08/11/2025

Նա ողջ ռեսուրսն օգտագործում է՝ պարզելու համար, թե ով ում հետ է կենակցում․ Նինա Կարապետյանց

Հայաստանում ազգությամբ չեչեն Այշատ Բայմուրադովայի սպանության գործը, որը մեծ աղմուկ բարձրացրեց եւ ցույց տվեց, որ Հայաստանում ոչ ոք պաշտպանված չէ` անգամ ժամանակավորապես բնակվողները, եւ կարելի է դրսից գալ` անարգել մարդ սպանել ու հեռանալ, ցավոտ իրողություններ բացահայտեց:

Հրապարակ թերթը գրել է․ Այդ սպանության հետքերով բազմաթիվ լրատվամիջոցներ հրապարակումներ արեցին, այդ թվում` «Դոժդը», հղում անելով «Օստորոժնո Նովոստի» կայքին, որն էլ իր հերթին հղում էր անում մահացածի հարազատներին եւ տեղեկացնում, որ որպես մեղադրյալ կարող է ներգրավված լինել 30-ամյա Սաիդ-Խամզատ Բայսարովը, որը նախկինում դատապարտվել էր «Իսլամական պետությանը» ֆինանսավորելու համար։ 30-ամյա տղամարդը դուրս է եկել այն բնակարանից, որտեղ հայտնաբերվել էր Այշատ Բայմուրադովայի մարմինը՝ նրա սպանության օրը։ 2018 թվականին Սաիդ-Խամզատ Բայսարովը մեղադրվել էր «Իսլամական պետությանը» ֆինանսավորելու մեջ, սակայն Մոսկվայի դատարանը կարճել էր գործը։ Բայսարովի դեմ քրեական գործեր կային նաեւ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու եւ կողոպուտի համար։ Նրա հայրը գործարար է՝ Գրոզնիում։

«Օստորոժնո Նովոստի»-ի տվյալներով՝ Հայաստանի ոստիկանությունը Բայսարովին նույնականացրել է տեսախցիկների տեսագրություններն ուսումնասիրելով։ Նա դուրս է եկել այն բնակարանից, որտեղ հայտնաբերվել էր Այշատի մարմինը մեկ այլ անձի հետ՝ հավանաբար Կարինա Իմինովայի, որի հետ Այշատը հանդիպել էր մահից մեկ օր առաջ։

SOS ճգնաժամային խումբը հայտարարել է, որ «հետաքննիչները գիտեն այդ անձանց անունները», բայց նրանք չէին հետախուզվում, ուստի կարող էին հեշտությամբ լքել Հայաստանը։ «Սա մտահոգություններ է առաջացնում, որ գործը պարզապես կփակվի։ Սկսվել է սպանության հետաքննություն՝ վկաների ցուցմունքներով եւ տեսախցիկների տեսագրություններով։ Հանցագործության վայրում կա երկու անձ, որոնք այնուհետ արագ հեռանում են։ Սովորական դեպքում նրանց նկատմամբ անմիջապես կհայտարարվեր հետախուզում»,- հայտարարել են իրավապաշտպանները` մեղադրելով ՀՀ իրավապահներին։

Հիշեցնենք, որ Այշատ Բայմուրադովան Ռուսաստանից եկել էր Հայաստան՝ ընտանեկան բռնության պատճառով։ Նա չի վերադարձել հոկտեմբերի 15-ի երեկոյան Երեւանում զբոսանքից եւ դադարել է պատասխանել հեռախոսազանգերին։ Հոկտեմբերի 20-ին ոստիկանությունը հայտնել է, որ նրան մահացած են գտել քաղաքի կենտրոնում գտնվող վարձակալված բնակարանում։ Հայ իրավապաշտպանները պահանջել են Այշատ Բայմուրադովայի սպանության անկախ եւ թափանցիկ հետաքննություն։ Նրանք նշել են, որ Բայմուրադովայի մահը հիշեցում է այն, որ «բռնությունից փախչող կանայք դեռեւս լիովին անվտանգ չեն նույնիսկ այն վայրերում, որտեղ նրանք պաշտպանություն են փնտրում»։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, անդրադառնալով դեպքի նոր մանրամասներին, մեզ հետ զրույցում նշում է. «Հայաստանյան իրավապահ մարմիններն ունեն մեկ ֆունկցիա` պաշտպանել մեկ անձի: Նրանք ուրիշ գործ չունեն, դա է պատճառը, որ կարող են բոլորին սպանել եւ առանց որեւէ խոչընդոտի լքել պետությունը: Իրականում իրավիճակը շատ տարբեր կարող է լինել, անձը, որն ունի անվտանգության խնդիրներ, կարող է կցված լինել իրավապահ համակարգին կամ ապաստան ստանալ պետությունից որոշ ժամանակ: Հանուն արդարության ուզում եմ ասել, որ այնպես չէ, որ առաջադեմ ու զարգացած երկրներում կարողանում են ապաստան ստացած անձանց անվտանգությունը լիարժեք ապահովել, ինձ հայտնի են դեպքեր, երբ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները իրենց հատուկ մեթոդներով կարողացել են իրենց առջեւ դրված խնդիրներն իրագործել: Հայաստանն այս առումով բացառիկ չէ, միեւնույն ժամանակ Հայաստանն ունի առավելություններ: Մենք իրականում շատ փոքր ցանցային միջավայր ենք, եւ բոլորս բոլորին ճանաչում ենք: Օրինակ` եթե մի թաղամասում հայտնվում են նոր` անհասկանալի մարդիկ, անծանոթ մեքենաներ, դրան անպայման հասարակությունն արձագանքում է: Իրականում մեր հասարակությունն անտարբեր չէ, ի տարբերություն մեծ երկրների: Մեր պետության փոքր եւ ցանցային լինելը հնարավորություններ է տալիս նաեւ իրավապահ մարմիններին, որպեսզի արագ արձագանքեն, սակայն, ցավոք, իրավապահները մեկ ֆունկցիա են իրականացնում. կա՛մ ինչ-որ կեղծ պատարագի են մասնակցում, կա՛մ էլ մեկ անձի են պաշտպանում, այլ ֆունկցիա նրանք չունեն այսօր: Իրավապահները մասնավոր զրույցներում դժգոհություններ են հայտնում, քանի որ ողջ իրավապահ համակարգը մեկ գծի վրա է: Իհարկե, նրանք բացահայտ այդ մասին չեն խոսում, շատերն անգամ կարող են հերքել, բայց բոլոր ոլորտներում էլ ունենք մտերիմներ, որոնց հետ ունենում ենք մտերմիկ զրույցներ: Մեկ գծի վրա աշխատելով՝ իրավապահները ֆիզիկապես չունեն այլ հարցերով զբաղվելու ժամանակ: Անգամ ես չեմ մեղադրում իրավապահներին, սա քաղաքական բնույթի խնդիր է, եւ գուցե Փաշինյանի մոլի երկրպագուները խիստ նեղվեն իմ ասածից, բայց չեչեն աղջկա սպանության համար էլ է Նիկոլ Փաշինյանը մեղավոր: Նա ողջ ռեսուրսն օգտագործում է՝ պարզելու համար, թե ով ում հետ է հարաբերվում, կենակցում եւ այլն, պարզ է, որ նման սպանություններին, հանցագործություններին պարզապես ժամանակ չի մնալու: Մենք` հայերս, լեռնային ժողովուրդ ենք, մենք անօգնականին միշտ օգնում ենք, դա մեր ազգային սովորույթներից է, եւ այլ ազգերի մոտ Հայաստանն անվտանգության զգացում է առաջացնում, սակայն քանի որ իրավապահ համակարգը ֆիքսված է մեկ գծի վրա, նման դեպքերը կարող են լինել շարունակական»: