13/11/2025

Մի՞թե այդ բարձրաստիճան զինվորականներն արժանի են նման քամահրական վերաբերմունքի

Քառասունչորսօրա պատերազմ սկսվելու և պարտության պատճառներից մեկն էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարում է Փաշինյանի կողմից գեներալների «վարքաբեկումը», նրանց փոխարեն «լոյալներին» պաշտոնի նշանակումը:

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Արցախի միակ բարձրաստիճան զինվորականը, որ պաշտոնից ազատվել է, Լևոն Մնացականյանն է: Ընդ որում, դա տեղի է ունեցել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունից շուրջ ութ ամիս հետո:

Նրա փոխարեն ՊԲ հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

Նա զինվորական ծառայությունը սկսել է որպես շարքային: Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո շարունակել է զինվորական ծառայությունը՝ ունենալով քաղաքացիական բարձրագույն կրթություն, իսկ 1998 թվականի օգոստոսին ընդունվել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան և այն ավարտել գերազանցության դիպլոմով։

2001 թվականին նշանակվել է զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ։ 2003 թվականի դեկտեմբերին նշանակվել է զորամասի հրամանատար։ 2006 թվականի օգոստոսին նշանակվել է կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ։

2010-2011 թվականներին սովորել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ակադեմիայում՝ այն ավարտելով ոսկե մեդալով։ 2011 թվականի օգոստոսից մինչև 2015 թվականի նոյեմբեր զբաղեցրել է ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնը[2]։ 2014 թվականի սեպտեմբերի 3-ին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ 2015 թվականի նոյեմբերին նշանակվել է բանակային կորպուսի հրամանատար։ 2017 թվականի սեպտեմբերի 7-ին նշանակվել է ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ։

2018 թվականի դեկտեմբերին 14-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար: Պարզ է, չէ՞, որ բանակային կորպուսի հրամանատար նա նշանակվել է Հայաստանի նախագահի հրամանագրով, իսկ Արցախ է տեղափոխվել դարձյալ Սերժ Սարգսյանի պաշտոնավարության շրջանում:

Գեներալ Աբրահամյանին ՊԲ հրամանատարի պաշտոնում փոխարինել է Ջալալ Հարությունյանը: Նա նույնպես ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից է, ունի քաղաքացիական բարձրագույն կրթություն, գերազանցության դիպլոմով ավարտել է Սանկտ-Պետերբուրգի ռազմական ակադեմիան:

2018 թվականին Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, այնուհետև՝ ՊԲ հրամանատար: Այդ պաշտոնում էլ նա ընդունել է քառասունչորսօրյա պատերազմը:

Ինչպես տեսնում ենք, Պաշտպանության բանակի հրամանատարը նշանակվել է Բակո Սահակյանի պաշտոնավարման շրջանում, նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի ընտրվելուց հետո մնացել իր տեղում: Իսկ առհասարակ թե Ջալալ Հարությունյանը, թե Կարեն Աբրահամյանը գեներալական կոչման են հասել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ազգային-հայրենասիրական իշխանության օրոք, բարձրագույն ռազմական կրթություն են ստացել դաշնակից Ռուսաստանի զինվորական ակադեմիաներում: Եվ ի՞նչ, նրանք «ոչ կեմպետե՞նտ էին»:

Իսկ ինչպե՞ս է Կարեն Աբրահամյանը ՀՀ ԶՈՒ բանակային կորպուս ղեկավարել կամ Ջալալ Հարությունյանը՝ հրետանային զորամաս: Մի՞թե այդ բարձրաստիճան զինվորականներն արժանի են նման քամահրական վերաբերմունքի: Եվ արդյոք դա չի՞ տարածվում Զինված ուժերի վրա առհասարակ: