19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնն այսօր կմեկնարկի Երևանում․ Լուսանկարներ

Նոյեմբերի 19-ից 30-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Երևանյան միջազգային թատերական փառատոնը։

Այս տարի փառատոնը ներկայանում է ոչ միայն դիտարժան ներկայացումներով, այլ նաև բացառիկ համագործակցային ծրագրերով։

Փառատոնի մեկնարկը կտրվի նոյեմբերի 19-ին «Սիրո նամակ Հայաստանին» պատմասացությամբ և ցուցահանդեսով, որը լուսանկարների, խոսքի և երաժշտության միջոցով կներկայացնի Ուինսլոու Մարտինի քսանամյա ճամփորդական ուղին Հայաստանում։ Փառատոնին «Քեռի Վանյա» և «Լիր արքա» ներկայացումներով հանդես կգա Լիթ մուն թատերական ընկերությունն ԱՄՆ-ից։ Ծրագրում ընդգրկված է նաև յուրահատուկ ընտանեկան ներկայացում-աշխատարան՝ նախատեսված ութ տարեկանից բարձր բոլոր արվեստասերների համար։

Այս տարի փառատոնն ունի նաև հատուկ շեշտադրություն՝ նպատակ ունենալով երևանյան հանդիսատեսին հաղորդակից դարձնել Հայաստանից դուրս արարող հայկական թատրոններին՝ մասնավորապես Պետրոս Ադամյանի անվան Թիֆլիսի պետական հայկական դրամատիկական թատրոնին և Ստամբուլի Յանկարծ անկախ թատերախմբին։

Փառատոնը ներկայացնում է նաև ուրույն համագործակցային ծրագիր Հայաստանում Եվրոպական միության և Գյոթե ինստիտուտի հետ միասին։ Հայաստանաբնակ պարողները հնարավորություն կունենան աշխատել Sasha Waltz & Guests խմբի անդամ Դավիդե Դի Պրետորոյի հետ և երեքշաբաթյա փորձերից հետո պարային ներկայացմամբ հանդես գալ Սունդուկյանի անվան ազգային թատրոնում։

ԵՄԹՓ-ի շրջանակներում հանդես կգան նաև հայաստանյան թատրոններ՝ Սոս Սարգսյան անվան Համազգային թատրոնը, Երևանի Մնջախաղի պետական թատրոնը, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։

ԵՄԹՓ-ը փառատոնը հիմնադրվել է 2023 թվականին։ Փառատոնի նպատակն է հայ հանդիսատեսին ներկայացնել աշխարհի լավագույն թատերախմբերի բեմադրությունները, հայ թատրոններին միջազգայնացման նոր ուղի հաղորդել, ինչպես նաև հնարավորություն ընձեռել մշակույթի մասնագետներին զարգացնել մասնագիտական ցանցը։

Փառատոնի հիմնադիր-նախագահն է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։

Նախորդ տարիներին փառատոնին հյուրընկալվել են Ալեքսանդրինյան թատրոնը, Օդեոն թատրոնը, Սիմոն Աբգարյանի թատրոնը, այլ հանրահայտ թատրոններ: Այս տարի ևս սպասվում են այդպիսիք:

Սունդուկյան թատրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված է փառատոնային ամբողջ խաղացանկը, ինչը հնարավորություն է ընձեռում թատերասերներին ընտրելու իրենց ճաշակին հարիր ներկայացումն ու դիտելու այն առաջիկա օրերին:

Այս տարվա փառատոնին կներկայանա ինը թատերախումբ: Գերակշռում են ամերիկյան թատերախմբերը: Փառատոնի հյուրերի թվում են Թուրքիայի «Հանկարծ» հայկական թատրոնը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնը:

Հայաստանում Եվրոպական Միության և Գյոթե ինստիտուի հովանավորությամբ՝ երիտասարդ հայ պարողների մասնակցությամբ կներկայացվի Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող Sasha Waltz & Guests խմբի նորարարական In C պարային ներկայացումը՝ ներշնչված Թերի Ռայլիի լեգենդար երաժշտությամբ: Հատուկ այդ նպատակով Հայաստան է ժամանել Sasha Waltz & Guests խմբի անդամ Դավիդե Դի Պրետորոն, որն այս պահին հայ պարողների հետ իրականացնում է ներկայացման փորձերը, և նա նույնպես պարելու է ներկայացման մեջ:

Փառատոնին կմասնակցի ամերիկայն ԼԻԹ ՄՈՒՆ թատրոնը՝ «Արքա Լիր» և «Քեռի Վանյա» ներկայացումներով: Ի դեպ, այս ներկայացումներում ամերիկացի դերասանների հետ գլխավոր դերերով հանդես կգա նաև Վարդան Մկրտչյանը:

Ութ տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների համար (նկատենք, որ հրաշալի հնարավորություն է ընձեռված երիտասարդ ընտանիքներին) շատ հետաքրքիր ներկայացում-աշխատարան է ցուցադրելու Յուլյա Դուխովնին: «Փոքրիկ Ծառ-Հսկան» ներկայացումից հետո հանդիսատեսները կմասնակցեն վերպետաց դասի, կստեղծեն և որպես հուշ՝ իրենց հետ կտանեն թղթե եռաչափ կոլաժներ:

Փառատոնը հյուրընկալելու է ամերիկացի ինքնատիպ արվեստագետ Ոինսլոուին, որը Հայաստանի անկախության առաջին տարիներից սկսած այցելել է մեր երկիր, արել լուսանկարներ, գրել իր ընկալումը Հայաստանի մասին: Այսինքն, մենք՝ ապրողներս այդ միջավայրում, ունենք հնարավորություն տեսնելու մեր ապրածն ու զգացածը դրսեցու հայեցակետով, կողքից դիտողի մատուցմամբ: Ուինսլոուի ներկայացումը կոչվում է  «Սիրո նամակ Հայաստանին»: Հենց այս ներկայացումով էլ կտրվի փառատոնի մեկնարկը:

Փառատոնին մասնակցում են նաև մեր հանրապետության թատրոները: Սունդուկյան թատրոնը հանդես կգա «Կարլ Մարքս. խոստովանություններ», Համազգային թատրոնը՝ «Փափլիկը», Մնջախաղի թատրոնը՝ «Մացառուտներ» ներկայացումներով:

Փառատոնային ներկայացումների տոմսերի գինը կտատանվի 2000-6000 ՀՀ դրամի սահմաններում, կլինեն նաև սահմանափակ քանակությամբ ուսանողական տոմսեր՝ խորհրդանշական ցածր գներով:

Ամեն երեկո ներկայացումներից հետո Պաննո արվեստի տանը կկազմակերպվեն  երեկույթներ, որոնց մուտքը կլինի ազատ: