08/11/2025

Համոզում են, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ Էջմիածնի կողմերը չերևա

Մեր ունեցած տեղեկություններով, Վաղարշապատում կայանալիք ընտրությունների շեմին ՔՊ-ի շարքերում, ինչպես ասում են, արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն:

Փաստ թերթի աղբյուրները փոխանցում են, որ տեղի քպականները հորդորում են Արմավիրի մարզպետին և ՔՊ-ի ցուցակը գլխավորող Արգիշտի Մեխակյանին՝ համոզել Նիկոլ Փաշինյանին, որ նա հանկարծ նախընտրական այս շրջանում Էջմիածնի կողմերը չերևա:

Ավելի ստույգ՝ նախընտրական գործընթացներին չխառնվի:

Բանն այն է, որ տեղի քպականները մտավախություն ունեն, թե հաշվի առնելով ամբողջ երկրում, այդ թվում՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակավայրերում ՔՊ-ի խայտառակ ցածր վարկանիշն ու առաջիկայում պարտվելու առարկայական հեռանկարը՝ Նիկոլ Փաշինյանը կարող է մտքով անցկացնել ու, սովորության համաձայն, «բեռը» վերցնել իր ուսերին և վիճակը փրկելու համար անձամբ այցելել Էջմիածին, նույնիսկ հանրահավաք անցկացնել:

Սակայն քպականները հասկանում են, որ իրենք առանց այդ էլ ծանրագույն վիճակում են, հիմա էլ ուղղակի անհնար է մարդկանց համոզել, որ Մայր Աթոռի և, ընդհանրապես, Հայ առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական արշավանքը ճիշտ է, հանուն Եկեղեցու է և այլն: Տեղի բնակչության մեծամասնությունը կտրականապես մերժում է Փաշինյանի կողմից հայտարարված պատերազմը՝ Հայ առաքելական եկեղեցուն:

Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է «արջի ծառայություն» մատուցել իր թիմին, և նրա այցն ընդհանրապես կտապալի ավագանու ընտրություններում որևէ հաջողության հասնելու վերջին հույսերը, չնայած հիմա էլ ակնհայտ է, որ արդար, ազնիվ ընտրությունների պարագայում ՔՊ-ն մեծամասնություն կազմելու որևէ՝ նույնիսկ տեսական շանս չունի: