Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիին: Այդ հանդիպման հավանականության մասին թուրքական մամուլը հայտնել է դեռևս անցյալ շաբաթ:
Ադրբեջանից տունդարձի ընթացքում Էրդողանը նախագահական թիմի լրագրողներին ասել է, որ Բահչելիի հետ հանդիպումը կկայանա, բայց ժամկետներ և, մանավանդ, արարողակարգ չի նշել:
Էրդողան-Բահչելի տարաձայնությունների և նրանց «Ազգային ալյանս» խորհրդարանական դաշինքի փլուզման մեծ հավանականության շուրջ Թուրքիայում տեսակետներ հնչել են այն բանից հետո, երբ Կիպրոսի հյուսիսի թուրքական վարչախմբի ղեկավարի «ընտրությունից» հետո Բահչելին կոչ է արել Ազգային մեծ ժողովի արտահերթ նիստ հրավիրել և այդ տարածքը բռնակցել Թուրքիային՝ որպես ութսուներկուերորդ նահանգ, բայց Էրդողանը գերադասել է հեռախոսազրույց ունենալ «ՀԿԹՀ նախագահի» հետ և նրան Անկարա հրավիրել:
Ուշագրավ է, որ Թուրքիայի նախագահը կոալիցիոն գործընկերոջը ոչ թե նախագահական պալատ է հրավիրել, այլ նրան այցելել է վերջինիս տանը: Այդ հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի իշխանություններին և զինվորականությանը շոկի մատնած իրադարձության՝ վրաց-ադրբեջանական սահմանին «Հերկուլես» ռազմատրանսպորտային օդանավի խորտակման հաջորդ օրը, ինչը վկայում է, որ Էրդողանը ներքին միասնականությունը պահպանելու կամ գոնե դրա վերաբերյալ հանրությանը դրական ազդակներ հղելու նպատակ է հետապնդել, և ազգայնական կուսակցության առաջնորդը «ծառայություն մատուցելու» հարցում չի զլացել:
Թուրքական մամուլի հրապարակումներում ակնհայտորեն դիտարկվում է իշխանությունների խիստ մտահոգվածությունը: Օդային աղետը քսան զինվորականի կյանք է խլել: Ընդ որում, Էրդողանը նրանց դասել է «հանուն հայրենիքի նահատակվածների» շարքին: Տպավորություն է, որ պաշտոնական Անկարան այդ իրողությունը գնահատում է որպես Թուրքիայի «հզորության դեմ ոտնձգություն և թուրք զինվորականության անարգանք»:
Թուրքական օդանավի կործանումն, ամենայն հավանականությամբ, Անկարայում խորքային քննարկումների խթան է հանդիսանալու: «Ազգային ալյանսի» հետագա ճակատագիրն այդ դեպքում սկզբունքային նշանակություն է ստանում: Թուրքիան ի՞նչ ընտրություն է կատարելու:
Որքան էլ «բացառվի» դիվերսիայի հավանականությունը, փաստ է, որ օդանավը մոտ երկուսուկես ժամ գնտվել է Գյանջայի օդանավակայանում և աղետի է ենթարկվել թռիչքից ընդամենը քսաներկու րոպե անց: Բաքվի մամուլը զարգացնում է այն վարկածը, որ աղետի պատճառն օդանավի մետաղական կոնստրուկցիաների մաշվածությունն է:
Տարածաշրջանի երկրների հետ սպառազինությունների և բանակի տեխնոլոգիական մակարդակի հարցերում սուր մրցակցության մեջ մտած Թուրքիայի համար այդ գնահատականը չի կարող ընդունելի լինել:
Թուրքիայի որոշումից, Ադրբեջանի և Վրաստանի հետ նրա հարաբերությունների նոր որակից եւ մակարդակից է կախված լինելու, երևի, հայ-թուրքական կարգավորման հարցը: Աղետը «փրկել է» Թուրքիայի «Ազգային ալյանսը», բայց պարզ չէ, թե Էրդողան-Բահչելի դաշինքի պահպանումն ի՞նչ գերակայությամբ կպահպանվի, և դա չի՞ փոխի Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը:






Բաց մի թողեք
Թուրքիան օդային աղետի հետաքննությունը Վրաստանին չի վստահելու
Թուրք ամերիկյան ջերմացումներ ընդդեմ Ռուսաստանի՝ Թուրքիան կհետևի՞ ԱՄՆ հորդորին
Ինչու է հրաժարվել Հայաստան այցելել Թրամփ կրտսերը․ Լուսանկար