Հարցազրույց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի հետ
– Մի քանի օր առաջ այցելել էիք Տավուշի սահմանամերձ գյուղեր: Ո՞րն էր նպատակը, ինչպիսի՞ ընդունելության արժանացաք։
– Այո, ֆրակցիայի ղեկավարի գլխավորությամբ մի խումբ պատգամավորներով եղանք Կիրանցում եւ սահմանամերձ այլ գյուղերում, մարզային այց էր` շփվելու, ծանոթանալու Կիրանցի նոր դպրոցի հետ, նոր աշխատանքների հետ ծանոթանալու։ Նաեւ եղանք Դիլիջանում, որտեղ մեծ շինարարական աշխատանքներ էին տարվում, տեսանք գյուղացիներին, խոսեցինք իրենց հետ։
– Ինչպե՞ս ընդունեցին ձեզ բնակիչները, որոնք սահմանազատման հետեւանքով տուն, հող են կորցրել։
– Շատ լավ ընդունեցին: Փորձեցինք մեր աջակցությունը, օգնությունը հայտնել՝ իրենց խնդիրների հետ կապված, ասացին, որ խնդիրներ չունենք, մեր գյուղի միակ խնդիրն այն է, որ մեր երիտասարդները չեն ամուսնանում։
– Այսինքն՝ մարդիկ գոհ ու երջանի՞կ են, որ իրենց տները, հողերը կորցրել են, թշնամին մոտեցել է։
– Բոլոր այն մարդիկ, որոնք տներ ու հողատարածքներ են կորցրել, պետությունը նրանց փոխհատուցել է, տներով ապահովել, ես ոչ մի դժգոհություն չլսեցի այդ մարդկանցից, գոնե մեկ դժգոհություն։ Եղանք Կիրանցի նորակառույց դպրոցում, որը շատ-շատ լավ դպրոց է։
– Խոսքը սահմանին կից դպրոցի՞ մասին է, իսկ այդ պատը որքանո՞վ է ապահով, բնակիչները հաշտվե՞լ են այդ իրողության հետ։
– Այո, այո, պատի հետ էլ են հաշտ, մենք տեսանք սովորական տարածքներ, ոչ մի ուժ, մարդ չկար այնտեղ, որը լարված տպավորություն կթողներ։
– Իսկ դուք շրջե՞լ եք փողոցներում, պատահական մարդկանց հետ զրուցե՞լ եք, որովհետեւ տեսանյութեր չկային, տեղացիներն էլ պատմել են, որ երբ Փաշինյանը գնում է Կիրանց, տեղացիներին իրավապահները թույլ չեն տալիս տներից դուրս գալ։
– Վարչապետը մեզ հետ չէր, մենք էլ ոչ մեկին չենք ասել՝ հանկարծ տներից դուրս չգաք, շատ պատահական ենք գնացել, մարդիկ իրենց տներից դուրս են եկել, շփվել մեզ հետ, վստահեցնում եմ՝ շատ լավ ընդունելության ենք արժանացել թե՛ Բերքաբերում, թե՛ մնացած տեղերում։ Բերքաբերի ժողովուրդն ասում էր, որ գյուղն արթնացել է, սկսել է ապրել, ասացին, որ մեր երիտասարդներն էլ չեն գնում Ռուսաստան, անգամ հետ են վերադառնում, որ կառավարության տարբեր ծրագրերով՝ գյուղատնտեսական, սուբվենցիոն, սկսել են իրենց աշխատանքները եւ շատ գոհ են։ Ասացին, որ 16 մլն-ի ծրագրով, որ սահմանամերձ գյուղերում տներ են կառուցվում, բազմաթիվ մարդիկ են ավելացել գյուղում, եկել են ապրելու, մի խոսքով` գյուղն արթնացել է։
– Սահմանազատումից հետո՞։
– Այո, գյուղն արթնացել է, եւ գյուղում ապրելու շունչ է արթնացել։
– Փաստորեն, իրենց տարածքները կորցրել են, բայց մեծ փողեր եք դուք ներդրել այդ տարածքներում, որ դժգոհ չլինեն։
– Այո, բայց իշխանությունը բոլոր սֆերաներում է գումարներ ներդնում, նամանավանդ՝ սահմանամերձ գյուղերում՝ դրանք բնակեցնելու, ենթակառուցվածքներ սարքելու, մշակութային կենտրոններ կառուցելու, զարգացնելու նպատակով, որ գյուղերը չդատարկվեն։
– Բա ադրբեջանցիների ներկայությո՞ւնը` մի քանի մետրի վրա։
– Եթե անկեղծ, ես ադրբեջանցիներ չեմ տեսել, չկար ոչ մի ադրբեջանցի, իրենք էլ ընդհանրապես այդ թեմայով չեն խոսել, ժողովրդի համար այդ թեման ոնց որ անցած թեմա լինի, իրենք ոչ մի լարվածություն, անհանգստություն չեն տեսնում, բնականոն կյանքով ապրում են։
– Լավ, հանրությունն անհանգիստ է, որ Ադրբեջանով Հայաստան հասնող ցորենը կարող են թունավորել, եւ պարզվեց, որ ղազախական ցորենը 4-րդ կարգի է, այսինքն՝ անասնակեր, նաեւ՝ վարակված, իսկ իշխանությունը սա ներկայացնում է որպես դարի ձեռքբերում, թե ապաշրջափակել ենք ճանապարհները, ի՞նչ է բերվում` որակը կարեւոր չէ՞։
– Ես, անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում, որ 4-րդ կարգի ցորեն է, անասնակեր, առավել եւս՝ թունաքիմիկատներով վարակված, ես չեմ կարծում, որ մենք այնքան անխելք ենք, որ նման ցորեն կարող ենք բերել Հայաստան: Երբ որ մեր իշխանությունը եւ մեր վարչապետը բազմիցս են ասել, որ պետք է արտադրենք որակյալ սնունդ, որպեսզի դրանք ցանկալի լինեն նաեւ եվրոպական շուկաների համար։
– Հիմա փաստ է, որ չորրորդ կարգի ցորեն է։ Էկոնոմիկայի փոխնախարարը հաստատեց, անգամ զարմացավ, թե ինչու ենք զարմանում, չէ՞ որ այդ ցորենը կովը կարող է ուտել ու կաթ տալ․․․
– Անասնակերի հետ կապված՝ միանշանակ չեմ հավատում, եւ գիտե՞ք` սեւ հացն այսօր ամենաթանկ, ամենաօգտակար հացն է, բայց այն պատրաստվում է գարու վատ սորտից։ Ես չգիտեմ, թե չորրորդ կարգի ցորենն իր օգտակարությամբ ինչ բաղադրիչներ ունի, կարող է ավելի լավն է, քան առաջին կարգի ցորենը, գուցե խոհանոցում խմորեղեն թխելուց առաջին կարգի ցորենի ալյուրն է լավը, բայց, օրինակ, հաց թխելու տեսակետից ավելի ցածր կարգի ալյուրներն են օգտակար։
– Ձեր փոխնախարարը խոստովանեց, որ անասնակեր են ներմուծել: Փաստորեն, անասնակեր բերելու առիթով այդքան մեծ աղմուկ էիք բարձրացրել։
– Ես մի բան ասեմ` նույն կովերը, ոչխարները ցորենի հանդերում երբ արոտ են անում, նույն ցորենը կարող են իրենք էլ ուտել՝ կլինի առաջին կարգ, երկրորդ, թե չորրորդ, դա կապ չունի։ Եթե դուք դիտարկում եք էդ ձեւի անասնակեր, ոչ թե կոմբիկեր, դա նորմալ է:
– Այո, անասունը կարող է լավ ցորեն ուտել, բայց մարդն անասնակեր չի կարող ուտել…
– Նոր օրինակ բերեցի, որ սեւ հացը գարու ամենացածր որակի ալյուրից է, բայց համարվում է ամենաառողջարարը, այնպես որ․․․ ես տեղյակ չեմ, բայց ես մտածեցի անասնակեր, ուրեմն կոմբիկեր է ներմուծվել։ Իսկ մենք չենք կարող այդպես դիտարկել, որովհետեւ, կրկնում եմ՝ անասունները կարող են մեր կերած վարունգն էլ ուտել, մեր կերած ամեն ինչը հավը, խոզը ամեն օր ուտում են, մենք միս ենք ուտում, գիշատիչներն էլ են ուտում, շներն էլ, հիմա ի՞նչ անենք, ասենք` մենք անասնակե՞ր ենք ուտում։






Բաց մի թողեք
Ինչ-որ բան են հանրությունից թաքցնում
ՔԿ-ում հոգեւորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել
Վաղարշապատի ղեկավարի ընտրությունը՝ ընտրակաշառքների ֆոնին. ամեն ինչ նույնն է