«Հրապարակի» զրուցակիցն է Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանն է:
– Սկզբում սրբազաններին, հետո Վեհափառ հայրապետի 68-ամյա եղբորը կալանավորեցին: Մոտենում են Վեհափառի՞ն․․․
– Մենք պիտի սրա արարքի հիմքը տեսնենք իր՝ իշխանության գալու մեջ: Նա եկավ իշխանության մայիսի 8-ին՝ մեր հաղթանակների օրը: Ի՞նչ էր ասում, ասում էր՝ հպարտ քաղաքացի, ձեռքերդ վեր: «Հպարտություն»-ից որ «հ» տառը հանում ենք, մնում է «պարտություն»-ը: Մեր սուրբերը հպարտությանն ասում էին հրեշտակի պարտություն, որովհետեւ առաջին հպարտը սատանան էր: Սեւ ծիսակարգ էր՝ ասում էր՝ պարտված քաղաքացի, ես քո հաղթանակները տանում եմ պարտության: Հետո եթե մենք նայում ենք՝ Շուշին ե՞րբ ինքը հանձնեց՝ թուրքի դրոշի օրը, Քարվաճառը հանձնեց Մոնթեի ծննդյան օրը, կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրեց Արցախի հանրաքվեի օրը, ինքը Սյունիք եկավ՝ մենք ճանապարհ էինք փակել՝ Նժդեհի մահվան օրը: Հետո սկսեցին «Նոր Հայաստան-նոր հայրապետ» շարժումը՝ հարձակումը Եկեղեցու դեմ, դրանից հետո եղավ Արցախյան պատերազմ: Չե՞ք նկատում, որ հող է նախապատրաստում Սյունիքի համար: Ես այս սիմվոլիկան իզուր չեմ մեջբերում, որ ինքը Սյունիք էր եկել Նժդեհի մահվան օրը:
– Ուզում եք ասել՝ Վեհափառի դեմ այս շարժումը Սյունիքը հանձնելու գործընթացին նախորդող քա՞յլ է:
– Աստծո բարկությունն է գրգռում: Ինքն իրեն Քրիստոսի տեղը դրեց, հետո էլ ասեց՝ Պապ թագավոր, դե, ինքը Պապ թագավորից վատ վախճանի է արժանանալու, փաստացի ինքն Աստծո դերն է ստանձնել՝ ուզում է ինչ-որ բան անի: Պայքարը Վեհափառի դեմ չէ, եթե Վեհափառի դեմ լիներ, մի քիչ ուրիշ տեսանկյունից կարող էինք նայել: Տեսեք, «Եկեղեցու պատմություն» առարկան հանեց կրթական ծրագրից․ Վեհափառը կապ ունե՞ր դրա հետ՝ չուներ, «Հայոց պատմությունը» փոխեց «Հայաստանի պատմության»: Այն անանուն նախկինը, որ ասեց, որ ավելի ուժեղ ուժերի են պարտվել, նա ուղղակի մի բան ասեց, որ Հայաստանը տրված է արտաքին կառավարման, Հայաստանն արտաքին կառավարիչներն են կառավարում: Սա Հայաստանի Հանրապետության երրորդ ինչ-որ մեկն է հայտարարել:
– Նկատի ունեք Սերժ Սարգսյանի՞ն:
– Ես անուններ տալիս եմ գիտե՞ք, թե որ դեպքում, այն մարդկանց անուններն եմ տալիս, ովքեր անուն ունեն, անանուն մարդկանց անուններ ես չեմ տալիս: Օրինակ, Մանթաշյան անունը կարող եմ տալ, որ մեծ գործ է արել, Վարդան Մամիկոնյանի անունը կարող եմ տալ, որ հայապահպան գործ է արել, Նժդեհի անունը կարող եմ տալ։ Անանուն մարդկանց անունը պետք չէ տալ: Այս պայքարը Վեհափառի շուրջ, այդ օղակն ինքը սեղմում է, բարեկամներին է ձերբակալում եւ այլն, եւ այլն, անգամ իրենց սատելիտների միջոցով ինձ են ասել, որ ինձ էլ կձերբակալեն: Այս պայքարն ուղղակի Եկեղեցու դեմ է, որովհետեւ ինքը բանվոր է՝ արտաքին ուժերի դրածո է, այնտեղից ինչ ասում են, ինքն անում է: Մի բան հիշեցի՝ մի երկրի ղեկավարի սատանան տանում է շղթայակապ, մեր սուրբերից մեկը տեսնում է, ասում է՝ այս ո՞ւր ես տանում, սատանան էլ ասում է՝ արդեն իմն է: Ասում է՝ ուրեմն մեր նախարարներն ազատ են, ասում է՝ ոչ, սա ինչ ասի, նրանք կանեն: Հիմա որ մենք հասկանանք, թե մեր երկրի կառավարումն ինչպես է իրականացվում՝ սատանան սրան բերել է, դրել է, շղթայակապել է, սա ինչ ասում է, նրանք անում են: Արդյունքում բոլորը մեր հայրենիքի դեմ են գործում: Այս ընտրությունները որ պիտի լինեն, այդ նույն արտաքին կառավարիչները փորձելու են սրան վերարտադրել, որ սա Սյունիքի հարցը լուծի: Սրանից մեկ տարի առաջ ես ասել եմ՝ Եկեղեցի-Սյունիք, Եկեղեցու դեմ քայլերը սկսել է, որ Սյունիքը հանձնի, որից հետո իր ավարտը լավ չի լինելու: Այսինքն, այստեղ Վեհափառն այդքան էլ կապ չունի, ուղղակի փորձում են ամեն ինչ անել, որ թողնի գնա: Կաթողիկոսը բանտում էլ լինի, կաթողիկոս է, տիեզերքում էլ լինի, կաթողիկոս է: Որտեղ էլ լինի, կաթողիկոս է, իրեն ոչինչ չեն կարող անել, դրա համար էլ կողքիններին ճնշում են, որ ինքն այդ ճնշումներին ենթարկվի՝ դուրս գա:
– Իսկ կենթարկվի՞ ճնշումներին:
– Ես իրեն իմանալով կասեմ՝ ոչ, անիմաստ մի տանջվեք, ձեր դժոխքի հատակը շատ ավելի մի խորացրեք:
– Կարգալույծ Ստեփան Ասատրյան, Տեր Թադե, Տեր Տարոն, ովքեր կարգալույծի հետ պատարագ են անցկացնում Փաշինյանի համար: Կարո՞ղ է պարզվել, որ նման մարդկանց թիվը եկեղեցում շատ է:
– Ըստ օդում կախված լուրերի, ինչպես հայտնի սրբապիղծն էր ասում, ինքը տառապում է 30 հոգեւորականի գնելու համար՝ 30 արծաթի խորհրդանիշով: Օդից կախված լուրերով, որ այս հրեշի հիմնադրամից 500 հազար դոլար գումար է փոխանցվել այդ Ասատրյանին, անունը դրել են Օհանավանքը վերանորոգելու համար: Այսինքն, ֆինանսական բավականին մեծ աշխատանք են տարել: Մեկ ուրիշ տեղից էլ լսել եմ՝ նորից օդից կախված լուրերով, որ 5 միլիարդ դրամ են ներդրել, որ այդ հոգեւորականներին գնեն: Ես չեմ զարմանա, եթե գնեն, որովհետեւ Հիսուսի հետ էլ էին շրջում 12 հոգի, մեկը մատնեց, դավաճանեց: Մատնիչներ ամեն տեղ կան՝ թե՛ ձեր հիմնարկությունում, եթե՛ մեզ մոտ։ Պարզապես եթե նպաստավոր պայմաններ ստեղծվեն, որ իրենք գլուխ բարձրացնեն. նպաստավոր պայման չկա՝ չեն երեւում:
– Լուրեր են պտտվում, որ հաջորդ թիրախները Սյունիքի եւ Գուգարաց թեմի առաջնորդներն են:
– Գուգարաց թեմի առաջնորդը շատ բացճակատ խոսում է, Սյունյաց թեմի առաջնորդն էլ սուսուփուս չէ, ամեն ինչ էլ կարող է լինել: Այդտեղ սրբազանների հարցը չէ, իրենք մատնացույց են անում թերությունները, եթե մեկին ուզում ես կործանել, դու անընդհատ իր թերություններն ես մատնացույց անում, եթե մեկին ուզում ես օգնել, դու անընդհատ իր առավելություններն ես ցույց տալիս, որ բարձրացնես: Հիմա սրանք թերությունն են ցույց տալիս: Դա խոսում է այն մասին, որ Եկեղեցու դեմ է պատերազմը՝ թիրախավորելով հոգեւորականներին։
– Հաջողության կհասնե՞ն:
– Պապ թագավորն էլ փորձեց ինչ-որ բան անել՝ հաղթանակե՞ց: Եկեղեցու գլխին Քրիստոսն է, Սուրբ Գրքում ասվում է, ով որ կպնի՝ պիտի փշրվի, իրենք կպել են՝ փշրվելու են, հաղթանակ չկա այդ հարցում: Իրենք ուզում են Եկեղեցին հեղինակազրկել, նկատե՞լ եք՝ Փաշազադեն այնտեղ խոսում է, սա երկու օր հետո սկսում է գործել: Ալիեւն ասում է Գյոկչա՝ սրանք պաշտպանում են դա: Իրենք հայի, հայկականության, հայի գենի հետ կապ չունեն․ հայ մարդը կասե՞ր՝ թող թուրքը գա կոտորի, միայն նախկինները չգան: Չի ասի հայ մարդը, ցեղասպանություն տեսած հայ ազգի ներկայացուցիչը չի ասի նման բան: Նման բան ասողները, անողները խառնածիններ են:






Բաց մի թողեք
Ոստիկանությունը ճիշտ կաներ, եթե այդպես բերանները փակելով եկեղեցուց դուրս բերեր կեղծ հոգևորականներին․ Հայկ Դորունց
Իջևանում հասարակական տրանսպորտ չի գործում գյուղերի ու մարզկենտրոնի միջև
Բաքվում աղոթում են, որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն հաղթի 2026-ի հունիսի 7-ին