13/11/2025

Փաշինյանը սկսել է իր աշխատասենյակ «բերման ենթարկել» մարզպետներին, որտեղ է հոգնայի փուչիկը

ՔՊ-ում Խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը ոչ թե նախապատրաստական, այլ ակտիվ փուլում է։ Փաշինյանը Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովից վերադառնալուց հետո հենց հաջորդ օրվանից սկսեց իր աշխատասենյակ «բերման ենթարկել» մարզպետներին։

Մասնավորապես հոկտեմբերի 31-ին նա ընդունել է Լոռու և Շիրակի մարզպետներին: Շիրակը Փաշինյանի համար ամենախնդրահարույց ու ընտրական պրոցեսների համար ռիսկային մարզերից է, քանի որ Գյումրու քաղաքապետն ու Շիրակի թեմի առաջնորդն այս պահին անազատության մեջ են, ինչը շիրակցիների զայրույթն է հարուցել ու այս մարզում ավելի է թուլացրել ՔՊ-ի առանց այն էլ գահավիժող ռեյտինգը։ Թերևս պատճառներից մեկը դա է, որ Գյումրու ՔՊ կառույցը վերաբացում են՝ նոր ղեկավար կազմով։

Փաշինյանի աշխատասենյակը մարզպետաշատ էր հատկապես նախորդ շաբաթը՝ «5 օրում 5 մարզպետ» արագությամբ Փաշինյանը փորձում է մոբիլիզացնել թիմը և ընտրություններում իրեն ապահովագրել։ Կանչում է, հրահանգավորում ու ճանապարհում մարզ։

Հրապարակի աղբյուների փոխանցմամբ Փաշինյանը մարզպետներին անուղղակի հիշեցնում է, որ Հայաստանը ոչ թե օրենքի, այլ օրենքը կիրառողի երկիր է, ու հպանցիկ խոսելով անազատության մեջ գտնվող անձանց մասին, հասկացնում է, որ ոչ ոք ապահովագրված չէ նման իրավիճակներից, բոլորը պետք է զգույշ լինեն։ Հավատարիմները պարգևատրվում են, իսկ անհնազանդները հայտնվում ճաղերից այն կողմ։ Բայց երբ գալիս է պահը` առանց աչք թարթելու ցանկացածին ինքը «կզոհաբերի», ինչպես վարվեցին Էջմիածնի թիվ 1 դպրոցի տնօրենի հետ, ով այսօր կալանավորվեց` ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով:

Սպասվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Փաշինյանի մոտ կհյուընկալվեն Արարատի, Գեղարքունիքի ու Վայոց Ձորի մարզպետները:

Հանդիպումների ժամանակ քննարկվում է նաև տվյալ մարզից ՔՊ ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների կազմը՝ թե ով որքանով է հավատարիմ եղել, և հատկապես որ արժանիքի համար պետք է ցուցակում լինի։

Իսկ տեսնես հոգնայի փուչիկը սեղանին է դնում, որ տեսնեն, թե ինչ է սպասվում, թե սեղանի տակ ու հընթացս է ցույց տալիս ․․․