Ամիսներ առաջ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ասել է.
«Պրոցեսը լիարժեք հասկանալու համար անհրաժեշտ է արձանագրել, որ 2007թ. նոյեմբերի 29-ի ԵԱՀԿ նախարարական կոմիտեի նիստում պաշտոնապես ներկայացված Մադրիդյան սկզբունքներում նման բան չկա գրված: Չկա գրված, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, այլ ասված է, որ միջանկյալ ժամանակահատվածում ԼՂ-ն սեփական կյանքի կազմակերպման համար կօգտվի որոշակի իրավունքներից, և չկա ասված, որ Ադրբեջանին պետք է վերադարձվի միայն 5 շրջան:
Ասվում է, որ վերադարձվում են բոլոր 7 շրջանները: Վերապահում է արված միայն Քելբաջարի համար, որ պիտի վերադարձվի 5 տարի անց, բայց այդ ընթացքում չպիտի լինի հայկական կողմի լիարժեք վերահսկողության ներքո, և պետք է խրախուսվի այնտեղ բնակվող հայերի դուրսբերումը:
Այսինքն՝ վերը նշված երկու կետը, որ արտահայտվում են կազանյան գործընթացում, ոչ թե հիմնարար սկզբունքներ են, այլ բանակցային կոմպրոմիսային առաջարկներ, որոնք արտահայտվել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների 2009 և 2010 թվականների Լաքվիլայի և Մուսկոկայի հայտարարություններում, հանրահայտ երեք սկզբունքների և վեց տարրերի տեսքով:
Եվ հաճելիորեն կազանյան գործընթացը գնում է առաջ, կողմերը կառուցողական բանակցում են, և տպավորություն կա, որ Ադրբեջանը համաձայն է: Իսկ ի՞նչ կարող է սա նշանակել: Մի պարզ բան. եթե կողմերը նման փաստաթուղթ են ստորագրում, Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ, որն ապագա հանրաքվեի տեղի չունենալու պարագայում, ըստ էության, դառնում է տևական կարգավիճակ, գումարած՝ Քելբաջարն ու Լաչինը մնում են հայկական կողմին: Սա, իսկապես, բավականին լավ է:
Կողմերը համանախագահների և Ռուսաստանի ամենաակտիվ մասնակցությամբ համաձայնեցնում են փաստաթուղթը, և գալիս է ստորագրման պահը, որը նշանակվում է 2011 թվականի հունիսի 24-ին Կազանում: Ու տեղի է ունենում առաջին հայացքից զարմանալի, բայց վերը շարադրվածի համատեքստում խիստ տրամաբանական մի բան. Ադրբեջանի նախագահը հրաժարվում է ստորագրել կազանյան փաստաթուղթը՝ ներկայացնելով լրացուցիչ 10 առաջարկություն:
Հանդիպման արդյունքներով՝ ընդունվում է ոչինչ չասող մի փաստաթուղթ, և գործընթացը, փաստորեն, հայտնվում է փակուղում: Թվում է, թե այս մերժումից հետո Ադրբեջանը պետք է հայտնվի չափազանց ծանր դրության մեջ՝ որպես բանակցությունների ոչ կառուցողական պահվածքի կրող: Իրականության մեջ, սակայն, տեղի է ունենում ուղիղ հակառակը: Ադրբեջանը Կազանի առանցքային միջնորդի՝ Ռուսաստանի հետ կնքում է շուրջ, տարբեր գնահատականներով, 3 կամ 4 միլիարդ ամերիկյան դոլարի ռազմատեխնիկական պայմանագիր: Զուգահեռ սկսում է լարել իրադրությունը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում՝ ճնշում գործադրելով հայկական կողմի վրա:
Ըստ այդմ, 2012 թվականի ընթացքում արձանագրվում է հրադադարի խախտման 5972 դեպք, տեղի է ունենում չորս դիվերսիոն հարձակում՝ Տավուշի մարզի Բերդ և Չինարի գյուղերի, Ճամբարակի և Հորադիզի հատվածում: 2013 թվականին արձանագրվում է հրադադարի ռեժիմի խախտման 12 հազար 986 դեպք, աճը նախորդ տարվա նկատմամբ՝ 117 տոկոս: Դիվերսիոն հարձակումների թիվը մնում է նույնը: 2014 թվականին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը դառնում են 37 հազար 535, ինչը 2012 թվականի համեմատ ավելի է 528 տոկոսով: Դիվերսիոն հարձակումների թիվն արդեն վեց է: Այդ տարի է խոցվում հայկական ռազմական ուղղաթիռը՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծի մոտակայքում: 2015 թվականին արդեն դիվերսիոն հարձակումների թիվը 14 է, որոնք տեղի են ունենում թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին:
Հրադադարի ռեժիմի խախտումներն այնքան են հաճախանում, որ 2015 թվականի երկրորդ կեսին, ըստ էության, վեր են աճում մինի պատերազմների:
Չնայած սրան, միջազգային հանրությունն արգելք չի դնում Ադրբեջանի զենքի ձեռքբերումների վրա, Ադրբեջանը պատժամիջոցների չի ենթարկվում, չի դատապարտվում: Տեղի է ունենում ուղիղ հակառակը. 2015 թվականի աշնանը, իսկ ավելի պաշտոնապես՝ 2016 թվականի հունվարին, համանախագահները՝ ի դեմս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ներկայացնում են կարգավորման նորացված առաջարկ, որտեղ «Լեռնային Ղարաբաղն ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահատությունը տեղ չի գտնում: Միջնորդների անունից նաև Հայաստանին ասվում է, որ լավ կլինի հրաժարվել Լեռնային Ղարաբաղին այդպիսի միջանկյալ կարգավիճակ հաղորդելու ակնկալիքից:
Այսինքն՝ առնվազն 5 շրջանները պետք է Ադրբեջանին վերադարձվի առանց Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի, մինչդեռ այդպիսի կարգավիճակն արձանագրվում էր 2011 թվականի կազանյան փաստաթղթում:
Հայկական կողմը, ըստ էության, մերժում է այս խիստ անընդունելի առաջարկը, և դրանից ընդամենը երկուսուկես ամիս անց՝ սկսվում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը, որն ավարտվում է հայկական կողմի համար 700 կամ 800 հեկտար տարածքի կորստով և բանավոր ձեռքբերված հրադադարով:
Ուշադրություն դարձրեք, 2016 թվականի 4-օրյա պատերազմը դադարեցնելու մասին փաստաթուղթ գոյություն չունի: Սա նշանակում է, որ 2016 թվականի ապրիլի 4 օրից հետո այդ պատերազմը չէր ավարտվել:
Կարևոր է արձանագրել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հասցեական չեն դատապարտում Ադրբեջանին՝ 4-օրյա պատերազմի համար, և 2016 թվականի հուլիսին կողմերին են ներկայացնում կարգավորման նորացված փաթեթ, որն, ըստ էության, կրկնում է հունվարի առաջարկի բովանդակությունը»:
«Ի՞նչ է ուրեմն անում Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահի պաշտոնակատարի, ապա նախագահի պաշտոնում հայտնվելուց հետո. Լեռնային Ղարաբաղին զրկում է բանակցությունների մասնակցի կարգավիճակից, այսինքն՝ Քոչարյանի Հայաստանի նախագահ դառնալուց հետո Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները բանակցություններին չէին մասնակցում, մինչդեռ դրանից առաջ մասնակցում էին լիարժեք:
Որ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանի նախագահ դառնալու պահին Լեռնային Ղարաբաղը բանակցությունների լիարժեք կողմ էր, ապացուցվում է նաև այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, այսպես կոչված, «Ընդհանուր պետություն» փաթեթը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 1998թ. նոյեմբերին ներկայացրել են ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Լեռնային Ղարաբաղին:
Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ էր արդեն 5 ամիս: Բայց սա վերջին փաթեթն էր, որ համանախագահողների կողմից ներկայացվեց նաև Լեռնային Ղարաբաղին: Դրանից հետո այլևս Լեռնային Ղարաբաղին փաթեթ չի ներկայացվել: Լեռնային Ղարաբաղը փաստացի նույնիսկ նորմալ տեղեկացված չի եղել, թե ինչի շուրջ են ընթանում բանակցությունները:
Իսկ որ Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացից հեռացնելը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ, վկայել են՝
- ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահող Բեռնար Ֆասիեն, որը 2009 թ. հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտ կատարած այցելության ժամանակ հայտարարել է, որ բանակցային գործընթացին «Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը ժամանակին դադարեցվել է հայկական կողմի որոշմամբ»:
- Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը 2019 թվականի նոյեմբերի 11-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է. «Ավելի վաղ փուլում, երբ դադարեցրել էին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը»:
- Լևոն Տեր-Պետրոսյանը, 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարելով. «Ռոբերտ Քոչարյանն Արկադի Ղուկասյանի լուռ համաձայնությամբ կամ լիակատար համաձայնությամբ Ղարաբաղը դուրս դրեց բանակցությունների գործընթացից և սկսեց պաշտոնապես խոսել Ղարաբաղի անունից: Սրանից ավելի մեծ նվեր միջազգային հանրությանը և հատկապես Ադրբեջանին Ռոբերտ Քոչարյանը չէր կարող անել: Հայ դիվանագիտության ամենամեծ նվաճումը Ռոբերտ Քոչարյանը և Արկադի Ղուկասյանը ոչնչացրին»:
4. Ինքը Ռոբերտ Քոչարյանն է վկայել այդ մասին, 2004 թվականի ապրիլի 3-ին «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է Ղարաբաղի՝ բանակցային սեղանից դուրս մնալուն, ասելով հետևյալը. «Տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանը պատրաստ է կարգավորման ցանկացած ձևի, բայց խնդիրը Ղարաբաղն է, ավելի ճիշտ` Ղարաբաղի ղեկավարությունը: Հարց էր առաջանում. միթե՞ Հայաստանն ի վիճակի չէ իրենից Ղարաբաղի ակնհայտ կախվածության պայմաններում ճնշում գործադրել և ստիպել համաձայնել այս կամ այն դիրքորոշման հետ: Ես առաջարկել եմ փոխել այդ տեսակետը և փորձել Հայաստանի ռեսուրսն օգտագործել՝ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ սեփական դիրքորոշումը և մոտեցումները մշակելու համար: Այսինքն՝ ոչ թե «մենք համաձայն ենք կարգավորման ցանկացած ձևի, որին կհամաձայնի Ղարաբաղը», այլ մենք ունենք սեփական դիրքորոշում և պատրաստ ենք այն պնդել: Իմ ընտրվելուց հետո ես այդպես էլ արեցի»:
Իր այս դիրքորոշմամբ, ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի հիմնարար օրենսդրության կոպտագույն խախտում է արել, այն պարզ պատճառով, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով Ղարաբաղի ժողովուրդը «Այո» է պատասխանել հետևյալ հարցին. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»: Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղին զրկեց որևէ ինքնուրույնությունից: Եվ այդպիսով խախտեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը:
Ավելին՝ նա Լեռնային Ղարաբաղին զրկեց միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից, այն կարգավիճակից, որ նրան հնարավորություն էր տալիս միևնույն սեղանի շուրջ նստել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ադրբեջանի, Հայաստանի ներկայացուցիչների հետ՝ որպես հակամարտության ու բանակցային գործընթացի կողմ»:
Սա, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի միջազգային սուբյեկտայնության վերջն էր: Այն, թերևս, միակ միջազգային ձեռքբերումը, որ ունեցել էինք Ղարաբաղի հարցում՝ մսխվեց»:
«Ավելացնեմ նաև, որ մինչև պատերազմը մեր ուշադրության կենտրոնում է եղել նաև բանակի արդիականացման թեման, ոչ այն պատճառով, որ ի սկզբանե պատերազմը համարել եմ անխուսափելի, այլև այն պատճառով, որ բանակի մարտունակության բարձրացումը կարող էր էականորեն բարելավել Հայաստանի բանակցային դիրքերը: 2018-2020 թվականներին կայացվել են բանակի մարտունակության բարձրացման համար էական որոշումներ, էականորեն բարձրացվել է զինվորականների աշխատավարձը, սպառազինության և ռազմական տեխնիկայի խոշոր գնումներ են իրականացվել:
Միայն մի վիճակագրություն վկայակոչեմ. 2018 թվականից մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմի մեկնարկը, այսինքն՝ 2 տարի 4 ամսում, Հայաստանի կառավարությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ծախսել է շուրջ 608 միլիարդ դրամ: Համեմատության համար ասեմ, որ 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի մայիսը, այսինքն՝ նախորդող 10 տարի 4 ամսում, Հայաստանի նախորդ կառավարությունները ծախսել են այդ նպատակի համար 354 միլիարդ դրամ: Այսինքն, մենք երկու տարում իրականացրել ենք 10 տարվա ձեռքբերումների գրեթե կրկնակի ձեռքբերումները:
Եվ էլի ուզում եմ հստակ արձանագրել, որ բացառված է, որևէ մեկը չի կարող ասել, թե 2018 թվականից հետո՝ իմ վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո, բանակում որևէ բան չի արվել այն պատճառով, որ Կառավարությունն ասել է՝ փող չկա: Այդպիսի բան ուղղակի լինել չի կարող: Եվ տեսեք, էլի եմ ասում, ես համոզված եմ, հարցուպատասխանի ռեժիմում կանդրադառնանք այդ հարցին, օրինակ՝ ՍՈւ-30-ի ձեռքբերումը. դա ամենամեծ ապացույցն է նրա, որ ես ասել եմ, հարգելի գործընկերներ, ի՞նչ պետք է բանակին, մենք դա կապահովենք, և ձեր խնդիրը չէ, թե ոնց մենք դա կապահովենք, մենք դա կապահովենք»:






Բաց մի թողեք
Շահին Մուստաֆաևի հետ պարբերաբար աշխատանքային շփումներ կան․ Գրիգորյան
Փոխվարչապետի պաշտոնի մասին որևէ խոսակցություն չի եղել, Կարապետյանը խոսել է Սերժ Սարգսյանի անունից. #Ուղիղ
Հեչ չնեղվես, հրապարակելու եմ, նաև քո գրած մի նամակ եմ մեջը դնելու․ Փաշինյանն արձագանքել է Սերժ Սարգսյանին