08/11/2025

Բաքուն հայտարարություն է տարածել նոյեմբերի 8-ի՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել նոյեմբերի 8-ի՝ այսպես կոչված «Հաղթանակի օրվա» կապակցությամբ։

Հայտարարության մեջ նշվում է, որ «այս մեծ օրը, որը հավերժ դրոշմվել է ադրբեջանցիների սրտերում, խորհրդանշում է ոչ միայն 44-օրյա Հայրենական պատերազմում փառահեղ հաղթանակի տոնակատարությունը, այլև ծառայում է որպես ազգային ուժի, վճռականության և միասնության հավերժական մարմնացում»։

Նշվում է, որ հինգ տարի առաջ, «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վճռական ղեկավարության և զինված ուժերի աննախադեպ քաջության շնորհիվ, ավարտվեց Հայաստանի կողմից գրեթե երեսուն տարվա ռազմական օկուպացիան, և վերականգնվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

«Մեծ վերադարձ» ծրագրի միջոցով Ադրբեջանն իր անսասան կամքն ու լայնածավալ ռեսուրսներն ուղղորդում է օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման մեծ խնդրի իրականացմանը։ Ներքին տեղահանված անձանց իրենց հայրենի հողեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովումը մեր Հաղթանակի էության և գերագույն նպատակի ամենավառ դրսևորումն է»,-ասվում է գերատեսչության ուղերձում։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նաև ասվում է, որ «Ադրբեջանը հետևողականորեն խթանում է Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը և տարածաշրջանային համագործակցությունը».

«Ադրբեջանը ակտիվորեն ներգրավված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ հիմնվելով ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա՝ տարածաշրջանային կայունության, համագործակցության և կայուն զարգացման համար։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և Հայաստանի առաջնորդների գագաթնաժողովը պատմական նշանակություն ունի։

Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական իմպուլսը իրական առաջընթացի վերածելու համար անհրաժեշտ են իրական քաղաքական կամք և կառուցողական քայլեր։ Այս համատեքստում Հայաստանը պետք է ճիշտ գնահատի այս կարևոր հնարավորությունը, իր Սահմանադրությունից ամբողջությամբ հեռացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները և հարգանք ցուցաբերի տարածաշրջանային նոր իրողությունների նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի ստորագրել խաղաղության պայմանագիր»։