Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցապծառայությունների նախկին աշխատակիցները, որոնց կրճատել էին 2021 թվականին Միասնական սոցիալական ծառայություն ստեղծելու կապակցությամբ, դիմել են դատարան եւ հիմնականում հաղթել են։
Հրապարակ թերթը գրել է․ Այս պահի դրությամբ, իհարկե, դեռ կան չավարտված դատական գործընթացներ, կան նաեւ չբավարարված հայցեր: Բայց դատարան դիմած աշխատողների մեծամասնության գործերով Վարչական դատարանն արձանագրել է «Քաղծառայության մասին օրենքի» եւ Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտումներ եւ բավարարել է հայցերը:
Ըստ օրենքի, քաղծառայողները պետք է շարունակեին աշխատանքը նորաստեղծ ՄՍԾ-ում, քանի որ սոցիալական ապահովության համակարգի վերաձեւումը պետության նախաձեռնությունն էր, եւ աշխատողները չպետք է տուժեին դրա արդյունքում:
Օրենքը պահանջում է, որ նախկին աշխատողներն ունենան առավելություն՝ նախ նրանց պետք է առաջարկվեր զբաղեցնել նոր ստեղծվող աշխատատեղերը, իսկ եթե նրանք չհամաձայնեին, նոր պետք է մրցույթ հայտարարեին կամ նոր մարդկանց ընդունեին:
Դրա փոխարեն քաղծառայողներին առաջարկել էին նոր մրցույթների մասնակցել՝ թափուր հաստիքների համար, որոնց կարգավիճակը նրանց նախորդ հաստիքից ցածր էր, եւ շատերը հրաժարվել էին մասնակցել այդ մրցույթներին: Արդյունքում շատ քաղծառայողներ զրկվել են աշխատանքից եւ օրենքով սահմանված երաշխիքներից:
Դատական գործընթացները տեւել են 3-4 տարի: Պետությունը, ի դեմս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ոչ մի կերպ չէր համակերպվում պարտության հետ եւ գնացել է մինչեւ Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով վճիռները:
Որոշ բողոքներ դեռ վճռաբեկում են, որոշները Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել, որոշ բողոքներ էլ թողել է առանց քննության, ինչպես, օրինակ, Զբաղվածության պետական գործակալության աշխատակիցներ Գոհար Սոախիկյանի դեպքում:
Դատարան էին դիմել նաեւ Մանվել Նազարյանը, Կարեն Հովհաննիսյանը, Անահիտ Մարկոսյանը, Ցողիկ Բեժանյանը, Սամվել Բուդաղյանը, գրեթե բոլոր տարածքային սոցիալական ծառայությունների տնօրենները, որոնց ազատել էին աշխատանքից, ընդհանուր առմամբ՝ մոտ 4 տասնյակ աշխատող:
Դատարանն անվավեր է ճանաչել նրանց աշխատանքից ազատելու որոշումը, պարտավորեցրել է վերականգնել աշխատանքում կամ վերականգնման անհնարինության դեպքում փոխհատուցում վճարել, ինչպես նաեւ՝ վճարել հարկադիր պարապուրդի համար:
Որքա՞ն է կազմելու միջին փոխհատուցումը 3-4 տարիների համար, ի՞նչ են ՀՀ հարկատուները վճարելու այս մարդկանց անօրինական հրամանների համար: Մեր տեղեկություններով, ոմանք, ապօրինի ազատման եւ պարապուրդի տարիների համար, մինչեւ 20 միլիոն դրամ են ստանալու:
Սպիտակի զբաղվածության ծառայության նախկին պետ Գագիկ Ստեփանյանի հայցն ընդդեմ նախարարության բավարարվել է անցյալ տարվա դեկտեմբերին: Նա դեռ սպասում է վճռաբեկի որոշմանը: «Այն ժամանակ մեր աշխատավարձը բարձր չէր: Կարծում եմ՝ մոտ 4-5 մլն դրամ պետք է ստանամ: Իմ ստաժը քիչ է եղել, եթե քաղծառայության ստաժը մեծ է, անհամեմատ ավելի մեծ փոխհատուցում կստանան»,- ասում է Գագիկ Ստեփանյանը: Ըստ նրա, մոտ 40-50 հայցվոր միայն տարածքային ծառայությունների աշխատող է եղել, նախկին «Փարոսից»:
«Իմ մասով առաջին ատյանը որոշել է, որ պետք է փոխհատուցվի: Եղել են դեպքեր, երբ նախկին աշխատողները չեն շահել, օրինակ, Վեդիի սոցիալական ծառայությունից: Կան, որ մնացել են, աշխատում են: Օրինակ, Վանաձորի տնօրենը չի ազատվել, աշխատում է որպես մասնագետ»: Եթե ստեղծում են միասնական ծառայություն, բնականաբար, հաստիքներ են կրճատվում, Ձեր կարծիքով, ի՞նչ կարող էր անել պետությունը, որ բոլորին տեղավորեր աշխատանքի, դա հնարավո՞ր էր: «Չեմ կարող ասել: Դա միանգամից եղավ, եւ դա էր պատճառը, որ խնդիրներ առաջացան»: Կապվեցինք նաեւ Գոհար Սոխակյանի հետ, սակայն նա հրաժարվեց հարցերի պատասխանել՝ ասելով, որ նպատակահարմար չի գտնում իր ազատման մասին խոսել:
Այժմ նրանք բյուջեից ահռելի փոխհատուցումներ են ստանում այս 4 տարիներին չաշխատելու դիմաց, եւ այդ գումարները դուրս են գալու օրինապահ հարկատուների գրպանից: Մինչդեռ ապօրինի հրաման տվողները՝ ո՛չ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը, ո՛չ Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, ո՛չ նրան պաշտոնի նշանակող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը փաստացի իր «դաբրոն» է տվել այս ողջ ապօրինի գործընթացին, չեն պատժվելու:






Բաց մի թողեք
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի