08/11/2025

Լավրովի կողմից 2020 թ․ հոկտեմբերի 9-ի փաստաթուղթը չէր նախատեսում «ադրբեջանական տարածքների ազատագրում»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի կողմից 2020 թ․ հոկտեմբերի 9-ին՝ Ղարաբաղի վերաբերյալ առաջարկված փաստաթուղթը չէր նախատեսում «ադրբեջանական տարածքների ազատագրում»։

«Դա նշանակում էր իրավիճակի լիակատար սառեցում, որից հետո ոչինչ չէր կարող պատահել։ Մենք, մեր դիրքորոշումից ելնելով, հայտարարեցինք, որ պատրաստ ենք բանակցել Հայաստանի հետ, բայց թող նա նշի, թե երբ է իր զորքերը դուրս բերելու օկուպացված տարածքներից։ Հայկական կողմը նույնպես դեմ է եղել փաստաթղթին», – ասել է Բայրամովն ադրբեջանական iTV-ի «Շփման գիծ» վավերագրական ֆիլմում։

Նրա պնդմամբ, բանակցությունները տևել են մի քանի ժամ, բայց կողմերի դիրքորոշումները մնացել են անփոփոխ։ Ըստ Բայրամովի՝ որոշակի պահի Լավրովն ասել է, որ առաջնորդները խոսել են նախորդ օրը, և որ ինքը տեղյակ է դրա մասին, սակայն, իր դիտարկումներով, կողմերի դիրքորոշումները տարբեր են եղել.

«Ի պատասխան՝ մենք ընդմիջում խնդրեցինք՝ պատվիրակության կազմում հարցը քննարկելու համար։ Մեզ սենյակ առաջարկեցին, բայց մենք որոշեցինք գնալ մեր դեսպանատուն, մինչդեռ հայկական պատվիրակությունը մնաց բանակցությունների վայրում։ Դեսպանատանը մենք կապ պահպանեցինք նշանակված ուղիներով, հրահանգներ ստացանք նախագահից և պատրաստեցինք մեր հաջորդ քայլերը։ Երբ մենք վերադարձանք բանակցություններին, Լավրովը լքում էր սենյակը, երբ նրան զանգահարեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Մենք հայտարարեցինք, որ չենք նահանջի մեր դիրքորոշումից»։

Ադրբեջանի ԱԳ ղեկավարը նաև նշել է, որ հայկական կողմի համար կարևոր էր այդ օրը արդյունքի հասնելը։

«Մենք հայտարարեցինք, որ կարող ենք շարունակել բանակցությունները հաջորդ օրը։ Մինչ մենք այնտեղ էինք, լուր ստացանք, որ Հադրութն ազատագրվել է։ Մեզ տեղեկացրին այս լուրի մասին։ Տասնհինգ րոպե անց մենք խուճապ նկատեցինք հայկական պատվիրակության անդամների մոտ։ Սա ուշագրավ պահ էր։ Մենք նրանց տեղեկացրինք, որ Հադրութն ազատագրվել է, քանի որ երբ հայկական կողմը առաջարկեց 5+2 ձևաչափը (ըստ Բաքվի՝ «յոթ օկուպացված շրջաններից հինգի ազատագրումը, բացառությամբ՝ Քելբաջարի և Լաչինի» -խմբ.), մենք հայտարարեցինք, որ այս տարբերակն այլևս կենսունակ չէ, քանի որ Ջաբրայիլն ու Հադրութն ազատագրվել են», – ընդգծել է նախարարը։