«Ադրբեջանի կողմից Հայաստանի համար նախատեսված ապրանքների տարածման խոչընդոտների վերացումն ամենեւին չեմ կապում վաշինգտոնյան պայմանավորվածությունների հետ»,- անդրադառնալով Ադրբեջանի, այնուհետեւ Վրաստանի տարածքով ռուսական ցորենի Հայաստան տեղափոխմանը՝ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Ադրբեջանի այս քայլը հաջորդեց Դուշանբեում անցկացված ԱՊՀ անդամ երկրների գագաթնաժողովին, հետեւաբար՝ գործ ունենք ռուսական նախաձեռնության հետ:
Պատահական չէ, որ այսօր բավականին սպառիչ մեկնաբանություններով իմ նշած փաստն անուղղակիորեն հաստատել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը: Այսպիսով, Ռուսաստանը փորձում է Կովկասում իր ազդեցությունը պահպանել գոնե կամ մեծացնել՝ կոմունիկացիաների նկատմամբ որոշակի մոդերատորություն իրականացնելով, հետեւաբար եկեք արձանագրենք, որ սա ավելի շատ ռուսական նախաձեռնություն է: Եվ, այո, առաջին հերթին Մոսկվան պայմանավորվել է Բաքվի հետ, բայց կարծում եմ, որ Երեւանն էլ որոշակի մասնակցություն ունի այս պայմանավորվածություններին»,- ասաց քաղաքագետը: Հարցին, թե արդյոք այս գործընթացը չի՞ վնասում Վրաստանի հետ հարաբերություններին, քաղաքագետը նկատեց, որ Վրաստանի հետ ճիշտ աշխատելու դեպքում որեւէ ռիսկ չի կարող առաջանալ Թբիլիսիի հետ, որովհետեւ ցանկացած պետություն փորձում է դիվերսիֆիկացնել իր կոմունիկացիաները, որով արտերկրից տարբեր տեսակի ապրանքներ է ստանում:
«Այս առումով Վրաստանի հետ պետք է նորմալ աշխատել, մանավանդ որ Ադրբեջանով եկող բեռները, ըստ էության, տեղափոխվում են Վրաստանի տարածքով՝ դրանք միանգամից Հայաստան չեն մտնում: Օրինակ, ղազախական ցորենն Ակտաուով գալիս է Ադրբեջան, ադրբեջանական երկաթգիծը միանում է վրացական երկաթգծին, այնտեղից տեղափոխում է Հայաստան»,- ասաց Սուրենյանցը: Իսկ Փաշինյանի կողմից վաշինգտոնյան բանակցությունների ֆոնին ռուսական կողմի հետ պայմանավորվածությունները կյանքի կոչելն արդյոք չի՞ բերի մեր տարածաշրջանում ամերիկա-ռուսական նոր լարվածության, այսպես թե այնպես մեր տարածաշրջանում մոդերատորության նպատակով մրցակցության համար: Քաղաքագետը չի բացառում, որ լարվածություն կառաջանա, բայց հարցն այն է, թե Հայաստանի իշխանություններն ինչ քաղաքականություն կվարեն. արդյոք կփորձե՞ն այնպես անել, որ աշխարհաքաղաքական շահերը մեր երկրում ներդաշնակվեն, թե՞ այնպիսի քաղաքականություն կվարեն, որի հետեւանքով մեր երկիրը կդառնա աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ:
«Սկզբունքորեն եկեք չբացառենք՝ տեսական մակարդակով, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, այնուամենայնիվ, դիվանագիտական խողովակներով ինչ-որ շփումներ կան, եւ այս հարցում նրանց միջեւ ինչ-որ կոմպրոմիսներ եւ համաձայնություններ էլ կան»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան
Իրավական լիկբեզ ՔՊ որոշ ներկայացուցիչների և այլ մոլորվածների համար․ Լիլիթ Գալստյան