08/11/2025

Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելու վերջնաժամկետը նոյեմբերի 3-ն էր, մինչդեռ մրցույթն առայսօր չի հայտարարվել։

Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանը, հիշեցնենք, ռեկտոր է ընտրվել է 2021թ. մարտի 3-ին, սակայն մրցակցի դատական հայցի պատճառով գործադիրը նրա նշանակումն արել է 2021թ․ մայիսի 3-ին՝ 5 տարի ժամկետով, այսինքն՝ պաշտոնավարման ժամկետը, ըստ օրենքի, հաշվարկվում է կառավարության կողմից թեկնածուի հաստատումից հետո եւ կլրանա 2026-ի մայիսին։

Հոկտեմբերի 20-ին ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքում նշվում է․ «Ռեկտորի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ պակաս, քան վեց ամիս առաջ բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով հայտարարվում է ռեկտորի ընտրություն` բաց միջազգային մրցույթի միջոցով: Նոր ռեկտորը ստանձնում է իր պարտականությունների կատարումը բուհի գործող ռեկտորի լիազորությունների ժամկետի ավարտի օրը»։ Եթե ռեկտորի պաշտոնավարման ժամկետի ավարտից՝ 2026թ․ մայիսի 3-ից հետհաշվարկ կատարենք, կստացվի, որ մրցույթ հայտարարելու վերջին օրը նոյեմբերի 3-ն էր։ Պոլիտեխնիկի պաշտոնական կայքում ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելու մասին որեւէ հայտարարություն չգտանք։ Երկու օր է՝ փորձում ենք անձամբ Գոռ Վարդանյանից ճշտել՝ արդյոք մրցույթ հայտարարվե՞լ է, թե՞ ոչ, եւ եթե ոչ՝ ինչո՞ւ, կամ՝ ե՞րբ կհայտարարվի։ Սակայն նա համառորեն չի պատասխանում մեր զանգերին եւ նամակներին։ Պոլիտեխնիկական համալսարանի քաղաքային հասանելի հեռախոսահամարներով պաշտոնական մեկնաբանություն ստանալ եւս չհաջողվեց, ցավոք, հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

ԿԳՄՍ նախարարության հանրության հետ կապերի եւ լրատվության բաժնից խորհուրդ տվեցին տեղեկությունը ճշտել անմիջապես բուհից կամ դիմել Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե, որն այժմ բուհերի աշխատանքը համակարգողն է եւ անմիջական վերադասը։ Հսկա նախարարությունում անգամ բուհերի գծով փոխնախարար չկա՝ Կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն է ողջ գիտական ու բուհական համակարգը կառավարում։ Կոմիտեից էլ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել: Սակայն մեզ հաջողվեց կապ հաստատել Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԿԳՄՍ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ։ Մենք հետաքրքրվեցինք՝ ինչու չեն հետեւել օրենքի պահանջին ու ռեկտորի մրցույթ չեն հայտարարել, ինչին ի պատասխան նա ասաց, որ նոր օրենքով է սահմանվում ռեկտորի լիազորությունների ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ մրցույթ հայտարարելը։

«Նոր օրենքն ուժի մեջ մտնելու վեց ամսվա ժամկետը, ինձ թվում է, որ ուժի մեջ մտնելուց առաջ էր անցել: Այսինքն, պետք է հասկանանք, որ անցումային շրջան է, ու պետք է կարգավորումներ լուծել յուրահատուկ»,- ասաց Հայոցյանը։ Ի՞նչ կարգավորումների մասին է խոսքը։ Ասաց, որ դա նշանակում է, որ լուծումն իրավիճակային է լինում, մինչեւ որ այն ամբողջությամբ մտնում է ուժի մեջ։ «Այս ամիսը, միեւնույն է՝ անցած էր, այսինքն, այն պահին, երբ օրենքը մտել էր»,- հավելեց Հայոցյանը։

Մեր նկատառմանը, որ օրենքն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 20-ին, մինչեւ նոյեմբերի 3-ը կարող էին մրցույթ հայտարարել, ուստի ամեն դեպքում խախտում է տեղի ունեցել, նա արձագանքեց․ «Ամեն դեպքում, խախտում չէ՝ ամեն դեպքում, անցումային շրջան է ստացվում»։ Ի դեպ, օրենքն անցումային շրջան չի նախատեսում։ Բայց հարցրինք՝ իսկ անցումային շրջանը երկա՞ր է տեւելու, թե՞ քայլեր արվում են։ «Չէ, արդեն քայլեր արվում են»։ Ս․ Հայոցյանը նշեց նաեւ, որ մրցույթի մասին չի կարող ոչինչ ասել, քանի որ մրցույթը հայտարարում է հոգաբարձուների խորհուրդը, իսկ հիմա հոգաբարձուների խորհուրդը ձեւավորման փուլում է, քանի որ խորհրդի ժամկետն էլ էր լրացել։ Բայց չկարողացավ հիշել, թե երբ է լրացել Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ժամկետը, փոխարենն առաջարկեց հարցում ուղարկել, որպեսզի ամիս-ամսաթվով նշի։

Համացանցային որոնմամբ մեզ պարզ դարձավ, որ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատվել էր վարչապետի 2020 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ, լիազորությունները լրացել են 2025 թվականի օգոստոսի 7-ին: Այսինքն, շուրջ երեք ամիս է՝ բուհը հոգաբարձուների խորհուրդ անգամ չունի, այլ հարց է առաջանում, թե ինչպես է խորհուրդն իր գործունեությունը շարունակում, բուհն ինչպես է լուծելու հոգաբարձուների խորհրդի լիազորությունների դաշտում գտնվող հարցերը, չէ՞ որ հոգաբարձուների խորհուրդ չունենալն իրավական հետեւանք է առաջացնում հիմնադրամների համար։ Սակայն Սարգիս Հայոցյանը հակված չէր պատասխանելու մեր հարցերին՝ հոգաբարձուների խորհրդի կազմ չձեւավորվելու հետեւանքների, ռեկտորի մրցույթ չհայտարարելով օրենքի խախտման մասին։ Նա միայն նշեց, որ հոգաբարձուների խորհրդի նոր կազմում ինքը չի լինելու, քանի որ աշխատանքային ծանրաբեռնվածությունը թույլ չի տալիս:
Ստացվում է մի իրավիճակ, երբ Հայաստանի կարեւորագույն բուհերից մեկը շուրջ երեք ամիս է՝ մնացել է առանց կառավարման կարեւոր օղակի՝ հոգաբարձուների խորհրդի, խախտել է ընդունված օրենքը եւ ռեկտորի մրցույթ չի հայտարարել, եւ դա որեւէ մեկին չի հուզում։ Նաեւ հայտնի չէ՝ որեւէ քայլ ձեռնարկվո՞ւմ է, այդ իրավիճակից ելք փնտրո՞ւմ են, թե՞ ոչ։ Բուհը եւ ռեկտորը լռում են, հոգաբարձուների խորհուրդը լվացել է ձեռքերը, նախարարությունը եւ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն էլ չեզոք դիտորդի դերում են։

«Հրապարակ»․ Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի մրցույթ հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն