13/11/2025

Փեզեշքիանը չի բացառել, որ առաջիկա օրերին Թեհրանից բնակչության խոշոր տարհանում կսկսվի

Իրանի իշխանությունները կարող են ժամանակավորապես անջատել Թեհրանի ջուրը գիշերային ժամերին՝ սաստկացող ջրային ճգնաժամի ֆոնին:

Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին՝ կոչ անելով բնակիչներին սկսել ջուր կուտակել և ռեզերվուարներ տեղադրել:

Իշխանությունների տվյալներով՝ մայրաքաղաքը մատակարարող խոշորագույն ջրամբարներում ջրի մակարդակը կտրուկ նվազել է։ Մասնավորապես, Ամիր Քաբիրի ջրամբարում, որը Թեհրանի համար խմելու ջրի հինգ աղբյուրներից մեկն է, երկու շաբաթից էլ քիչ պաշարներ են մնացել:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ զգուշացրել էր, որ եթե մինչև նոյեմբերի վերջ անձրևներ չսկսվեն, Թեհրանը կարող է հայտնվել տարհանման եզրին: Նախագահի խոսքով՝ իրավիճակը բարդանում է նրանով, որ մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգն օգտագործվում է ավելի քան 100 տարի և խիստ մաշված է, իսկ Իսրայելի հունիսյան հարձակումները վնասել են խողովակաշարի մի մասը:

Բացի այդ, Փեզեշքիան չէր բացառել, որ առաջիկա օրերին Թեհրանից բնակչության խոշոր տարհանում կսկսվի:

Ինչպես հայտնել է Իրանի եղանակի կանխատեսման ազգային կենտրոնի ղեկավար Սադեղ Զիյիյանը, մարտից ի վեր տարածաշրջանում տեղումների քանակը կրճատվել է 95,8 %-ով, և առաջիկա 10 օրերին անձրև չի սպասվում: