13/11/2025

Որքանո՞վ է հիմնավոր քարոզչությունը, որ «Արցախը լուծում էր Հայաստանի հացի խնդիրը»

Որոշակի շրջանակներ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից և Ղազախստանից ցորենի ներկրման գործընթացը պիտակավորվում է: Անշուշտ, երկու գնացքաշարերի Հայաստան մուտքը հացի և հացամթերքների խնդրի արմատական լուծում չէ, ոչ էլ որևէ մեկը, այդ թվում և իշխանությունը հակառակն է պնդում կամ ներշնչում:

Փաստն առաջին հերթին գնահատվում է քաղաքական նշանակությամբ, որպես ցուցիչ, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ խորհրդանշական քայլ է կատարվել:

Միջազգային պրակտիկայում որևէ երկրի կողմից մյուսի շրջափակումը գնահատվում է որպես թշնամական ակցիա, պատերազմի բաղկացուցիչ մաս, որովհետև նպատակը հակառակորդին տնտեսապես հյուծելն է, նրա ներքին կյանքում սոցիալական խնդիրներ հարուցելը:

Իսկ ապաշրջափակման թեկուզ խորհրդանշական քայլը վկայում է, որ կողմերը կարող են հաղթահարել տասնամյակների ատելությունը, անհանդուրժողականությունը և աստիճանաբար հասնել գոնե տանելի հարաբերությունների:

Իշխանության հակառակորդները, մինչդեռ, քարոզչություն են ծավալել, որ «երբ կար Արցախը, Հայաստանը հացահատիկի ներմուծման խնդիր չուներ»: Այս առասպելին, ցավոք, տոն են տալիս նաև Ստեփանակերտի նախկին իշխանությունների, քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ և հանրային դեմքեր:

Վերջին օրերին սոցցանցային գրառումներում իրավիճակը ներկայացվում է այնպես, որ «Արցախը հանձնել են, որպեսզի Հայաստանը դրվի Ադրբեջանից կախվածության մեջ»: Անգամ համեմատություն են անում, թե ինչպես արցախցիները 2023-ի օգոստոսին չընդունեցին Ադրբեջանի ուղարկած ալյուրը:

Որքանո՞վ է հիմնավոր քարոզչությունը, որ «Արցախը լուծում էր Հայաստանի հացի խնդիրը»: Բարեբախտաբար, համացանցը տեղեկություններ ճշտելու հնարավորություն տալիս է:

«Հետքը», որի հրապարակած-հետաքննած տեղեկությունները որևէ մեկի մոտ կասկած չեն հարուցում, պարզել է, որ նախապատերազմական տարում՝ 2019թ. Արցախում ընդհանուր առմամբ արտադրվել է 118 հազար տոննա հատիկաընդեղեն և հացահատիկ: Սա վիճակագրական ստույգ տվյալ է:

«Հատիկաընդեղենը» և «հացահատիկը» դեռևս հացի արտադրության համար պիտանի հումք չեն: Ցավոք, լրատվամիջոցը չի ճշտել, թե զուտ ցորենը տվյալ ծավալի քանի՞ տոկոսն է կազմել: Մնում է ենթադրություն անել: Համարենք, որ 118 հազար տոննայից 50-60 հազարը ցորեն էր, այն էլ՝ ալյուրի արտադրության համար լիովին պիտանի:

Վիճակագրությունն ասում է, որ Հայաստանը տարեկան սպառում է մոտ 400 հազար տոննա ցորեն: Այդ ծավալին 50-60 հազար տոննա արցախյան «ներարկումը» խնդրի լուծում չէր կարող լինել:

Բայց դեռ հարց է՝ Արցախը գոնե այդ չափով Հայաստանին, ինչպես ասում են, ձեռք հասցրե՞լ է, կարո՞ղ էր հասցնել: Իհարկե՝ ոչ, որովհետև նույն այդ նախապատերազմական տարում Արցախն ունեցել է 140-150 հազար բնակիչ, որ, բնականաբար, նույնպես հաց և հացամթերք են սպառել:

Եվ այդ կարիքը բավարարելու համար, ամենայն հավանականությամբ, Արցախում արտադրված ցորենը բավարար չէր: Արցախից, այո, Հայաստան ցորեն տեղափոխվում էր:

Ինչո՞ւ: Որովհետև տեղում բերքը պահպանելու ենթակառուցվածքներ և տեխնոլոգիապես արդիական ալրաղացներ չկային: Ցորենն առաքվում էր Հայաստանի ալրաղացներին և ալյուրի տեսքով ներկրվում Արցախ: Սա է իրականությունը:

Եվ այն, որ 2019թ. 118 հազար տոննա հատիկաընդեղենը և հացահատիկն ստացվել է 95 հազար հեկտար ցանքատարածություններից: Այսինքն, Արցախում մեկ հեկտար ցանքսի միջին բերքատվությունը 10 ցենտներից մի փոքր էր ավելի: