08/11/2025

Լավրովը «կորցրել է նախագահ Պուտինի մոտ վստահությունը»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «կորցրել է նախագահ Պուտինի մոտ վստահությունը»:

Այդ մասին գրում է The Moscow Times պարբերականը, որի տեղեկություններով՝ ՌԴ արտաքին գործերի նախարարի փոխարեն G20 գագաթնաժողովի ռուսաստանյան պատվիրակությունը կգլխավորի Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը:

Պարբերականը նաև ուշադրություն է դարձրել, որ Լավրովը «բացակայել է ՌԴ Անվտանգության խորհրդի նոյեմբերի 5-ին նիստին, որտեղ քննարկվել է միջուկային լիամասշտաբ փորձարկումների նախապատրաստվելու հարցը»:

The Moscow Times-ը Լավրովի «ենթադրյալ պաշտոնանկումը» կապում է ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հետ հոկտեմբերի 21-ի նրա հեռախոսազրույցի հետևանքների հետ: Այդ հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփը չեղարկել է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որ պետք է կայանար Բուդապեշտում՝ երկու օր հետո:

Ըստ վստահելի տեղեկությունների, այդ հեռախոսազրույցից ԱՄՆ պետքարտուղարը հասկացել է, որ Ռուսաստանը բանակցությունների պատրաստ չէ և նախագահ Թրամփին հորդորել է «Պուտինի հետ անիմաստ հանդիպման վրա ժամանակ չծախսել»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության «արտառոց» կեցվածքը դրսևորվել է ավելի վաղ, քան տեղի կունենար Ռուբիո-Լավրով հեռախոսազրույցը, երբ փոխարտգործնախարար Ռյաբկովը հայտարարել է, որ Թրամփ-Պուտին Անքորիջի հանդիպման «ազդակներն սպառվել են»:

Դա կարելի էր համարել Կրեմլի պաշտոնական տեսակետ, եթե արտաքին քաղաքական հարցերով Պուտինի օգնական Ուշակովն անմիջապես հակառակը չպնդեր: Այդ փուլում մենք նույնիսկ կանխատեսել ենք, որ Ռուսաստանի նախագահը 76-ամյա Լավրովին, հավանաբար, «պատվավոր թոշակի կուղարկի»:

Ըստ երևույթին, ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում Լավրովը թույլ է տվել «Պուտինից ավելի Պուտին ներկայանալ», իսկ հետևանքը ոչ միայն ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպման չեղարկումն է, այլև «Ռոսնևթ» և «Լույօյլ» նավթային ընկերությունների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները և օրվա մեջ միլիարդավոր դոլարի հասնող կորուստները:

Լավրովն իրեն չափազանց «էքստրավագանտ» է դրսևորում հատկապես հետխորհրդային տարածքի երկրների հետ շփումներում: Բավական է հիշել մայիսին Սամարղանդում նրա սադրած սկանդալը, երբ կոպիտ դիտողություն է արել, թե հուշահամալիրում ինչո՞ւ ռուսերեն գրություն չկա:

Լավրովին, իհարկե, կարելի է ևս մեկ պետական պարգև շնորհել և ուղարկել «պատվավոր հանգստի», իսկ Ռուսաստանի միջազգային մեկուսացման, կոնֆրոնտացիոն արտաքին քաղաքականության, Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմ սկսելու և համաեվրոպական անվտանգային ճգնաժամ ստեղծելու համար ո՞վ է գլխավոր պատասխանատուն:

Տպավորություն կա, որ Մոսկվայում մտադիր են ավանդական սցենար խաղարկել՝ «ցարը տեղյակ չէ, բոյարներն են մեղավոր» պատմական ավանդույթով: Բայց դա լուծում չի լինի: