«Հրապարակի» զրուցակիցը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն է:
– Եկեք զրույցը սկսենք նրանից, թե ինչու են Հայաստանում արեւմտամետ դիրքորոշում ունեցող ուժերն իրար ետեւից ձախողումներ արձանագրում: Գուցե իսկապես՝ այլեւս մեր հասարակությունն Արեւմուտքի հետ հույսեր չի կապում: Գուցե կրկին ռուսամետությունն է մեզանում գլուխ բարձրացնում: Վերջին երկու ՏԻՄ ընտրությունների ժամանակ Արեւմուտք ձգտող ուժերը չկարողացան անգամ անցողիկը հաղթահարել:
– Նախընտրական կամպանիայի ոչ ճիշտ կազմակերպման հետեւանք էր: Մենք ճիշտ չէինք կազմակերպել: Գյուղական համայնքային հեղինակությունները շատ մեծ դեր կատարեցին, իսկ արեւմտամետ ուժերի մասին եթե խոսում ենք, ապա պետք է նշենք, որ հաղթող թեկնածուն Վաղարշապատում` Արգիշտի Մեխակյանը նույնպես արեւմտամետ ուժ էր:
– Իրո՞ք` նա երբեւէ խոսե՞լ է այդ մասին:
– Նա ավելի շատ աշխատում էր համայնքային խնդիրների շուրջ: Կամպանիան տանում էր տեղական ինքնակառավարման խնդիրների ուղղությամբ, իսկ, այ, օրինակ, Հարություն Մկրտչյանը ներկայացնում էր համապետական ծրագրեր, այդ պատճառով էլ, հավանաբար, շատ ձայներ չստացավ, իսկ ընդդիմության հաջողությունը պայմանավորված էր մեծ ռեսուրսներով: Նախկին իշխանություն, քրեաօլիգարխիկ ռեսուրսներ եւ այլն, ուստի կարողացան այդքան ձայն հավաքել: Ինձ համար շատ ցավալի էր, որ Հարություն Մկրտչյանը չհաղթահարեց անցողիկ շեմը: Նրա ներկայությունն ահագին աշխուժություն կմտցներ ավագանի: Իմ կարծիքով` ի վերջո հաղթել են արեւմտամետ ուժերը, Արգիշտին արեւմտամետ էր:
– Շփվե՞լ եք անձամբ նրա հետ, թե՞ որպես ՔՊ-ական եք նրան արեւմտամետ համարում:
– Նա պաշտպանում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ծրագիրը, ինձ համար շատ կարեւոր` «Եվրաքվեն»՝ նույնպես: Մինչեւ «Եվրաքվեն» ես ոչ մի հետաքրքիր բան չեմ տեսել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում: Սովորական, շարքային կուսակցություն էր, սակայն «Եվրաքվեի» ծրագրից հետո փոխվեց իմ տեսակետը: Նախքան այդ ես ՔՊ կուսակցությունում ոչ մի հետաքրքիր բան չէի նկատել: Եթե «Եվրաքվեն» հանում ես, այդ կուսակցությունը թուլանում է: Առանձնապես բան չի մնում տակը, սովորական հայաստանյան քաղաքական կազմակերպություն է:
– Նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում նշեցիք, որ «Քաղաքացիական պայմանագիրը», մասնավորապես` Նիկոլ Փաշինյանը, ճիշտ ուղու վրա է: Հետաքրքիր է` ո՞ր ասպեկտով է ճիշտ ուղու վրա, ի՞նչ նկատի ունեք:
– Հենց այն, որ եվրաքվե է ձեւավորում, իր հետ բերում է իրավական բարեփոխումներ, տնտեսական բարեփոխումներ, հասարակական կյանքի նկատմամբ վերաբերմունք, եւ, առհասարակ, Եվրոպայի արժեքային համակարգը տեղափոխվում է Հայաստան:
– Բայց Փաշինյանն ընդամենը մի քանի ամիս առաջ Շանհայ էր գնում, նրանից ի՞նչ եվրոպամետ:
– Դա ինձ համար անընդունելի էր: Օրենք են ընդունել, պետք է կատարեն: Պարտադիր է: Օգոստոսի 8-ի փաստաթղթով` Թրամփի ուղիով արեւմտականությունն ուժեղացվում է ՀՀ-ում: Ավելի ճիշտ` ինչ-որ իմաստով Հայաստանին նույնիսկ պարտադրում են ավելի լուրջ ու հետեւողականորեն գնալ դեպի ԵՄ:
– Բոլորովին վերջերս Եվրախորհրդարանի պատգամավորներ էին եկել Հայաստան եւ նշում էին, որ Հայաստանում ժողովրդավարությունը շատ վատ վիճակում է, անթույլատրելի է մարդկանց խոսքի համար կալանավորելն ու ազատազրկելը: Ի՞նչ կասեք Դուք այս մասին:
– Ինձ համար եւս անընդունելի է: Խոսքի համար չի կարելի որեւէ մեկին ենթարկել ճնշումների եւ դեռ մի բան էլ ազատությունից զրկել, բայց եթե խոսքի թիկունքում կա կազմակերպված սցենար, գործողություն, ինչպես նաեւ՝ նյութական պլանավորված գործ, ապա, այո, պետք է կալանավորել, բայց եթե նման քայլեր չեն արվել, անխոս, չի կարելի մարդկանց կալանավորել, դատապարտել: Խոսքի ազատությունը համաշխարհային արժեք է, որը պետք է հարգել: Կա մեկ նրբություն. ատելության քարոզն այլ բան է, նացիզմը եւ այլն:
– Ի՞նչ եք կարծում` որեւէ մեկը Նիկոլ Փաշինյանից ավելի շա՞տ է Հայաստանում ատելություն քարոզում:
– Օրինակ` ժողովրդավարության դեմ կա ատելության քարոզ: Ժողովրդավարությունը թիրախավորված է. «Մենք, մեր ձեւով»: Ես, օրինակ, չեմ հասկանում, թե դա ինչ է նշանակում: Օրինակ, եթե Դուք ասեք՝ «մենք, մեր ձեւով», ես կհասկանամ, որ խոսքը մամուլի, խոսքի ազատության մասին է, բայց երբ դա ասում է նարկոմանը, ես հասկանում եմ, որ նա կարող է կայֆ բերել: Երբ նույն բանն ասի երաժիշտը, ես կհասկանամ, որ նոտաներ է բերելու: Այսպիսի հարցեր կան:
– Օրինակ, երբ գործարարն ասում է, որ եկեղեցուն, եկեղեցականներին իր ձեւով կպաշտպանի իշխանական բացահայտ հալածանքներից, դա հանցա՞նք է:
– Հոգեւորականների մասին ենք խոսում, որոնք խոսում են ռազմական հեղաշրջման մասին:
– Ասելը քիչ է, չկա գործողություն:
– Հոգեւորականը կոչ էր անում զինված ուժերին՝ զավթել իշխանությունը:
– 2016 թվականին էլ «Սասնա ծռերը» գրոհեցին ՊՊԾ գունդը, անմեղ մարդկանց սպանեցին ու պատանդ վերցրին, սակայն Փաշինյանը նրանց աջակցում էր, արդարացնում էր:
– Ես` ինքս, երբեք չեմ սատարել, չեմ պաշտպանել նրանց: Մենք այդ ժամանակ իրար հետ չէինք: Ես Փաշինյանի բոլոր ծրագրերին չէ, որ աջակցում եմ: Աջակցում եմ բացառապես եվրածրագրին: Այն նշանակում է անվտանգություն եւ զարգացում:






Բաց մի թողեք
Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքից նախատեսվում է կառուցել նոր ավտոճանապարհ ․․․
Երբ կհաստատվի իրական խաղաղությունը