08/11/2025

Քաղաքական դաշինք` դե-ֆակտո ձևավորվել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Ղազախստանի միջև

Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ և Ղազախստանի նախագահների հանդիպումը: Ըստ Ղազախստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության, կողմերն ստորագրել են ավելի քան 17 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով առևտրա-տնտեսական համաձայնագիր:

Բանակցություններից հետո, պատասխանելով ղազախստանցի լրագրողի հարցին, թե ի՞նչն է կարեւորում Ղազախստանի հետ հարաբերություններում և արդյոք Աստանա այցելելու մտադրություն չունի՞,- ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Ձեր երկիրը հանքային մեծ ռեսուրսներ և բացառիկ նախագահ ունի»:

Ինչ վերաբերում է Ղազախստան այցին, ապա Դոնալդ Թրամփն ասել է, որ «երբեք չպետք է կանխորոշել, թե ինչ կլինի մեկ տարի հետո», և ինքը «նման հնարավորությունը չի բացառում»:

Թրամփ-Տոկաև բանակցությունները, սակայն, ավելի խորքային նշանակություն ունեն, քան կողմերի միջև առևտրատնտեսական հարաբերություններն են: Սպիտակ տան Օվալաձև սրահում տեղի է ունեցել չափազանց կարեւոր իրադարձություններ:

ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ կայացել է Ղազախստանի նախագահի և Իսրայելի վարչապետի հեռախոսազրույցը, որի հիմնական թեման, ինչպես Տոկաևի գրասենյակն է ձևակերպել, «Աբրահամի համաձայնություններին Ղազախստանի միանալու մտադրությունն է»:

Տոկաևը բարձր է գնահատել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ուղղությամբ ԱՄՆ նախագահի «ձեռք բերած ակնառու հաջողությունները» և ընդգծել, որ «Աբրահամի համաձայնություններին» միանալով՝ Ղազախստանը «ձգտում է իր ավանդը բերել դիմակայության հաղթահարմանը, երկխոսության առաջընթացին և ՄԱԿ-ի Կանոնդրության հիման վրա միջազգային իրավունքի աջակցությանը»:

Դոնալդ Թրամփի գնահատմամբ, «Աբրահամի համաձայնություններին» Ղազախստանի միանալու որոշումը «բարձր գնահատանքի է արժանի, այն ևս մի կարևոր քայլ է աշխարհում կամուրջներ կառուցելու ճանապարհին, այսօր ավելի շատ երկրներ են պատրաստ ընտրել խաղաղության և բարգավաճման ճանապարհը՝ իմ «Աբրահամի համաձայնությունների» հիման վրա»:

Ավելի վաղ իսրայելական և ադրբեջանական մամուլը, փորձագիտական շրջանակները գրեթե միահամուռ պնդել են, որ «Աբրահամի համաձայնություններին» հետխորհրդային տարածքում «առաջինը կմիանա Ադրբեջանը», և այդ հիմքով «կձևավորվի ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան քաղաքական դաշինք»:

Քաղաքական դաշինք, ըստ էության նոյեմբերի 6-ին դե-ֆակտո ձևավորվել է, բայց՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և Ղազախստանի միջև: Իսկ այդ աշխարհաքաղաքական գերկարևոր նշանակության իրադարձությունը չի կարող Իլհամ Ալիևի վարքի ցուցիչ չլինել:

Մանավանդ որ արդեն Կենտրոնական Ասիայի հինգ առաջնորդների հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփը հստակ սահմանել է, որ TRIPP նախագիծը կյանքի է կոչվելու, և «այստեղ ներկա ամեն մի երկիր, ընդունելով մեր (օոգոստոսի 8-ի) համաձայնության հնարավորությունը, կօգտվի խաղաղության հնարավորությունից»: