13/11/2025

Ալիևն, այնուամենայնիվ, Էրդողանի «եղբայրությունից» դժգոհ է

ԺՀԿ առաջնորդ Օզելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կարեւորել է երկու երկրների միջև «պատմական կապերը»:

Ըստ հաղորդագրության, Ալիևը երախտագիտություն է հայտնել ԺՀԿ կողմից Ադրբեջանին «ցուցաբերած ուշադրության համար, կողմերը պայամանավորվել են Ժողովրդա-հանրապետական կուսակցության և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդման շուրջ»:

Այս տեղեկատվությունը կարելի էր համարել ԺՀԿ առաջնորդի կողմից «հաղթանակի օրվա» առթիվ Իլհամ Ալիևին արված քաղաքավարական ժեստ, եթե Բաքվից տունդարձի ճանապարհին Թուրքիայի նախագահ Էրդողանը բավական ծավալուն անդրադարձ կատարած չլիներ իր և Օզելի միջև վերջին լարվածությանը:

Բանն այն է, որ ԺՀԿ նախագահը ելույթներից մեկում քննադատել է իշխանություններին և հավաստիացրել, որ «հաչող շները չեն կարող խանգարել» ընդդիմության երթին, որ «տանում է դեպի օրինականության և քաղաքացիական ազատությունների հաստատման»:

Ստամբուլի դատախազությունն Օզելի վերջին արտահայտությունը գնահատել է որպես Թուրքիայի նախագահի «հասցեին վիրավորանք»: Էրդողանը հայտարարել է, որ իր փաստաբաններն արդեն հայց են հարուցել, և Օզելը «պետք է օրենքի առաջ պատասխանատվություն կրի»:

Ըստ տեղեկությունների, Էրդողանը ոչ միայն ներողություն է ակնկալում, այլև բարոյական վնասի դիմաց 600 հազար լիրայի փոխհատուցում: Ավելի վաղ Օզելն Անկարայի դատարանում շահել է կուսակցության նախորդ համագումարը «կեղծելու» հարցով դատը և վերահաստատել ԺՀԿ առաջնորդի կարգավիճակը:

Էրդողանը ձգտում էր դատարանի միջոցով անվավեր ճանաչել Օզելի ընտրությունը և ընդդիմադիր կուսակցության առաջնորդի պաշտոնում վերականգնել Քըլըչդարօղլուին:

Այս իրավիճակում Օզել-Ալիև հեռախոսազրույցը, ԺՀԿ և Ադրբեջանի միջև հարաբերությունների ամրապնդման մասին պայմանավորվածությունից կարելի է տպավորություն ստանալ, որ Էրդողանի «եղբայրությունը» բավական ծանր է նստում Ալիևին:

Բաքվում Էրդողանը վերստին ընդգծել է, որ քառասունչորսօրյա պատերազմի հաջողությունը պայմանավորված է Թուրքիայի ամուր աջակցությամբ, իսկ տունդարձի ճանապարհին լրագրողներին ասել է, որ հինգ տարի առաջ «ազատագրվել է մեր հայրենիքը»:

Դա ամենևին էլ քնարական զեղում չէ: Ալիևին ի՞նչ կտա ԺՀԿ առաջնորդ Օզելի հետ «եղբայրությունը», պարզ չէ: Բայց նա, կարծես, Էրդողանի «եղբայրությունից» դժգոհ է: