13/11/2025

Վաղարշապատում հարցման արդյունքները չեն հուսադրում

ՔՊ-ն Վաղարշապատում ներքին հարցում է անցկացրել նոյեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ եւ, մեղմ ասած, ոգեւորիչ արդյունքներ չի գրանցել։

Հրապարակ թերթը գրել է․ Չնայած, ըստ իշխանական հարցման արդյունքների, ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանն առաջին հորիզոնականում է, եւ դա բնական է, հաշվի առնելով, թե վարչական ինչ ռեսուրս է օգտագործվում ընտրությունների նախաշեմին, սակայն Մեխակյանի վարկանիշը չի ձգում 50-ի, իսկ նրան մի քիչ զիջում է Սեւակ Խաչատրյանը, երրորդ տեղում եւս արմատական ընդդիմության ներկայացուցիչն է՝ «Մայր Հայաստան»-ի թեկնածուն, որը Խոյի վարչական ղեկավար է եղել եւ լայն կապեր ունի։

Այսինքն` մեծ է հավանականությունը, որ Էջմիածնում եւս կրկնվելու է Գյումրու սցենարը, եւ հետընտրական փուլում ընդդիմադիր դաշինք է ձեւավորվելու, որի արդյունքում ՔՊ-ն դառնալու է ընդդիմություն։

Մեզ ասացին, որ վարկանիշը բարձրացնելու նպատակով ՔՊ-ում անգամ որոշ խորամանկությունների են դիմել` ամենասկզբում իրենց պաստառների վրա մեծ տառերով նշվում էր կուսակցության անունը՝ «Քաղաքացիական պայմանագիր», հիմա մնացել է փոքրիկ ձեռքսեղմման լոգոն, փոխարենը մեծ տառերով գրվում է «Մեխակյան»։