13/11/2025

Այսքան խնդիրներ, իսկ քաղաքապետարանի ու ենթակա հիմնարկների պաշտոնյաները Երեւանի բյուջեից ճոխ պարգեւատրվում են

Մայրաքաղաքը բազում խնդիրներ ունի, որոնք հրատապ լուծում են պահանջում, սակայն տարիներով չեն լուծվում։ Քաղաքապետարանը Երեւանի բյուջեն շռայլորեն ծախսում է Երեւանի օրվա, Ամանորի եւ բազում այլ առիթներով, նաեւ մեծ գումարներ է ծախսում քաղաքապետարանի եւ ենթակա հիմնարկությունների աշխատողների պարգեւատրման համար։

Հրապարակ թերթը գրել է․ Պարզ չէ, թե քաղաքապետարանի պաշտոնյաները աշխատանքային ինչ նվաճումների համար են այդքան պարգեւատրվում, երբ երեւանցիներն ամեն օր տեսնում են նրանց աշխատանքը, իսկ ավելի հաճախ՝ անգործությունը։ Հոկտեմբերի 1-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որին պատասխանելու համար քաղաքապետարանը 30 օր է խնդրել։ Հարցրել էի. «Հոկտեմբերի 1-ի դրությամբ այս տարի Երեւան քաղաքի բյուջեից ընդհանուր որքա՞ն պարգեւավճար են ստացել քաղաքապետարանի, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկությունների աշխատակիցները»։

Քաղաքապետարանից պատասխանել են․ «Ի պատասխան Ձեր հարցման՝ Ֆինանսական վարչությունից տեղեկացնում են, որ Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի ենթակա կազմակերպությունների աշխատակիցներին 01.10.2025թ․  դրությամբ փաստացի վճարվել է 1 707 817,3 հազ․ դրամի չափով պարգեւատրում»:

Այսինքն, 10 ամսվա դրությամբ մայրաքաղաքի բյուջեից 1 միլիարդ 707 միլիոն 817 հազար 300 դրամ պարգեւավճար են հատկացրել, այդ գումարը տարեվերջին աճելու է։

Իսկ ի՞նչ խնդիրներ կան Երեւանում: Օրինակ, շատ են վթարային շենքերը։ Աստված չարասցե, որ մայրաքաղաքում երկրաշարժ լինի, այդ շենքերից քանի՞սը տարերային աղետին կդիմանա: Լուրջ խնդիր է բարոյապես եւ ֆիզիկապես մաշված վերելակների հարցը։

Դրանք հաճախ խափանվում են, եւ բազմաբնակարան շենքերի վերին հարկերի բնակիչները` տարեցներ, հիվանդներ, չեն կարողանում իջնել, իսկ «լիֆտի մարդը» լավագույն դեպքում ժամեր անց է գալիս` նորոգում։ Երեւանի քաղաքապետարանը շատ է գովազդում հին վերելակները նորերով փոխարինելու գործընթացը: Երեւանի քաղաքապետին հարցրել եմ նաեւ․ «Երեւանում վթարային քանի՞ բազմաբնակարան շենք կա, դրանցից քանիսը վթարայնության ինչ աստիճան ունի։ Երեւանի բազմաբնակարան շենքերի գործող քանի՞ հին, փոխարինման կարիք ունեցող վերելակ կա, 2025 թվականին բազմաբնակարան շենքերում քանի՞ հին վերելակ է փոխարինվել նորերով»։

Քաղաքապետարանից հայտնել են․ «Անշարժ գույքի կառավարման վարչությունից տեղեկացնում են, որ 4-րդ աստիճանի վթարային են համարվում Արցախի 4-րդ նրբ. հ. 10, Արցախի 4-րդ նրբ․ հ․ 10/1, Շիրակի հ. 60, Արզումանյան հ. 10, Արզումանյան հ. 17 (3-րդ մուտք), Կողբացու փողոց հ. 41, Արզումանյան հ. 12 (2-րդ մուտք), Արցախի 4-րդ նրբ. հ. 10 ուսումնարանի շենք (սպորտդահլիճի մասնաշենք), Արզումանյան  հ. 8 ա, Վարդաշեն 6-րդ փող. հ. 68 ա, Վարդաշեն 6-րդ փող. հ. 66/1, Ֆուչիկի հ. 23, Մարգարյան 2-րդ նրբ. հ. 2 շենք, 3-րդ եւ 4-րդ մուտքեր եւ Արցախի փող. հ. 61/3 հասցեների շենքերը: Կոմունալ տնտեսության վարչությունից հայտնում են, որ Երեւանի բազմաբնակարան շենքերի հին վերելակները նորերով փոխարինելու ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին: 2019-2024 թվականների ընթացքում Երեւան քաղաքում փոխարինվել է 2 հազար 56 վերելակ, իսկ 2025 թ. ծրագրերով նախատեսվում է փոխարինել 504 վերելակ: Հոկտեմբերի 10-ի դրությամբ 504 վերելակից 390-ն արդեն իսկ տեղադրվել է, 20 հասցեներում աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ 94 վերելակ կապալառու կազմակերպության կողմից   կմատակարարվի առաջիկայում: Տեղեկացնում ենք նաեւ, որ 2025 թ. ծրագրի իրականացումից  հետո Երեւան քաղաքում դեռեւս կմնա փոխարինման ենթակա 1822 վերելակ»:

Այսքան խնդիրներ, իսկ քաղաքապետարանի ու ենթակա հիմնարկների պաշտոնյաները Երեւանի բյուջեից ճոխ պարգեւատրվում են։