07/11/2025

«Ղարաբաղն ազատագրելուց հետո կվերադառնանք մեր հինավուրց հողերը՝ Էրիվան, Գյոյչա, Զանգեզուր». Ալիևի խոսութը …

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս արած հայտարարությունը, որում Սևանա լիճը «Գյոյչա» էր անվանել, հոգեխանգարմունքի նոպա է առաջացրել նախկին իշխանության քարոզիչների մոտ, որոնք, պարզվում է, տառապում են հիշողության սելեկտիվ խափանմամբ։

Այն է՝ չեն հիշում այն դեպքերն ու ժամանակաշրջանը, որն իրենց ձեռնտու չէ և հակասում է իրենց քարոզչական գծին։

Այդ քարոզիչների լսողական օրգանը, պարզվում է, շոկի է ենթարկվել հարևան երկրի ղեկավարի հայտարարությունից, թե՝ «20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյչա լիճը»։ Ալիևը նշել է նաև, որ «ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը։ Մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Պետական մարմինները, հասարակական կազմակերպությունները և, իհարկե, գիտնականները պետք է աշխատեն դրան հասնելու համար»։

Սերժաքոչարյանական ագիտպրոպի կարկառուններին, ենթադրվում էր, պետք է որ ցնցած չլիներ Ալիևի այս՝ քանիցս լսված խոսույթը, որից, ժարգոնային բառապաշարով ասած՝ վաղուց «մազոլներ են բուսնել» բոլորիս ականջներին, և որը, նկատենք, տեղավորվում է ՀՀ-ի դեմ շարունակվող հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ։ Այն է՝ խաղաղության հաստատման ու ամրապնդման ուղղությամբ անկեղծ ջանքեր գործադրող ու համապետական ընտրությունների նախապատրաստվող ՀՀ գործող իշխանության նկատմամբ ներհանրային անվստահություն սերմանել, վախի ու անորոշության մթնոլորտ ձևավորել, արժեզրկել խաղաղության գործընթացն ու վերջնարդյունքում ազդել ընտրություններում քվեարկության պատկերի վրա։ Ալիևը, կարելի է վստահ պնդել, հասել է իր նպատակին, քանի որ սերժաքոչարյանական քարոզչամեքենայի «վարձկաններից» շատերը ստանձնել են ադրբեջանական արտադրության քարոզչական «վիրուսը» տարածողների դերը՝ փորձելով հնարավորինս շատ մարդկանց վարակել դրանով ու քարոզչական դաշտում համաճարակային իրավիճակ ստեղծել։ Նրանցից մեկն, օրինակ, Ֆեյսբուքում այսպիսի տեքստ էր արտածել. «Սևա՞ն, թե՞ «Գյոյչա». գալիք խորհրդարանական ընտրություններում հայ հասարակությունը պետք է ընտրություն կատարի իր ճակատագրի այս երկու տարբերակների միջև։ …Կան Սևանի կողմնակիցներ և «Գյոյչայի» կողմնակիցներ»։

Ի գիտություն հարևան երկրի, թող գռեհիկ չհնչի, լեզվի լորձաթաղանթի պարունակությամբ սնվողների՝ Ալիևը առաջին անգամ չէ, որ զբաղված է Հայաստանի, հայկական տեղանունների «ադրբեջանաֆիկացմամբ» ու ՀՀ վերադառնալու իր անուրջների մասին թոթովելով։

Ադրբեջանական ազգայնական դիսկուրսի «առաջին ծաղիկների հոտն» առել ենք առնվազն 15 տարի առաջ։ 2010 թվականին Ստամբուլում կայացած թյուրքական երկրների ղեկավարների սամիթում ունեցած ելույթում Ալիևը հայտարարել է. «XX դարասկզբում Զանգեզուրի Ադրբեջանից անջատմամբ և այն Հայաստանին փոխանցմամբ, ըստ էության, ընդհատվել է թյուրքական աշխարհի աշխարհագրական կապը։ Բնականաբար, մեր կապերն օրեցօր ամրապնդվում են, սակայն աշխարհագրորեն մենք միմյանցից տարանջատված ենք»։ «Եթե նայենք քարտեզին, ապա կտեսնենք, որ եթե այդ պատմական անարդարությունը չկատարվեր, ապա այսօր միասնական թյուրքական աշխարհը կմնար միասնական տարածք նաև աշխարհագրական առումով»։

ԵԱՏՄ-ի անդամ մեր «ստրատեգիական դաշնակից» պետությունների ղեկավարների ներկայությամբ արված այս հայտարարությանը, նկատենք, այդ երկրների ղեկավարներից և ոչ մեկը չարձագանքեց։ Նույն 2010 թվականին կառավարության նիստում Ալիևը հայտարարեց. «Մենք չենք կարող թույլ տալ, որ երկրորդ հայկական պետությունը ստեղծվի ադրբեջանական հողերի վրա։ Առաջին հայկական պետությունը ստեղծվել է 1918-ին ադրբեջանական հողերի՝ Երևանի խանության և Զանգեզուրի շրջանի վրա»։

2011 թվականին իր ամանորյա ուղերձում Ալիևը նշել էր. «Բոլորս լավ գիտենք, որ ներկայիս Հայկական պետությունը ստեղծվել է ադրբեջանական պատմական հողերի վրա: Իրևանի խանությունը, Զանգեզուրի մահալը, այլ տարածաշրջաններ մեր պատմական հողերն են»: Սերժ Սարգսյանն էլ ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովում իր ելույթում բողոքելով Ադրբեջանի ղեկավարության «բացահայտ հայատյաց ելույթների, թշնամանքով, ագրեսիայով, բռնություն սերմանող կոչերով» լի հայտարարություններից՝ մասնավորապես հակադարձել էր. «Ադրբեջանի պաշտոնյաները որևէ առիթ բաց չեն թողնում ասելու, որ ՀՀ մայրաքաղաք Երևանը գտնվում է, այսպես կոչված, «պատմական ադրբեջանական հողերի» վրա»:

Եվ խոսելով ԼՂ խնդրի կարգավորման համատեքստում Ալիևի ցուցաբերած կեցվածքի մասին՝ շեշտել էր՝ «այս փուլում Ադրբեջանը հետաքրքրված չէ ԼՂ-ի պրոբլեմի լուծմամբ, նրա միակ նպատակը Հայաստանին առավելագույն վնաս հասցնելն է»։

2014-ին Աղդամի շրջանում տեղակայված զորամաս այցելության ժամանակ Ալիևը կրկին գործածել էր իր սիրելի խոսույթը․ «Էրիվանի խանությունը, Զանգեզուրը, Գոյչան՝ բոլորն էլ մեր պատմական հողերն են։ Մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այս հողեր և մենք կանենք դա։ Մենք պետք է վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»։ 2015-ի մարտին էլ Ալիևը հայտարարեց. «Ադրբեջանը կվերականգնի պատմական արդարությունը և կվերադարձնի ոչ միայն անջատված Լեռնային Ղարաբաղի մարզը և նրա շրջակա տարածքները, որոնք ներկայումս գտնվում են հայերի ձեռքում, այլև ներկայիս Հայաստանի որոշ հատվածներ։ Ղարաբաղն ազատագրելուց հետո մենք՝ ադրբեջանցիներս, կվերադառնանք մեր հինավուրց հողերը՝ Երևան, Գյոյչա, Զանգեզուր և այլն։ Երիտասարդ սերունդը պետք է իմանա, որ մեր հողերը չեն սահմանափակվում միայն անկախ Ադրբեջանի ներկայիս տարածքներով։ Մենք պետք է վերադառնանք նաև այդ հողերը և կվերադառնանք»։

2016 թվականի դեկտեմբերին՝ ապրիլյան պատերազմից հետո, Ալիևը կրկին «ադրբեջանական պատմական հողերի» խոսույթն էր զարգացրել փոքր ինչ այլ՝ ՀՀ-ն դատարկվելու համատեքստում։ «Այսօր մենք չենք հավակնում ներկայիս Հայաստանի Հանրապետության հողին: Մենք մտադիր չենք ռազմական ճանապարհով վերադարձնել ոչ Երևանը, ոչ Մեղրին, ոչ Գորիսը: Բայց ես համոզված եմ, որ կգա ժամանակը, և մենք` ադրբեջանցիներս, կվերադառնանք մեր բոլոր պատմական հողերը։ …Հայաստանում բնակչության թիվը նվազում է:

Դա տեղի է ունենում թե բնական պատճառներով, թե արտագաղթի պատճառով, թե հուսահատության, անելանելիության, կամայականության հետևանքով: Հայաստանի ֆաշիստական ռեժիմը, փաստորեն, երկրում ստեղծել է անտանելի պայմաններ: Այդ պատճառով բնակչությունն այնտեղ կնվազի, կլքի երկիրը, ինչպես տեղի է ունենում այսօր: Մենք կվերադառնանք մեր հողերը: Դրա համար անհրաժեշտ են մտածված ռազմավարություն, հայեցակարգ»,- նշել էր հարևան երկրի ղեկավարը։

2018-ին արդեն «Յենի Ազերբայջան» կուսակցության համաժողովի ժամանակ հորդորելով չմոռանալ «իրենց» «պատմական հողերի» մասին՝ Ալիևը նշել էր. «Մեր պատմական հողերը Երևանի խանությունը, Զանգեզուրը և Գոյչան են։ Երիտասարդ սերունդը և ամբողջ աշխարհը պետք է իմանա սա։ … Էրիվանը մեր պատմական հողն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ պատմական տարածքներ։ Սա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը, և մենք պետք է աստիճանաբար հասնենք դրան»։

Նույն՝ 2018 թ. հունիսին էլ Թարթառ քաղաքում օլիմպիական համալիրի բացման ժամանակ Ալիևն ազդարարել էր, թե իբր Երևանը 1918-ին «նվիրվել է» Հայաստանին, «իրողություն, որը աններելի է և չպետք է մոռացվի»։ «Զանգեզուրը՝ մեր պատմական հողը, նույնպես փոխանցվել է Հայաստանին։ Զանգեզուրի փոխանցմամբ աշխարհագրական բաժանում տեղի ունեցավ մեծ թյուրքական աշխարհում, և Ադրբեջանի հիմնական մասը կորցրեց սահմանը Թուրքիայի հետ»,- զառանցել էր Ադրբեջանի նախագահը։

Արդ, ինչպե՞ս էին ժամանակին ադրբեջանական ազգայնական պրոպագանդային արձագանքում նախկին ռեժիմի կարկառունները՝ անադեկվատ, ընդհուպ ռազմահայրենասիրական հեգնանքով, «Հավը երազում կորեկ է տեսնում. Ալիևի հայտարարությունները դառնում են ծաղրի առարկա» ոճով։

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, մասնավորապես 2016-ին, ԼՂ խնդրի կարգավորման համատեքստում փոխզիջումների մասին խոսելով՝ տրտնջացել էր․ «Եթե Ադրբեջանը խոսում է պատերազմ վերսկսելու, Սևան, Զանգեզուր, Երևան հասնելու մասին, նման ոչ ադեկվատ հայտարարություններ է անում, մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ միջնորդ կողմերը պետք է պրեսինգի ենթարկեն Ադրբեջանին»։

Նկատենք, սակայն, որ միջազգային կառույցները և երրորդ երկրները հիմնականում անտեսել են ՀՀ տարածքի՝ «պատմական ադրբեջանական» հող լինելու և դրանք «վերադարձնելու» մասին Ալիևի հայտարարությունները։

2018-ին Բուլղարիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արձագանքելով Ալիևի՝ «պատմական հողեր» վերադառնալու մասին հոխորտանքներին՝ Սերժ Սարգսյանը մասնավորապես հայտարարել էր. «Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն ու միայն մի պարագայում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական, անիրատեսական ակնկալիքներից բանակցությունների արդյունքների առումով: Մինչև նրանք դրանից չհրաժարվեն, այլ շարունակեն մնալ անուրջների մեջ և զառանցել Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որևէ հույս չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել»։

Ի դեպ, նույն Սերժ Սարգսյանը նախօրեին, արձագանքելով լրագրողի դիտարկմանը՝ Ալիևի կողմից Սևանը «Գյոյչա» կոչելու վերաբերյալ, թոթվեց ուսերն ու իրեն հատուկ տոնայնությամբ գուժեց. «Ես չեմ տեսնում խաղաղություն, ուղղակի չեմ տեսնում»։ Ինչպե՞ս կարող է մեկը տեսնել մի բան, այն էլ՝ խաղաղություն, որին հասնելու համար ինքը 10 տարի ուզուրպացրել է ՀՀ նախագահի պաշտոնն ու զբաղվել ԼՂ խնդրի «խաղաղ կարգավորման» բանակցությունների իմիտացիայով, իսկ իրականում՝ ՀՀ-ի անվտանգային իմունիտետը քայքայելով ու հետաձգված պատերազմը այսօր խաղաղություն բերած իշխանությանը ժառանգելով։

Հ․ Մանուկյան