19/11/2025

ԱՄՆ-ն գաղտնի մշակում է Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու նոր ծրագիր

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պաշտոնյաները Axios-ին հայտնել են, որ Թրամփի վարչակազմը գաղտնի խորհրդակցություններ է վարել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ծրագիր մշակելու համար։

Ինչու է դա կարևոր. 28 կետից բաղկացած ԱՄՆ ծրագիրը ոգեշնչված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գազայի հարցում համաձայնության հասնելու հաջող ջանքերից։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյան Axios-ին ասել է, որ լավատեսորեն է տրամադրված ծրագրի նկատմամբ։ Դեռևս պարզ չէ, թե ինչպես կվերաբերվեն Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները։

Աղբյուրները Axios-ին հայտնել են, որ ծրագրի 28 կետերը բաժանվում են չորս ընդհանուր խմբերի՝ խաղաղություն Ուկրաինայում, անվտանգության երաշխիքներ, անվտանգություն Եվրոպայում, ԱՄՆ-ի ապագա հարաբերություններ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։

Հստակ չէ, թե ինչպես է ծրագիրը մոտենում վիճելի հարցերին, ինչպիսիք են «տարածքային վերահսկողությունն Արևելյան Ուկրաինայում, որտեղ ռուսական ուժերը դանդաղորեն առաջ են շարժվում, բայց դեռևս վերահսկում են շատ ավելի քիչ տարածք, քան պահանջել է Կրեմլը»։

Կուլիսներում․ Թրամփի հատուկ հանձնարարություններով բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը ղեկավարում է ծրագրի մշակումը և այն մանրամասն քննարկել է Ռուսաստանի բանագնաց Կիրիլ Դմիտրիեւի հետ, ասել է ԱՄՆ-ի մի պաշտոնյա։

Դմիտրիեւը, որը ղեկավարում է Ռուսաստանի ինքնիշխան հարստության հիմնադրամը և նաև խորապես ներգրավված է Ուկրաինայի շուրջ դիվանագիտական ​​գործընթացներում, երկուշաբթի օրը Axios-ին տված հարցազրույցում ասել է, որ երեք օր անցկացրել է Վիտկոֆի և Թրամփի թիմի այլ անդամների հետ, երբ հոկտեմբերի 24-26-ը այցելել է Մայամի։ Դմիտրիեւը լավատեսություն է հայտնել գործարքի հաջողության հնարավորությունների վերաբերյալ, քանի որ, ի տարբերություն նախկին ջանքերի, «մենք զգում ենք, որ Ռուսաստանի դիրքորոշումը իսկապես լսվում է»։

Մյուս կողմը. Վիտկոֆֆը չորեքշաբթի օրը Թուրքիայում պետք է հանդիպեր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, բայց հետաձգել է իր այցը, հայտնել են ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաները։

Վիտկոֆֆը ծրագիրը քննարկել է Զելենսկիի ազգային անվտանգության խորհրդական Ռուստեմ Ումերովի հետ այս շաբաթվա սկզբին Մայամիում հանդիպման ժամանակ, հաստատել է Axios-ին ուկրաինացի պաշտոնյան։

«Մենք գիտենք, որ ամերիկացիները ինչ-որ բանի վրա են աշխատում», – ասել է ուկրաինացի պաշտոնյան։ «Նախագահը հստակեցրել է, որ ժամանակն է դադարեցնել սպանությունները և համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու համար։ Նախագահ Թրամփը կարծում է, որ կա հնարավորություն դադարեցնելու այս անիմաստ պատերազմը, եթե ճկունություն ցուցաբերվի», – Axios-ին ասել է Սպիտակ տան պաշտոնյան։