուգաչովյան բունտի» հավանականությունը և դրա աղետալի հետևանքները

Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցությանը բարձրացրել է ազգամիջյան հարաբերությունների հարցերով աշխատանքային խումբը կառավարական հանձնաժողովի վերափոխելու անհրաժեշտության հարցը:

Իր տեսակետը հիմնավորելու համար նա պատմական անդրադարձ է կատարել և հիշեցրել 18-րդ դարասկզբի խառնակ ժամանակները:

Պուտինի գնահատմամբ, «այդ հեռավոր իրադարձությունները պետք է դաս լինեն՝ թույլ չտալու, որպեսզի վեճերը հասնեն երկիրը փլուզող երկպառակության, թույլ չտալու պետական կառուցվածքի, պետականության հիմքերի թուլացում»:

Ռուսաստանի նախագահը գնահատել է, որ քաղաքացիների կարծիքը, սոցիոլոգիական հարցումների արդյունքները, դրանց հիման վրա կատարված վերլուծությունները պետք է լինեն ազգային քաղաքականության «հիմնական ցուցիչները»:

Ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների հարցերով աշխատանքային խումբը «խորհրդակցական և խորհրդատվական մարմին է», ձևավորվել է 2012 թվականին:

Այն գլխավորում է ՌԴ նախագահը, իսկ ընթացիկ աշխատանքների համակարգումը վերապահված է նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մահոմեդսալամ Մահոմեդովին:

Դատելով Ռուսաստանի նախագահի խոսքից, Կրեմլում արձանագրվում է, որ երկրում ազգամիջյան լարվածություն կա, որ կարող է վերաճել «փլուզող երկպառակության» և դառնալ «պետության կառուցվածքի, պետականության հիմքերի թուլացման պատճառ»:

Սա չափազանց զգաստացնող արձանագրում և հոռետեսական կանխատեսում է, եթե Ռուսաստանի նախագահը թույլ է տալիս փաստացի պատերազմական իրավիճակում նման զգայուն թեմայի շուրջ բարձրաձայնել:

Վերջերս Մոսկվայում լույս է տեսել Ալեքսանդր Պրոխանովի «Լեմներ» վեպը, որի գլխավոր հերոս Միխայիլ Լեմների նախատիպը, ինչպես գրեթե բոլոր գրաքննադատներն են եզրակացնում, «Վագներ» ռազմական կազմավորման հիմնադիր և հրամանատար Եվգենի Պրիգոժինն է:

Ռուսաստանում տպավորություն կա, որ հեղինակը Պրիգոժինին նույնացրել է խռովարար Պուգաչովի հետ և «կանխատեսել համաժողովրդական ապստամբություն»: Պուտինի կողմից 18-րդ դարասկզբի «խառնակ ժամանակների» հիշեցումը վկայում է, որ այդ անհանգստությունները հիմնազուրկ չեն:

Ազգամիջյան հարաբերությունների հարցերով պետական հանձնաժողովի կազմավորումը կլուծի՞ առկա «վեճերը երկպառակությունների չհասցնելու» հարցը: Բոլշեւիկյան Ռուսաստանն ունեցել է նաև Ազգությունների կոմիսարիատ, որ գլխավորել է Ստալինը, բայց ազգային հարցն արմատական լուծում չի ստացել:

Պուտինի պաշտոնավարման մի փուլում, երբ Արևմուտքի հետ սկզբունքային խզումն արդեն ակնհայտ էր, Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է ազգային ինքնավարությունները լուծարել և վերադառնալ ցարական վարչա-տարածքային բաժանման, վերականգնել նահանգային կառավարումը:

Կարելի է ասել, որ խնդիրը ներռուսաստանյան է, թող Պուտինն էլ մտահոգվի: Ֆորմալ առումով, իհարկե, ազգամիջյան հարաբերություններն Ռուսաստանի ներքին գործն է: Բայց նախանցյալ դարի կեսերին Միքայել Նալբանդյանը բանաձեւել է:

«Ռուսիո ազատությունը համայն մարդկության համար մեծ խորհուրդ ունի»: Եթե մի փոքր ձևափոխենք այս միտքը, ապա պիտի ընդունենք, որ Ռուսաստանի «смута»-ն կարող է համամարդկային աղետի վերածվել:

Հետխորհրդային և Արևելյան Եվրոպայի երկրները պետք է իրենց հաշվարկներում չբացառեն «պուգաչովյան բունտի» հավանականությունը և դրա աղետալի հետևանքները: