«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիայի դադարեցման որոշումից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտարարություն տարածեցին, թե, անկախ ՀԾԿՀ որոշումից, «Տաշիր գրուպ» ընկերությունը պետք է շարունակի կատարել իր բոլոր ֆինանսական եւ մյուս պարտավորությունները․ «Հաշվի առնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետագա գործունեության կայունությանն առնչվող՝ հանրության շրջանում առկա մտահոգությունները, հայտնում ենք, որ, համաձայն օրենսդրության, ընկերությունն էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործողության դադարեցումից հետո եւս պարտավոր է կատարել օրենսդրությամբ նախատեսված իր բոլոր, այդ թվում՝ ֆինանսական պարտավորությունները»։
Հրապարակ թերթը գրել է․ ՀԾԿՀ հաղորդագրության մեջ հղում է արվում այն օրենսդրությանը՝ օրենքների փաթեթին, որն իշխող մեծամասնությունը հրատապության ռեժիմով ամռանն ընդունեց խորհրդարանում: Այդ փաթեթի ընդունումը հաջորդեց Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորմանը, եւ անունը դրվեց «ՀԷՑ-ն ազգայնացնելու գործընթաց»։
ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանն ասում է, որ ՀԷՑ-ում, ըստ էության, ՔՊ ընդունած օրենքների հիման վրա պահպանվելու է ստատուս քվոն, եւ հիշեցնում է նաեւ, որ օրենսդրական այդ փաթեթի սահմանադրականությունը խորհրդարանական ընդդիմությունը վիճարկել է Սահմանադրական դատարանում: Նկատենք, որ ՔՊ-ին ենթակա բարձր դատարանն արհեստականորեն ձգձգում է այդ հայցի քննությունը։ Միջազգային արբիտրաժային դատարանի որոշումը, ըստ էության, եւս դրան էր միտված` առաջարկում էին չեղարկել օրենքով նախատեսված ժամանակավոր կառավարչի ինստիտուտը, քանի դեռ վարույթի ամբողջական քննությունը չի ավարտվել։ Սակայն այս իշխանությունը որոշեց, որ կարող է չկատարել միջազգային արբիտրաժի որոշումը:
Բայց այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ դեռեւս հայտնի չէ, թե ընկերությունը որքան ժամանակ է շարունակելու իրականացնել բոլոր պարտավորությունները, այդ թվում` ժամանակավոր կառավարչին սեփական միջոցներից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ տալը։ Լիցենզիայից զրկելուց հետո կառավարությունն ու Կարապետյանները բանակցությունների համար, օրենքով, երեք ամիս ժամանակ ունեն: Այս ընթացքում կողմերը կարող են պայմանավորվել ընկերության վաճառքի շուրջ կամ համաձայնության չգալ։ Ղազինյանը շարունակում է պնդել, որ կառավարությունը չունի ռեսուրսներ՝ ՀԷՑ-ը գնելու. «Մի առիթով ասել եմ եւ կրկնում եմ՝ բյուջեն չունի նման հնարավորություններ, որ կարողանան գնել, եթե, իհարկե, նոր վարկեր չվերցնեն»: Իսկ եթե համաձայնության չգան, գործադիրը կարող է գնալ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով, որն էլ առանց համապատասխան փոխհատուցման չի կարող իրականացվել: Այդ փոխհատուցումը կարող է մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնել: Անկախ աուդիտորական եզրակացությամբ, անցած տարեվերջին ՀԷՑ-ի սեփական կապիտալը մոտ 360 միլիոն դոլար է գնահատվել, չհաշված մի քանի հարյուր միլիոնի հասնող պարտավորությունները: Ղազինյանը հիշեցնում է նաեւ, որ «Հանրային գերակա շահի մասին» ՀՀ օրենքով իրենք կարող են անկախ աուդիտորական կազմակերպության գնահատած արժեքի եւս 15 տոկոսի պահանջ ներկայացնել։ Այդուհանդերձ, իշխանական պաշտոնյաները պնդում են, որ ՀԷՑ-ի ֆինանսական հնարավոր բեռի վերաբերյալ հաշվարկներ դեռ չունեն, ավելին՝ առաջ են քաշում թեզը, որ լիցենզիայից զրկվելուց հետո ՀԷՑ-ի արժեքն էականորեն նվազելու է, գնահատելու են հաշվեկշռային արժեքով, այսինքն՝ միայն շենք-շինությունների, այլ գույքի արժեքով:
Սեփականատիրոջ ներկայացուցիչ Ղազինյանը ծիծաղելի է համարում այդ պնդումները․ «Ճիշտն ասած, երեկ լսեցի կառավարչից նման պնդում, հիմա ի՞նչ է ստացվում, եթե դա պետք է գնի փոփոխություն բերի․․․ այսինքն, միտումնավոր լիցենզիայից զրկել են, որ արժեքը նվազեցնե՞ն, ուրեմն սա էլ իր հերթին լրիվ ուրիշ հանցակազմ է պարունակում։ Գիտեք՝ գուցե իրենց թվում է, որ այս վեճերը երկարաժամկետ են, բայց, ի վերջո, դրանք ավարտվելու են, եւ լինելու են որոշումներ, ու վստահ եմ՝ մեր օգտին»։ Սակայն ցավն այն է, որ ի վնաս Հայաստանի որոշումներից անձամբ իրենք չեն տուժելու, այլ՝ պետական բյուջեն:
Նաեւ հանրային շահ ճանաչելու գործընթացի համար հստակ ժամկետներ չեն սահմանվում, եւ վտանգ կա, որ իշխանությունն անվերջ կարող է ձգել այս վիճակը։ Ղազինյանն ասում է․ «Երեկ հայտարարում էին՝ ինչքան ուզենք»։





Բաց մի թողեք
Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքից նախատեսվում է կառուցել նոր ավտոճանապարհ ․․․
Երբ կհաստատվի իրական խաղաղությունը