24/11/2025

Մեկ էլ տեսար՝ խաղաղությունն իրո՛ք իջել, Վեր է ածել շեն աշխարհը մի շիրմատան

Դեռեւս օգոստոսի 10-ին, վաշինգտոնյան հայտնի հռչակագրի ստորագրումից 2 օր անց փաստաբան Հարություն Բաղդասարյանը հրապարակային հարցում էր ուղարկել Արտաքին գործերի նախարարություն, փորձելով ստանալ այդ փաստաթղթի հիմքերի վերաբերյալ տեղեկատվություն. 

Հրապարակ թերթը գրել է․ ա) իրավասու մարմնի կողմից ներկայացված առաջարկությունը և դրա կնքման նպատակահարմարության հիմնավորումները,

բ) ՀՀ արտաքին գործերի նախարարության եզրակացությունը՝ միջազգային պայմանագրի կնքման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին։

ԱԳՆ-ից փաստաբանը ստացել է այն պատասխանը, որը եւ ակնկալում էր՝ որ հայ-ադրբեջանական նախաստորագրված համաձայնագիրը միջազգային իրավական փաստաթուղթ չի հանդիսանում: «Այդ պատասխանը ես ստացել էի օգոստոսի սկզբին: Ես դա գիտեի, որովհետեւ դա ընդամենը «բարի լույս- բարի հաջողում» է:

Այն ոչ միայն միջազգային իրավական փաստաթուղթ չէ, այլեւ չի համապատասխանում Նիկոլի կառավարության 21 թվականին ընդունված որոշմանը, ըստ որի ցանկացած փաստաթուղթ պետք է գրանցվի Արդարադատության նախարարությունում, ֆինանսների նախարարությունը պետք է հաշվի, թե սա պետության վրա բե՞ռ է դնում, ֆինանսական առումով, թե՞ ոչ:

Ինձ համար կարևոր էր նաեւ, որ Մեղրիի քաղաքապետի ու Սյունիքի մարզպետի դիրքորոշումներն այս հարցում, որոնք չկան: Այսինքն՝ եթե իրենք իմ տարածքի վերաբերյալ մի փաստաթուղթ են ընդունում, ապա պետք է իմ համաձայնությունը, իմ դիրքորոշումը ունենան, որը չկա:

Ինձ մի անգամ Արդարադատության նախարարությունը պատասխանել է, թե պահպանվել են օրենքի դրույթները, բայց ես հարցը կոնկրետ եմ տվել, թե էսինչ, էսինչ բաները արվե՞լ են, թե՞ չէ, եւ իրենք չեն պատասխանում: Եթե խախտվել են միջազգային իրավունքի մասին ՀՀ օրենքի դրույթները, ապա ենթադրում եմ, որ ինքնիրավչություն է կատարվել», – ասում է Հարություն Բաղդասարյանը:

Նա դիմել է Արդարադատության նախարարություն, սակայն այնտեղից պատասխանել են, որ օրենքի խախտում չի արձանագրվել: «Առանց համապատասխան  համաձայնությունների՝ մարզպետի, համայնքապետի, էս մարդիկ թուղթ են ստորագրել: Եթե Համաձայնությունը ստանալուց մեկը մեկին պետք է փաստաթղթեր ուղարկեին, ասենք՝ Արդարադատությունը պետք է ուղարկի ֆիննախ, նա ԱԳՆ, այդ ամբողջը հետո պետք է համակարգվեր, որից հետո միայն նմանատիպ փաստաթուղթ ստորագրվեր: Այդ ամենը չի արվել, թեեւ ինձ պատասխանել են, որ արվել է», – ասում է փաստաբանը:

Մեր հարցին, թե՝ ինքը դիմե՞լ է դատախազություն, պահանջելով, որ լուծվի վարույթ հարուցել-չհարուցելու հարցը, նա պատասխանում է. «Ոչ, այստեղ դատախազության հարց չկա»: Այլ առիթներով նա մի քանի տասնյակ դիմումներ է ուղարկել իրավապահ մարմիններին: Նիկոլ Փաշինյանի գրեթե ամեն հրապարակային ելույթը նման դիմումների, հանցագործության մասին հաղորդումների տեղիք է տալիս: «Բայց ինձ մշտապես պատասխանում են՝ հանցակազմ չկա»։ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում է, որ այլեւս խաղաղություն է հաստատվել, սրա հիմքը ե՞ւս այդ նախաստորագրված եւ իրավական ակտ չհանդիսացող փաստաթուղթն է, թե՞ նա այլ իրողություններ նկատի ունի, օրինակ, որ սահմանին չեն կրակում:

Մեր հարցին Հարություն Բաղդասարյանը պատասխանեց «Անլռելի զանգակատան» տողերով. «Սա իմ ու ձեր թերությունն էլ է, որ մեր ներկայությամբ մեր դեմքին կանգնած՝ սուտ են խոսում, դրա պատասխանը տվել է Սեւակը. «Խաղաղությո՜ւն… Եթե այսպես գնար քիչ է՛լ, Մեկ էլ տեսար՝ խաղաղությունն իրո՛ք իջել, Վեր է ածել շեն աշխարհը մի շիրմատան, Ուր չեն ճարվի ապրող մարդիկ, Որ բյուրավոր հանգչողներին երանի տան»… Խաղաղության հասկացությունը դրվում է  այն իրավական հիմքերի վրա, որտեղ կողմերը պարտավորություն են վերցնում, եթե իհարկե, կարելի է այդպես համարել:

Օրինակ, 39 թվականին Սովետական միությունն ու Գերմանիան ստորագրեցին Խաղաղության պայմանագիր, բայց դա չխանգարեց պատերազմելու իրար դեմ: Խաղաղության հարցը պետք է միայն թղթով չպայմանավորվի: Բայց նույնիսկ թղթով խաղաղության համաձայնությունը պետք է հենված լինի փոխադարձ պարտավորությունների վրա, իսկ ես այսքան ժամանակ չեն տեսել Ադրբեջանի կողմից գոնե մեկ պարտավորություն խաղաղության հետ կապված»:

Խաղաղության համաձայնագիր չի՝ ինքնիրավչություն է