«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին։
Հաղորդման մեջ մասնավորապես ասվում է․
2025 թվականի հուլիսի 15-ին Կառավարության լիազոր մարմնի կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած հաղորդման հիման վրա նույն հանձնաժողովի նախագահը 2025 թվականի հուլիսի 18-ին կայացրել է №1-Ա վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին որոշում, որի համաձայն՝ (…) հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 36-րդ հոդվածի 9-րդ մասը, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52.1-ին հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, 4-րդ, 5-րդ և 8-րդ մասերը և հիմք ընդունելով որոշումը ժամանակավոր կառավարչի հետ համաձայնեցված լինելու հանգամանքը, որոշել է՝
1. Կառավարության լիազոր մարմնի կողմից 2025 թվականի հուլիսի 15-ին ներկայացված հաղորդման հիմքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել վարչական վարույթ, ինչպես «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի, այնպես էլ Հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանին (…) նշանակել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր կառավարիչ մինչև սույն որոշմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտի ուժի մեջ մտնելը։
(…)»։
Գտնում ենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակված անձը՝ Ռոմանոս Պետրոսյանը, վերազանցելով իր լիազորությունները և խախտելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.05.2016թ. 125-Ա որոշման պահանջները, կատարել է արարք, որն ակնհայտորեն դուրս է իր լիազորությունների շրջանակից։ Մասնավորապես, Ռ․Պետրոսյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն է նշանակել ոմն Արմեն Շահնազարյանի՝ նման պաշտոնում վերջինի նշանակումը կատարելու փաստական հիմքերի բացակայության պայմաններում, նաև նշանակման ընթացակարգի բացահայտ անտեսմամբ։
Այսպես, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.05.2016թ. 125-Ա որոշման (այսուհետ՝ նաև Որոշում) 1-ին կետով համաձայնություն է տրվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ղեկավար աշխատողներին (տնօրինություն) ներկայացվող չափորոշիչներին՝ համաձայն հավելվածի, իսկ նույն որոշման 2-րդ կետով սահմանվել է, որ նույն որոշման 1-ին կետով նախատեսված չափորոշիչներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ղեկավար աշխատողների թեկնածուների համապատասխանության ստուգման դիմումը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում և գրավոր դիրքորոշում է ներկայացնում տասնհինգօրյա ժամկետում։
Նույն որոշման հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական և /կամ/ տնտեսագիտական գծով աշխատանքները համակարգող բարձր ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պետք է ունենա ֆինանսական և /կամ/ տնտեսագիտական ոլորտի բարձրագույն կրթություն և առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որից 5 տարին՝ ղեկավար պաշտոններում։
Խախտելով քննարկվող պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող վերոնշյալ պահանջները, շրջանցելով նաև պատշաճ ընթացակարգը՝ Ռոմանոս Պետրոսյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն է նշանակել Արմեն Շահնազարյանին՝ դա իրականացնելով առանց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով թեկնածուի համապատասխանության ստուգման վերաբերյալ դիմում ներկայացնելու և Հանձնաժողովի համաձայնությունը ստանալու, ինչը Հանձնաժողովի վերոնշյալ Որոշմամբ սահմանված ընթացակարգի բացահայտ խախտում է։
Ավելին, առանց Հանձնաժողովի համաձայնությունը ստանալու՝ տվյալ պաշտոնում նշանակված Արմեն Շահնազարյանը, ով ըստ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կայքում [1] և Վիկիպեդիայում [2] առկա նրա կենսագրական (ուսման և աշխատանքային գործունեության) տվյալների՝ միջազգայնագետ-պատմաբան է և չունի ֆինանսական և /կամ/ տնտեսագիտական ոլորտի բարձրագույն կրթություն, բնականաբար, չի կարող ունենալ նաև պահանջվող ոլորտների մասնագիտական աշխատանքային փորձ, չէր բավարարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված, տվյալ պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող պահանջներին։
Գտնում ենք, որ վերը նկարագրված դեպքում պաշտոնատար անձ հանդիսացող Ռոմանոս Պետրոսյանի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մասին վկայող բավարար փաստական տվյալներ, ինչը սույն հաղորդումը պատշաճ դիտարկելու և դրա հիման վրա (Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական տալու արդյունքներով) քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմք է:
Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը ստացվել է ֆիզիկական կամ իրավաբանական անձից: (…)
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Առերևույթ հանցանքի մաuին ֆիզիկական անձի անմիջական հաղորդումն ընդունում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ համապատասխան իրավասություն ունեցող պետական այլ մարմնի իրավասու ծառայողը` քննիչին փոխանցելու նպատակով, կամ անմիջականորեն քննիչը:»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված աղբյուրից առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում ստանալու յուրաքանչյուր դեպքում քննիչն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում կազմում է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն…»:
Վերը նկարագրված դեպքում պետական մարմնի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը «ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի համատեքստում» հանդիսանում է պաշտոնատար անձ, քանզի նշանակվել և զբաղեցնում է հանրային պաշտոն, օժտված է պետական մարմնի (Հանձնաժողովի) կողմից ստեղծված ժամանակավոր կառավարչի պաշտոնում հանդես գալու լիազորությամբ, ինչպես նաև պատասխանատվություն առաջացնող, այն է՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրության, բնականաբար՝ նաև իրավախախտումների բացահայտման և պատկան մարմիններ ուղարկելու գործառույթներով։
ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար։
Տվյալ հոդվածի համաձայն․
Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝
պատժվում է (․․․):
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`
(․․․),
2) պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս,
(․․․),
5) անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:
(․․․)։
Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ գույքային վնասի դեպքում էական է համարվում խոշոր չափերի գույքային վնասը»:
Քննարկվող դեպքում, պետական մարմնի կողմից «ՀԷՑ» ՓԲ ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռ․Պետրոսյանը, թեև ժամանակավորապես ստանձնած, բայցև պաշտոնական դիրքը և ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելով, կատարել է այդ լիազորություններից չբխող հանցավոր արարք, որով առնվազն էական վնաս է պատճառել «ՀԷՑ» ՓԲ ընկերության իրավունքներին և օրինական շահերին, այն է՝ տվյալ ընկերության առանցքային պաշտոններից մեկի՝ Էկոնոմիկայի և Ֆինանսների տնօրենի թափուր պաշտոնում է նշանակել միջազգայանագետ/պատմաբանի, ով, չունենալով պահանջվող մասնագիտական նվազագույն գիտելիքներ, տվյալ պաշտոնը զբաղեցնում է արդեն 4 ամիս և ընկերությունը տանում է ֆինանսական կործանման ուղղությամբ:
Նշենք նաև, որ քննարկվող պաշտոնը նախկինում զբաղեցրած և ժամանակավոր կառավարիչ Ռ․Պետրոսյանի կողմից աշխատանքից ազատված անձը իր աշխատանքային պարտականությունները կատարելու դիմաց յուրաքանչյուր ամիս ստանում էր մոտ 2,5 միլիոն ՀՀ դրամի չափով աշխատավարձ, որը, հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17- կետի կարգավորումը, բավարար է Ռ․Պետրոսյանի արարքի հետևանքով «ՀԷՑ» ՓԲԸ պատճառված գույքային վնասն նվազագույն շեմով փաստելու և էական դիտարկելու համար։
Ավելին, կարծում ենք, որ ընկերությանը պատճառված վնասի չափը ունի աճման միտում, ինչը կպարզվի նախաձեռնվող մինչդատական վարույթի պայմաններում, քանի որ մասնագիտական հմտություններից և գործնական փորձից զուրկ Արմեն Շահնազարյանին առանցքային այդ պաշտոնում նշանակելը ընկերության համար ունենալու է էլ ավելի ծանր հետևանքներ։
Ավելին, Ռ․Պետրոսյանի հանցավոր արարքը վարկաբեկում է նաև պետությանը, ի դեմս նրան այդ պաշտոնին նշանակած պետական մարմնի, քանզի իբր իրավախախտումներ հայտնաբերելուն և մեղավորների պատասխանատվության հարցը բարձրացնելուն ուղղված գործընթացի ղեկավարումն հանձնարարվել է մի անձի, ով կոպտորեն և բացահայտորեն ոտնահարում և անտեսում է նույնիսկ նրան այդ պաշտոնում նշանակած Հանձնաժողովի ընդունած ակտերը, դրանցով սահմանված ընթացակարգերը և պահանջները՝ մնալ անպատիժ։
Կարծում ենք, որ քրեական օրենքով նախատեսված արարք կատարելու մեջ կասկածվող Ռ․Պետրոսյանի պաշտոնավարումը՝ որպես «ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարչի, պետք է նաև կասեցվի՝ բնականաբար նախաձեռնվող սույն վարույթի շրջանակներում նրան մեղադրյալի կարգավիճակ տալու պահից, ուստի՝ դիմում ենք նաև այդ խնդրանքով։ Գուցե այդ պայմաններում հնարավոր լինի կանխել «ՀԷՑ»-ում իրականացվող, այլ տեղերից հովանավորվող ապօրինությունները և դրանց հետևանքով կանխատեսվող նյութական կորուստները։
Գտնում ենք, որ քննարկվող դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ պաշտոնեական անփութության հանցակազմի հատկանիշներ են առկա է նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի և հանձնաժողովի մյուս անդամների արարքում՝ այնքանով որքանով, վերջիններս, քաջատեղյակ լինելով տվյալ պաշտոնը համալրելու վերաբերյալ օրենսդրական, նույնիսկ Հանձնաժողովի սահմանած ենթաօրենսդրական ակտի՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.05.2016թ. 125-Ա որոշման պահանջներին, տվյալ ղեկավար պաշտոնին թեկնածու Արմեն Շահնազարյանի համապատասխանության դիմումն առհասարակ չեն ստուգել կամ պատշաճ կարգով չեն ստուգել, և իրենց ծառայողական այդ պարտականության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով այդ պաշտոնին Ա․Շահնազարյանին անհամապատասխանության փաստը չեն բացահայտել և դրա վերաբերյալ դիրքորոշում չեն ներկայացրել, նաև որի պատճառով ժամանակավոր կառավարիչ Ռ․Պետրոսյանը տվյալ պաշտոնում ոչ իրավաչափորեն նշանակել է Ա․Շահնազարյանին։
Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի և մյուս անդամների վերը նկարագրված արարքի հետևանքով «ՀԷՑ» ՓԲ ընկերության իրավունքներին և օրինական շահերին գուցե անզգուշությամբ, այնուամենայնիվ, պատճառվել է էական վնաս է, որը տվյալ դեպքում դրսևորվել է գույքային վնասի տեսքով և որի հիմնավորում-ները վերը ներկայացրել ենք։
Ավելին, Հանրային ծառայություններն իբր կարգավորվելու նպատակով ձևավորված տվյալ պետական մարմնի պաշտոնյանների ոչ իրավաչափ արարքի հետևանքով հեղինակազրկվել է նաև պետությունը, ուստի՝ էական վնաս է պատճառվել պետության օրինական օրգանական շահերին։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի պահանջները,
խնդրում ենք
1․ նախաձեռնել քրեական վարույթ և իրավական գնահատական տալ սույն հաղորդմամբ ներկայացված Ռոմանոս Պետրոսյանի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի և անդամների արարքներին:
2․ Վարույթ նախաձեռնելու արձանագրություն կազմելուց և Ռ․Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում կայացնելուց հետո՝ քննարկել ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարչին պաշտոնավարումը կասեցնելու հարցը։






Բաց մի թողեք
Գինու փառատոնի օրը միջադեպ է տեղի ունեցել, որը շարունակվել է Աբովյանում․ նոր մանրամասներ ողբերգական դանակահարությունից․ Լուսանկար
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 4 անչափահասներ ծեծի են ենթարկել 20-ամյա երիտասարդի
Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին ու տարան քննչական, նույնը` Վազգենին․ Լուսանկար