Շուրջ վեց տարի է՝ Երևանում ընթացքի մեջ է 28 փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագիրը։
Այն ներառում է պայմանագրային ցանկում նշված փողոցների հենասյուների տեղադրման և վերակառուցման, մալուխային ցանցի ստորգետնյա խրամուղիներով անցկացման, լուսատուների փոխարինման և կառավարման համակարգի ստեղծման աշխատանքներ։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ծրագրի իրականացման ընթացքը, վերջնաժամկետների փոփոխության պատճառներն ու ծրագրի ավարտման ակնկալիքները։
Ծրագրի մեկնարկն ու ընթացքը
Ծրագրի իրականացման մասին առաջին պաշտոնական հաղորդագրությունը տարածվել է դեռևս 2015 թվականին՝ նշելով Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև «Երևանի քաղաքային լուսավորության» վարկային ծրագրի ստորագրման մասին։
Վարկային ծրագրի ստորագրումից չորս տարի անց՝ 2019 թվականի հունվարի 11-ին, Երևանի քաղաքապետարանը հայտարարել է ծրագրի իրականացման համար նախատեսված պայմանագրի կնքման մասին։
«Քաղաքի գիշերային լուսավորության անընդհատ ապահովման շնորհիվ մեր քաղաքը կլինի ավելի անվտանգ և առավել գրավիչ զբոսաշրջիկների համար։ Հատկանշական է, որ այս ծրագրի շրջանակներում կլուծվի նաև վերգետնյա մալուխային ցանցի հարցը, որն այսօր արդեն անվտագության խնդիր ունի՝ իջեցնելով վերջիններս ստորգետնյա կապուղիների մեջ», — նշել էր քաղաքապետ Հայկ Մարությանը։
Պայմանագրով նախատեսված է հետևյալ աշխատանքների իրականացումը․
-Մոտ 80 կմ խրամուղու կառուցում
-Տարբեր հզորությունների շուրջ 2200 LED լուսատուների տեղադրում
-Շուրջ 1200 նոր սյուների տեղադրում, առկա 800-ից ավել սյուների նորոգում
-Կառավարման համակարգի տեղադրում:
Չնայած պայմանագիրը կնքվել է տարեսկզբին, 2019-ի զարգացման ծրագրի տարեկան հաշվետվության մեջ նշված է՝ պայմանագրի շրջանակներում 2019 թվականի ընթացքում շինաշխատանքներ չեն իրականացվել: Առաջին տարվա ընթացքում իրականացվել են միայն փողոցային լուսավորության էսքիզային նախագծերի կազմման աշխատանքներ։
Երևանի քաղաքապետարանի փոխանցած տեղեկության համաձայն՝ 2020 թվականին կատարվել են աշխատանքային նախագծերի կազմման, ինչպես նաև Թումանյան փողոցի լուսավորության արդիականացման աշխատանքներ։
Սխալ հաշվա՞րկ, թե՞ չիմացություն․ Թումանյան փողոցում 5 տարի է՝ շինարարություն է
Երևան քաղաքի զարգացման 2021 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մեջ քաղաքապետարանն արդեն նշել էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի քաղաքային լուսավորություն վարկային ծրագրերի շրջանակում 28 փողոցներից 5-ում արդիականացման աշխատանքների մեկնարկի մասին, ապա տեղեկացրել ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների և այդ հիմքով նախագծում կատարվելիք փոփոխությունների անհրաժեշտության մասին։
2022 թվականին աշխատանքներ են իրականացվել Մյասնիկյան պողոտա, Աճառյան և Ամիրյան փողոցներում։
Խոստացված վերջնաժամկետների ու ձգձգումների մասին
2023 թվականի Երևանի զարգացման ծրագրով քաղաքապետարանը խոստացել էր ծրագրով նախատեսված 28 փողոցներում ծրագիրն ավարտել մինչ տարեվերջ։
Ծրագիրը, սակայն, 2023-ին չի ավարտվել։ Ինչպես երևում է քաղաքի 2024 թվականի զարգացման ծրագրում, այն շարունակվել է նաև այդ տարի։ Ծրագրի իրականացման սկիզբ և ավարտ տողում նշված է՝ 2024 թվականի ընթացքում։

2024-ին աշխատանքերն իրականացվել են 5 փողոցներում․
- Վարդանանց,
- Նալբանդյան,
- Թումանյան,
- Հանրապետության,
- Խորենացի։
2025 թվականին լուսավորության արդիականացման ծրագիրը մեկնարկել կամ շարունակվել է ևս 5 փողոցներում․
- Մյասնիկյան,
- Աճառյան,
- Նալբանդյան,
- Թումանյան,
- Խորենացի։
Առկա իրավիճակը
FIP.am-ի հարցմանն ի պատասխան ստացված Երևանի քաղաքապետարանի գրությամբ պարզ է դարձել, որ ծրագրի մեկնարկից յոթ տարի անց իրականացված է դրա ընդամենը 35 տոկոսը։ Ծրագրում ընդգրկված 28 փողոցներից աշխատանքներ իրականացվել են միայն 8-ում։
Չնայած այս ցուցանիշին՝ մեր հարցին, թե ծրագրի իրականացման ժամկետների փոփոխություններից հետո ի վերջո ի՞նչ վերջնաժամկետ է սահմանված 28 փողոցների արտաքին լուսավորության արդիականացման ծրագրի ամբողջական ավարտի համար, քաղաքապետարանը պատասխանել է, որ ծրագրի ավարտի վերջնաժամկետ է սահմանվել 2026 թվականի մարտի 1-ը։
Այսպիսով, Երևանի շուրջ երեք տասնյակ փողոցների լուսավորության արդիականացման ծրագրի մեկնարկից վեց տարի անց իրականացված է աշխատանքների շուրջ 35 տոկոսը, մինչդեռ ծրագրի վերջնաժամկետին մնում է հինգ ամսից էլ պակաս ժամանակ։
Գայանե Մարկոսյան








Բաց մի թողեք
Փաշինյանը իրական աջակցության կարիք ունի, որը դեռևս չի ստանում, ու պարզ էլ չի երբևէ կստանա՞
Ինչու կանգ առաք, դուք մեծ բանակ ունեք․ Ինչ է ասել Թրամփը՝ Ալիևին
Ադրբեջանը «հաստատված խաղաղության» պայմաններում հաղթանակի զորահանդես է անցկացնում, Էրդողանին են հյուրընալել