Երբեմն պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատվում են նաեւ ցմահ ազատազրկման դատապարտվածները: Բայց պարզվում է` շատ անգամ այնքան չեն գնահատում թանկ գնով ձեռք բերված այդ ազատությունը, որ կրկին հայտնվում են կալանավայրում:
Հրապարակ թերթը գրել է․ Ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Մանուկյանը պայմանական վաղաժամկետ ազատվելուց հետո կրկին մեղադրվում է հանցանք կատարելու մեջ, կալանավորվել է թմրամիջոց ներկրելու համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ երեք քաղաքացի, այդ թվում՝ Ա․ Մանուկյանը, հանցակցելով այլ երկրում ապրող անձանց հետ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» եւ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որից հետո ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների կողմից։ «Երեք քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի), կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով, կամ դրանք ապօրինի իրացնելը) եւ 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների, կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը)»,- հայտնում են Քննչական կոմիտեից: Երեք անձի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Հիշեցնենք, որ Աշոտ Մանուկյանը 1996 թվականին դատապարտվել էր ցմահ ազատազրկման` 3 զինվորի սպանության համար, նա նույնպես զինծառայող է եղել։ 24 տարի պատիժը կրելուց հետո՝ 2020 թվականին, Վերաքննիչ քրեական դատարանը (դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ) աննախադեպ որոշում է կայացրել՝ հենց դատարանի դահլիճից, կիրառելով վաղաժամկետ ազատ արձակման դրույթը, ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին ազատել պատժի հետագա կրումից:
Մեզ հետ է կապվել Աշոտ Մանուկյանի փաստաբանը՝ Հովհաննես Համբարձումյանը, ներկայացնելով թմրամիջոցի հետ կապված պատմությունը․ «Ինքը բացարձակ կապ չունի իրեն մեղսագրվող հանցանքի հետ։ Իբր Պարսկաստանից թմրամիջոց են ներկրել՝ իրացման նպատակով։ Որեւէ ապացույց չկա, ասեմ, որ հանցանք կատարած անձն ընդունել է իր մեղավորությունը։ Հանցանք կատարած անձն ասել է՝ ինքն է կատարել, Աշոտ Մանուկյանը եւ մյուս անձը կապ չունեն։
Աշոտը բեռնատարներ ունի, դրանց սեփականատերն է, տարբեր ապրանքներ է բերում Պարսկաստանից, հերթական անգամ աղ պետք է բերեր, գնացել է բերելու, մի բեռնատարն իր աշխատողն է վարել, մյուս բեռնատարի ղեկին ինքն է եղել, եւ մյուս անձը՝ իրական հանցանք կատարողը, այն մի վարորդը ետ գալիս հասել է Հայաստան, սպասել է, որ Աշոտն էլ գա, դե, մի քանի ժամ տեւել է, քանի որ հերթեր, մաքսակետ եւ այլն, մյուս անձը՝ հանցանք կատարողը, այդ ընթացքում ոտքով անցել է սահմանը, մյուս վարորդի հետ միասին սպասել է, որ Աշոտը գա, Աշոտը հասել է իրենց, ու շարժվել են։
Ընթացքում մեքենան է խափանվել, գործողություններ են կատարել եւ շարժվել են, ու իրենց ձերբակալել են Արտաշատի մայրուղուց։ Այնպես չէ, որ մաքսային մարմիններն են այդ թմրամիջոցը հայտնաբերել, մարդիկ եկել, հասել են համարյա Երեւան։ Հատկանշական է այն հանգամանքը, որ իրական հանցագործի գրպանից էլ է նույն այդ թմրամիջոցից հայտնաբերվել, ու մի մասն էլ ինքը պահած է եղել մեքենայում, որի մասին Աշոտն ու մյուս վարորդը տեղյակ չեն եղել»։
Փաստաբանն ասաց՝ հաստատված հանգամանք էլ չկա, որ թմրամիջոցն Իրանից է ձեռք բերվել, այն մեղադրյալը, որը պահել է դրանք, ասել է՝ գտել է։ Եվ հիմա 24 տարի բանտում անցկացրած մարդուն կրկին ազատազրկում է սպասվում, ըստ փաստաբանի՝ անարդար:







Բաց մի թողեք
Հաղարծին վանական համալիրի հարևանությամբ կառուցված է շինություն, որը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն․ Լուսանկարներ
Անգամ Ռոմանոսն է հուդայաբար ժպտում, երբ սուրբ – սուրբ են խաղում․ Լուսանկար
ՀԷՑ-ում կատարվողը բերելու է գների բարձրացման